Անում ենք ամեն ինչ, որպեսզի վերականգնենք փոխվստահությունը, առանց որի հնարավոր չէ առաջ շարժվել

սեպտեմբեր 27, 2017 - 21:34        Viewed: 198       

24 տարի է անցել այն օրվանից, երբ վրաց-աբխազական հակամարտության արդյունքում վրացի ռազմական կազմավորումները լքել են Սուխումին: Իշխանության և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել զինված հակամարտության ընթացքում զոհվածների հիշատակինԹբիլիսիի Հերոսների հուշարձանի մոտ և Վրաստանի այլ քաղաքներում:

Սուխումիի անկման 24-րդ տարելիցի օրը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարությամբ է հանդես եկել վրացերեն և աբխազերեն լեզուներով:

«1993թ-ի սեպտեմբերի 27-ը մեր երկրի ամենաողբերգական օրերից մեկն է: Այդ օրը հիշեցնում է պատերազմի ավերիչ և ոչնչացնող ուժի մասին», -ասված է վարչապետի հայտարարությունում:

Գիորգի Կվիրիկաշվիլին աբխազական պատերազմը եղբայրասպանություն է անվանում: Նրա խոսքով՝ դա պատերազմ էր աբխազների և վրացիների դեմ, և հաղթողներ դրանում չկան:

Վարչապետի հայտարարությունում ասվում է, որ վրացիները պատրաստ են աբխազների հետ հարաբերությունները նոր էջից սկսել:

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի վերականգնենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով, վերականգնենք եղբայրությունն ու սերը, առանց որի հնարավոր չէ առաջ շարժվել: Ես ուզում եմ վստահեցնել աբխազ և օս եղբայրներին, որ մենք ընդհանուր ապագա ունենք, միայն համատեղ ջանքերով մենք կարող ենք այնպիսի երկիր կառուցել, որտեղ մեր երեխաները կապրեն խաղաղության, համաձայնության և բարեկեցության մեջ: Մենք միասին կարող ենք լավագույն երիրը կառուցել», -ասված է Կվիրիկաշվիլիի հայտարարությունում:

Թբիլիսիի Հերոսների հուշարձանին այսօր ծաղիկներ է դրել նաև Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելին: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ վրացական կառավարությունը ճիշտ մոտեցում ունի աբխազական հարցին: «Կարծում եմ, որ վրացական կառավարությունը ճիշտ մոտեցում ունի, պետք է ձայնը հասցնել աբխազներին, որպեսզի սկսվի նրանց վերաինտեգրացիան վրացական հասարակություն: ԱՄՆ-ն սատարում է նման մոտեցմանն այնպես, ինչպես աբխազների հետ կապերն առողջապահության և կրթության ոլորտում: Մենք դա դրական ենք գնահատում», -հայտարարել է Յան Քելին:

Աբխազիայում զինված հակամարտությունը սկսվել է 1992թ-ի օգոստոսի 14-ին, շարունակվել 13 ամիս և 13 օր և ավարտվել 1993թ-ի սեպտեմբերի 27-ին վրացական զինված ուժերի պարտությամբ: Ըստ որոշ տվյալների՝ զինված հակամարտությունը ավելի քան 13 հազար մարդու կյանք է խլել, փախստական է դարձել մոտ 300 հազար մարդ:

Օրացույց