Շնորհավո´ր Անկախության տոնդ, Հայաստա´ն

սեպտեմբեր 21, 2017 - 00:03        Viewed: 188       

Ահա արդեն 26 տարի է, ինչ ամեն օր, բայց հատկապես սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը ազգային հպարտություն զգալու հիմնավոր պատճառ ունի: Հպարտություն զգալ, որ մենք ունենք Անկախ Պետություն: Մեր Պետությունը և Մեր Անկախությունը:

21-ը սեպտեմբերի. Մայրաքաղաք Երևանում, հայկական հեռավոր և մոտակա համայնքներում, գաղութներում ահա արդեն 26 տարի է, ինչ սեպտեմբերի 21-ը նշվում է որպես ազգային տոն` Հայաստանի Հանրապետության Անկախության Օր: Օր, երբ 1991թ. համընդհանուր հանրաքվեի արդյունքների համաձայն` այն ժամանակ դեռևս Խորհրդային Հայաստանի բնակչության 99% «կողմ» քվեարկեց հանուն Անկախության:

1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը բարձրաձայնեց աշխարհին իր պետականության վերականգնման մեկնարկի մասին: Հայտարարեց 1918-20թթ. Առաջին Հանրապետության իրավահաջորդը հանդիսացող Նոր Հայաստանի վերածննդի մասին:

Ավստրալիայից մինչ Կանադայի հյուսիսային սահմանները, Արգենտինայից մինչ Եվրոպա, Վրաստանից մինչ Մերձավոր Արևելք, յուրաքանչյուր հայի սրտում վառվեց Ազատության ջահը` երկար սպասված Անկախության լույսը:

Այդ ճակատագրական օրը ամբողջ աշխարհի հայերը բարձրաձայնեցին հարևաններին և աշխարհին, որ մեր ժողովուրդը կանգնել է Ազատ և Անկախ Հայաստանի կերտման ուղու վրա: Սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը կանգնել է մի ճանապարհի վրա, որը պետք է մեր Հայրենիքին ուղղորդի դեպի Միացում:

Դեպի Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստան տանող ուղին դժվարին է և վտանգներով լի:

Մեր ժողովրդի այս կարևորագույն ճանապարհի հետագա հաղթանակները կախված են միմիայն մեր ունակություններից, չնայած բարդություններին և հուսահատություննին` գնալ դեպի նպատակ: Գնալ միասին, ուս-ուսի:

Համատեղ ջանքերի և հավաքական աշխատանքի ուժով մենք պարտավոր ենք ստեղծել բարենպաստ պայմաններ մեր երազանքներին կյանքի կոչելու համար: Մեր նախնիների և մեր երեխաների երազանքի` Հայրենիքի Միավորման երազանքի համար: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի, հասցնենք մեր երազանքը տրամաբանական ավարտին: Մեր Հայրենիքն Ազատ, Անկախ և Միացյալ դարձնելու համար մեր ժողովուրդը պատրաստ է ցանկացած զոհաբերության, այդ թվում նաև գերագույն:

Մեր նախնիների շատ սերունդներ են երազել Երկրի Անկախության մասին: Երազում էին այն ժամանակ, երբ փաստացիորեն հույս չկար: Երազում էին այն պահերին, երբ տուն էին մտնում թուրքերը, թալանում էին, սպանում, ոտնակոխ անում, սովամահության մատնում:

Երկրի Անկախության մասին երազանքը ապրել է, արմատներ գցել… Եվ ահա այսօր, մեր Երկրի Անկախության վերականգնումից 26 տարի հետո, ժամանակն է մի պահ մտածել` շատ հաճախ չե՞նք արդյոք մենք կենցաղային հարցերն առաջնային դարձնում և հեռանում գերագույն երազանքից…

Շնորհավո´ր Անկախության տոնդ, Հայաստա´ն: Եվ տա Աստված, որ գա այն օրը, երբ մենք միմյանց կշնորհավորենք Հայոց Աշխարհի` Հայքի Միավորման Օրվա կապակցությամբ:

Օրացույց