Իրաքը կճանաչի՞ քրդերի հանրաքվեի արդյունքները եւ կդառնա՞ Միջագետք

սեպտեմբեր 28, 2017 - 06:42        Viewed: 437       

Նախնական տվյալներով, Իրաքում քրդերի 90%-ը կողմ է քվեարկել անկախությանը: Համաշխարհային առաջնորդներն սկսում են խոսել ճանաչման մասին. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ քրդերի անկախության ձգտումն արժանի է հարգանքի:

Քրդական հանրաքվեն հատկանշական է ոչ միայն անկախության հռչակմամբ, այլ նաեւ Իրաքի կենտրոնական իշխանությունների պահվածքով: Մի կողմից Իրաքը փակել է իր տարածքում ինքնավարության՝ Քուրդիստանի հետ սահմանը, հայտարարել, որ դեմ է հանրաքվեին եւ կողմ տարածքային ամբողջականությանը, սակայն մյուս կողմից չի խոչընդոտել հանրաքվեին: Իսկ սահմանների փակումն անգամ ընկալվել է որպես Քուրդիստանին յուրօրինակ «հրաժեշտ»:

Իրաքը կարո՞ղ է առաջինը ճանաչել Քուրդիստանը: Իրաքը ստեղծվել է 1920-ական թվականներին՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերաբաժանումների արդյունքում: Իրաքը Միջագետքի յուրահատուկ «հողահավաք» է, եւ չի բացառվում, որ Քուրդիստանի ստեղծումից հետո Իրաքը վերանվանվի Միջագետք: Այդ տարածքը հենց այդպես է անվանվում Սեւրի պայմանագրի եւ Վիլսոնի արբիտրաժի քարտեզներում: 2000-ականների սկզբին Պենտագոնի կայքում հրապարակված Մերձավոր Արեւելքի քարտեզում Իրաքը նույնպես առանց Քուրդիստանի է:

Քուրդիստանի հանրաքվեի նկատմամբ Իրաքի վերաբերմունքը կարող է վճռորոշ գործոն լինել տարածաշրջանում: Եթե Իրաքն իր մեջ ուժ գտնի ճանաչելու քրդերի անկախությունը կամ էլ ուժային մեթոդների չդիմի, տարածաշրջանում կարող է սահմանների վերանայման խաղաղ գործընթաց սկսվել: Իրաքի դիրքորոշումը Թուրքիային եւ մյուս երկրներին կզրկի միջամտելու եւ ուժ կիրառելու հնարավորությունից:

Հատկանշական է, որ անգամ հիմա ուժի կիրառման մասին ավելի շատ Թուրքիայում եւ այլ երկրներում են խոսում, քան Իրաքում: Այնպիսի տպավորություն է, որ Իրաքը համակերպվել է քրդական պետության մտքի հետ եւ փորձում է անցավ դուրս գալ այդ վիճակից եւ անգամ ինչ-որ օգուտներ ստանալ:

Իրաքի այս դիրքորոշումը կարող է թույլ տալ այլ երկրների ճանաչել Քուրդիստանի անկախությունը՝ չվախենալով Իրաքի հետ հարաբերությունների վատթարացումից:

Քուրդիստանի հանրաքվեի օրը Երեւանում հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ էր ընթանում: Իրաքի ներկայացուցիչները չեն խոսել այդ թեմայից, Հայաստանն էլ չի աջակցել կամ դատապարտել քրդերի հանրաքվեն:

Հայաստանն այս տարվա գարնանը հայտարարել է Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում հյուպատոսարանի բացման մասին: Այսինքն՝ կապերը վաղուց են հաստատված:

Առայժմ միայն Իսրայելն է, որ լիակատար աջակցություն է հայտնել քրդական պետությանը: Հետաքրքիր է, որ ռուսական ու հատկապես ադրբեջանական մամուլում փորձագիտական կարծիքներ են սկսել հրապարակվել Իսրայել-Քուրդիստան-Հայաստան առանցքի ձեւավորման մասին:

Նաիրա Հայրումյան

Օրացույց