Խորհրդարակականների մեկ երրորդ մասը բիզնեսով է զբաղվում

սեպտեմբեր 20, 2017 - 08:36        Viewed: 185       

Վրաստանի խորհրդարանի անդամները բիզնես-ակտիվներ ունեն, որոնք նշված չեն հայտարարագրերում, և բիզնեսով են զբաղվում, ինչն արգելված է օրենսդրությամբ: Այսպիսի եզրակացության է եկել «Միջազգային թափանցիկություն. Վրաստան» ոչ կառավարական կազմակերպությունը, որն ուսումնասիրել է խորհրդարանի անդամների գործունեությունն ու համապատասխան հաշվետվություն հրապարակել:

Դրանում ասվում է, որ 150 պատգամավորներից 51-ը կապված է բիզնեսի հետ և մասնաբաժին ունի արտադրություններում:

16 պատգամավորի մոտ չհայտարարագրված բիզնես-ակտիվներ են հայտնաբերվել: Նրանցից 14-ը իշխող «Վրացական երազանքի» անդամ են, երկուսն՝ ընդդիմադիր «Հայրենասերների դաշինքի»:

Ավելին, հայտնաբերվել են ընկերություններ, որոնք կապված են որոշ պատգամավորների շահերի հետ և մասնակցում են տենդերներին:

Ոչ լիարժեք տարվա ընթացքում սեփականաշնորհման գործընթացներին մասնակցել է երեք ընկերություն, որոնք կապված են խորհրդարանի պատգամավորների հետ: Նրանք բոլորն էլ իշխող կուսակցության անդամներ են:

Օրինակ, «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածու Կախաբեր Օկրիաշվիլին, հաղթած տենդերի պայմանների համաձայն, 16 մլն 585 հազար լարիի պայմանագիր է ձևակերպել:

Բացի այդ, խորհրդարանականներն ակտիվորեն մասնակցում են նրանց կարգավիճակի հետ անհամատեղ գործունեության՝ ձեռնարկություններ են ղեկավարում, տարբեր բիզնես-ընկերությունների դիտորդական խորհուրդների անդամներ են և այլն:

Օրինակ, տասը պատգամավոր որպես տնօրեն գրանցված է տարբեր ձեռնարկություններում, նրանցից 7-ը «Վրացական երազանքից են», երկուսն՝ ընդդիմադիր «Հայրենասերների դաշինքից» և «Եվրոպական Վրաստանից»:

Բիզնեսում ակտիվ են նաև մի շարք պատգամավորների ընտանիքի անդամներ: Այդպիսի 25 դեպք է հայտնաբերվել, նրանցից 7-ը հայտարարագրված չէ: Բոլոր դեպքերը վերաբերում են «Վրացական երազանքի» անդամներին:

պատգամավոր հայտարարագրում չի նշել ունեցվածքի մի մասը:

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ խորհրդարանի պատգամավորներին արգելվում է զբաղվել գործունեության նշված տեսակներով:

Օրենքի համաձայն՝ եկամուտների մասին հայտարարագիրը սխալ լրացրած պաշտոնյան տուգանվում է 1000 լարիով: Եթե պաշտոնական անձը սխալ է լրացնում հայտարարագիրը կամ սխալ տվյալներ է նշում, նրա գործը պետք է փոխանցվի իրավապահ մարմինների քննությանը: Քրեական օրենսգրքի համաձայն՝ հայտարարագրում ոչ ճիշտ կամ սխալ տվյալներ լրացնելը պատժվում է կամ տուգանքով, կամ 120-200 ժամ հասարակական աշխատանքներով, պաշտոնից կամ տվյալ գործունեության իրավունքից մինչև 3 տարով զրկելով: Դրա հետ մեկտեղ բիզնեսով զբաղվող պատգամավորի գործը պետք է դիտարկի խորհրդարանը նրա պատգամավորական իրավասությունների վաղաժամ դադարեցման նպատակով: Վրաստանի խորհրդարանի շարքային անդամի աշխատավարձը կազմում է 3 790 լարի:

Օրացույց