Մեկնարկել է «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը

սեպտեմբեր 19, 2017 - 07:40        Viewed: 258       

Երևանում մեկնարկել է «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը, որին մասնակցում են 1500 մարդ 70 երկրներից, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևորականներ:

Այս տարի համաժողովն ընթանում է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրի ներքո: Անցկացվելու են թեմատիկ նիստեր Հայաստանի համար օրախնդիր հետևյալ հարցերի շուրջ. տնտեսության զարգացում, պաշտպանական քաղաքականության առանձնահատկություններ, տարածաշրջանային մարտահրավերներ և ազգային անվտանգություն, արտաքին քաղաքականություն, Հայոց ցեղասպանության հետևանքների վերացում, հայապահպանության հիմնախնդիրներ:

Այս տարվա համաժողովն առանձնանում է նրանով, որ քննարկվելու է համահայկական խորհուրդ ստեղծելու գաղափարը:

Մեկնարկած համաժողովին Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն այսօր ուժ և կամք ունի վերջապես մշակելու Հայաստան-սփյուռք հարաբերությունների ռազմավարական զարգացման հայեցակարգը: Նախագահն ասել է նաև, որ հաջորդ համաժողովը լինելու է «4 միլիոնանոց Հայաստան» ծրագրի իրականացման սկիզբը. «Մենք հասունացել ենք հայրենադարձության կազմակերպման հարցի շուրջ լրջորեն քննարկում ծավալելու համար»:

Սերժ Սարգսյանն շեշտել է. Հայաստանի պետական քաղաքականության առանցքում մտապես եղել է սփյուռքի բոլոր շերտերի հետ կապ պահպանելը, սփյուռքում հայապահպանությանն աջակցելը, արտակարգ իրավիճակներում հայտնված հայրենակիցներին, հատկապես սիրիահայությանը հնարավորինս աջակցության տրամադրելը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը ևս ելույթ է ունեցել համաժողովի բացման արարողության ժամանակ և նշել, որ ազգային համախմբման հարցում Հայաստանում և սփյուռքում միակարծիք են՝ դա պետք է հատվածական հետաքրքրություններից և նպատակահարմարությունից զերծ լինի:

«Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի կամ անարդարության պատճառով: Զինվորն ու ծառան ենք հայրենիքի, սա պետք է լինի նշանաբանը: Հայրենիքը պետք է սիրենք այն պարզ պատճառով, որ մերն է: Հայրենիքով է զորեղ յուրաքանչյուրը», -ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդը:

Օրացույց