Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ սին արձանագրությունների

սեպտեմբեր 25, 2017 - 08:21        Viewed: 215       

Թուրքիան սխալվում է, եթե կարծում է, որ հայ-թուրքական արձանագրությունները կարող է պահել պատանդ եւ վավերացնել իրեն հարմար պահի, Հայաստանը 2018 թվականի գարուն կմտնի առանց այդ «սին արձանագրությունների», ՄԱԿ գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Սարգսյանի հայտարարությունը նրա նախագահական վերջնախաղի սկիզբն է, ընդ որում բավականին ընդգրկուն եւ խորքային թվացող սկիզբը: Խիստ հատկանշական է, որ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի «ազատվելու» ժամկետ է սահմանում 2018 թվականի գարունը: 2018-ի գարունը նրա նախագահական ժամկետի ավարտն է, ապրիլին նա թողնում է իր պաշտոնը, եւ Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման լիարժեք համակարգի: Ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը, ո՞վ է լինելու Հայաստանի դե յուրե առաջին դեմքը, ու՞մ հետ են գործ ունենալու Հայաստանում որպես իշխանության համար պատասխանատու: Սրանք հարցեր են, որոնք լինելով ներքաղաքական բնույթի, ունեն նաեւ միջազգային մեծ նշանակություն, որովհետեւ Հայաստանը նշանակալի աշխարհքաղաքական գոտում գտնվող պետություն է:

Հայ-թուրքական արձանագրությունների հիշատակումն այս տեսանկյունից ունի թերեւս ավելի խորհրդանշական իմաստ, քան բուն խնդրին առնչվող քաղաքական նշանակություն: Թերեւս անիրատեսական է կարծել, որ Թուրքիան ականջալուր լինելով Սերժ Սարգսյանի «վերջնագրին», մինչեւ 2018-ի գարուն վավերացնելու է արձանագրությունները: Սերժ Սարգսյանն էլ հազիվ թե իրականությունից կտրված լինի այդպիսի սպասում ունենալու համար:

Սարգսյանի հայտարարության տողատակը նշմարելու համար թերեւս հարկ է հիշել, թե ինչ են հայ-թուրքական արձանագրությունները, ինչպես են դրանք «ծնվել» ու հայտնվել «կոմայի» մեջ: Հայ-թուրքական արձանագրությունները ֆուտբոլային դիվանագիտության ծնունդն են, որն իր հերթին սկսվել է Մոսկվայից՝ 2008 թվականի հունիսին, երբ Սերժ Սարգսյանը կատարել էր նախագահի պաշտոնում իր առաջին արտերկրյա այցը: Նա Մոսկվայում հայտարարեց, որ Գյուլին հրավիրում է Հայաստան ֆուտբոլ դիտելու:

Սարգսյանն էր հղացել այդ գաղափարը, թե նրան հուշել էին Մոսկվայում, այդուհանդերձ մի բան բավական նկատելի էր, որ Թուրքիան սկսեց ֆուտբոլ խաղալ ավելի շուտ Ռուսաստանի, քան Հայաստանի հետ: Անկարան Սերժ Սարգսյանի հրավերին արձագանքեց միայն ռուս-վրացական պատերազմից հետո, երբ Մոսկվան գործնականում լուծեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցը, Թուրքիային ցույց տալով, որ պատրաստ է նույն կերպ «ճեղքում» առաջացնել նաեւ Արցախի խնդրում:

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը 2008 թվականին գործնականում բացահայտորեն հայտարարում էր, որ Արցախում առաջընթացի դեպքում առաջընթաց կլինի նաեւ հայ-թուրքական հարաբերությունում: Մոսկվան սկսում էր հասունացնել այսպես ասած կազանյան գործընթացը: Սերժ Սարգսյանը ներքաշվեց բավական բարդ ու բազմաշերտ խաղի մեջ, ՌԴ հետ մի կողմից մտնելով կազանյան գործընթացի մեջ, մյուս կողմից Եվրամիության հետ սկսելով Ասոցացման գործընթացը, այդ ամենը՝ ֆուտբոլային դիվանագիտության ուղեկցությամբ: Սարգսյանն այդ ընթացքում թերեւս լուծում էր Մարտի 1-ից հետո իր իշխանությունն ամրացնելու, կամ պարզապես իր իշխանությունը ձեւավորելու եւ դրան միջազգային լեգիտիմություն հաղորդելու հարցը, որ այդ իշխանությունը ճանաչեն թե Մոսկվան, թե Արեւմուտքը:

Սարգսյանը գործնականում լուծեց այդ հարցը, չձեւավորեց իշխանություն, բայց կարողացավ հասնել իշխանություն ձեւավորելու իր իրավունքի միջազգային լեգիտիմության:

Իշխանություն նա ձեւավորում է այժմ, երբ նախագահի ընտրությունը վերացնելով եւ խորհրդարանական կառավարում հաստատելով փաստացի իր համար ստեղծեց իշխանությունը պահելու իրավական հնարավորություն: Այժմ նա ունի խնդիր այդ հնարավորության միջազային լեգիտիմացման հարցում:

Սարգսյանը կրկին բազմաշերտ խաղի մեջ է՝ մի կողմից նա հավատարմության անվերապահ երդում է տալիս ԵՏՄ-ին, մյուս կողմից գնում է ԵՄ հետ շրջանակային նոր համաձայնագրի ստորագրման, ՄԱԿ ամբիոնից հայտարարում է, որ հրաժարվելու է դե յուրե հայ-թուրքական թվացող, բայց դե ֆակտո ռուս-թուրքական ֆուտբոլային արձանագրություններից:

Այդ արձանագրությունները գործնականում փակուղի մտան այն բանից հետո, երբ գործընթացին խառնվեց Արեւմուտքը եւ կանխեց ֆուտբոլային դիվանագիտության եւ Արցախի խնդրի կապակցման միջոցով ստատուս-քվոն փոխելու ռուս-թուրքական նախաձեռնությունը:

Հայ-թուրքական արձանագրությունների առկայությունը գործնականում, թեկուզ «փաստաթղթե», դամոկլեսյան սուր է տարածաշրջանում ստատուս-քվոյի գլխին: Դրանք մեծ հաշվով ռուս-թուրքական հարյուրամյա պայմանագրի «արդիականացումը» կամ «թարմացումն» էին, եւ Սերժ Սարգսյանը հայտարարելով արձանագրություններից հրաժարվելու մտադրության մասին, դե ֆակտո հայտարարում է ռուս-թուրքական ստատուս-քվոյից հրաժարվելու մասին:

Դա անկասկած ազդանշան է Արեւմուտքին, եւ թվում է որոշակի շանտաժ նաեւ Ռուսաստանին: Մյուս կողմից, սակայն, ամենեւին բացառված չէ, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ռուս-արեւմտյան տիրույթում առկա որոշակի տրամադրության արտահայտում է, եւ արձանագրությունների «պատանդը», որի մասին խոսում է Սարգսյանը, Թուրքիայի ձեռքին ոչ միայն եւ նույնիսկ ոչ այնքան Հայաստանն է, որքան Ռուսաստանը:

Իսկ խնդիրն այն է, որ Ռուսաստանը նաեւ պատանդ է «ապրիլյան պատերազմին», եւ այդ «պատանդառությունից» Մոսկվային չի հաջողվելու դուրս գալ երբեք, համենայն դեպս հենց 2016-ի ապրիլը ցույց տվեց, որ Հայաստանի հանրության ազգային արժանապատվությունն ու գիտակցությունը թերեւս երբեք չի կարող իջնել այնպիսի ցածր նշաձողի, որի վրայից կարող է հանգիստ անցնել Մոսկվան իր թուրք-ադրբեջանական ռազմավարությամբ:

Ապրիլից հետո եղան որոշակի փորձեր, ստուգելու հայկական հանրության այդ նշաձողը, բայց այն մնաց ամուր: Մոսկվան այդ դեպքում այլընտրանք չունի, քան ազատվել դե ֆակտո ռուս-թուրքական պայմանագրի արդիականացված տարբերակ հանդիսացող հայ-թուրքական արձանագրություններից, հակառակ պարագայում ռազմավարական հեռանկարում չի մնալու Կովկասը սեփական ներկայությունից ազատելու այլընտրանք:

Սերժ Սարգսյանն ինչպես իր նախագահական սկզբնախաղը, այդպես էլ վերջնախաղը կառուցում է բավական բարդ եւ բազմաշերտ միջազգային շրջանակով: Եթե սկզբնախաղում նա փաստացի գնում էր ռուս-թուրքական ստատուս-քվոյին ընդառաջ, ապա ներկայում նա գործնականում հայտարարում է այդ խաղից պաշտոնապես դուրս գալու մասին:

Կասկած չկա, որ Սարգսյանը չի ցանկանում հայտնվել խաղից դուրս, եւ դա նշանակում է, որ խաղը պարզապես փոխվել է, եւ եթե չլինեն ֆորս-մաժորներ, ապա 2018 թվականի գարուն Հայաստանը կմտնի առանց «սին արձանագրությունների», իսկ Կովկասը ընդհանրապես 2018 թվականի գարուն կմտնի առանց Կովկասի ռուս-թուրքական օկուպացիայի մասին 1921 թվականի գարնանը կնքված Մոսկվայի պայմանագրի:

Ի դեպ, շատերը հայ-թուրքական արձանագրությունները եւ ֆուտբոլային հարաբերությունը շփոթում էին հայ-թուրքական հարաբերության հետ եւ նույնականացնում կարգավորման հեռանկարի հետ: Իրականում հայ-թուրքական հարաբերության կարգավորման հեռանկարը կամ տեսադաշտը կարող է բացվել առանց դրա:

Հակոբ Բադալյան

 

Հայ-թուրքկան արձանագրությունները հայտնի են նաև Ցյուրիխյան արձանագրություններ անվամբ: «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և նրա թուրք պաշտոնակից Ահմեդ Դավիթօղլուն:

1991թ.-ին Թորքիան de facto ճանաչել է Հայաստանը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել: 1993թ.-ից Թուրքիան միակողմանի փակել էր օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ, բայց միջազգային հանրության ջանքերով օդային սահմանը 1995թ.-ին վերաբացվեց, իսկ ցամաքային սահմանը մինչև օրս փակ է: Ցյուրիխյան արձանագրությունները ենթադրում են նաև հայ-թուրքական սահմանի բացում:

Ստորագրումից հետո փաստաթղթերն ուղարկվել են Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններ՝ վավերացման:

2009 թ.-ի դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան արձանագրությունները չի վավերացնի՝ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման։ Թուրքիայի խորհրդարանում փաստաթղթերի վավերացման գործընթացը սառեցվեց:

Հայկական կողմն ի պատասխան հայտարարեց, որ արձանագրությունները պետք է վավերացվեին առանց նախապայմանների, և 2010թ.-ի ապրիլի 22-ին որոշում կայացվեց արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնել: Հինգ տարի անց փետրվարի 16-ին ՀՀ նախագահը հետ է կանչել Հայաստան-Թուրքիա արձանագրությունները Ազգային ժողովից:

Սերժ Սարգսյանն այս կապակցությամբ նամակ է հղել խորհրդարանի ղեկավարին, որի մեջ ասվում է. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը»:

Օրացույց