Իրադարձությունների կարճ ակնարկ

դեկտեմբեր 08, 2013 - 11:59        Viewed: 1661       

 Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

 (2-8 դեկտեմբեր, 2013թ.)

 

Վրաստան

«Ես կարծում եմ, որ կուսակցության մեջ փոփոխություններ են սկսվել: Երեկ մենք պայմանավորվեցինք ղեկավարման ամբողջովին նոր համակարգի մտցնելու մասին: Ես ուրախ եմ, որ մենք եկանք ընդհանուր հայտարարի: Ազգային շարժումն առաջին ընդդիմադիր կուսակցությունն է, մեզ մոտ կա ընդդիմադիր մենատիրություն: Մեր ներքին փոփոխությունների արդյունքում, մենք ևս մեկ անգամ կարող ենք ցույց տալ քաղաքական սպեկտրին և երկրի բնակչությանը, թե իրականում ի՞նչ է նշանակում քաղաքական կուսակցություն 21-րդ. դարում», -դեկտեմբերի 2-ին հայտարարել է Խորհրդարանական փոքրամասնության անդամ Գիորգի Վաշաձեն:

«Մասնագիտությամբ ես բժիշկ եմ: Որոշ ժամանակ ես բիզնեսի մեջ եմ եղել, որտեղ լուրջ ճնշում էի զգում, ինչպես բոլոր գործարարները: Ես եկա Խորհրդարան, որպեսզի որևէ բիզնես պաշտպանեմ: Կարծում եմ, որ ես գոնե մասամբ կատարել եմ իմ պարտականությունները: Եթե ոչ աղյուս, ապա ծայրահեղ դեպքում փոքր քար եմ դրել ազատ և արդար երկրի կառուցման գործում», -դեկտեմբերի 2-ին հայտարարել է Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Դավիթ Սագանելիձեն:

«Մեզ համար կենսականորեն անհրաժեշտ է որպեսզի Ուկրաինայում իրադարձությունները նորմալ զարգանան: Ուկրաինայի ժողովուրդը չպետք է զրկված լինի եվրոպական ընտանիքին միանալու իրավունքին: Ոչ մի դեպքում չպետք է Ռուսաստանին հնարավորություն տալ իր ճնշմամբ մեկուսացնել Ուկրաինան Եվրոպայից: Եթե դա տեղի ունենա, ապա շատ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը կփորձի նույնն անել նաև Վրաստանում: Վրաստանի ճակատագիրն այսօր որոշվում է Ուկրաինայում», - դեկտեմբերի 2-ին հայտարարել է  Դավիթ Բաքրաձեն:

«Հնարավոր է` մեր արտահանումը Ուկրաինայում կրճատվի: Բայց մեր արտահանումը տարբերակված է և այդ իսկ պատճառով դա մեծ ազդեցություն չի ունենա մեր տնտեսության վրա», -հայտարարել է ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:

«Մեր խնդիրն այսօր կայանում է նրանում, որպեսզի համոզենք Ռուսաստանին, որ մեր ձգտումը դեպի ՆԱՏՕ, նրա համար ոչ մի սպառնալիք չի ներկայացնում: Սա է մեր խնդիրը: Դա հեշտ չէ, բայց հենց դրա համար էլ գոյություն ունի երկխոսություն հասկացությունը, պետք է բանակցություններ վարել: Ինչ վերաբերում է կոնֆլիկտներին: Այդ կոնֆլիկտները պետք է լուծված լինեն: Հակառակ դեպքում շատ դժվար կլինի Ռուսաստանի հետ երկխոսություն վարել: Մեզ համար էլ այդ թեման շատ ցավալի է: Եկեք խոստովանենք, որ մենք բոլորս 90-ական թվականների սկզբին շատ սխալներ ենք թույլ տվել:Այդպես չի լինում, որ մեկը մեղավոր է, մյուսը`ոչ: Մեզ համար ցավալի է, որ մեր եղբայրներ օսերն ու աբխազներն այլևս մեզ հետ չեն ապրում: Չգիտես ինչու՞  ես հավատում եմ, որ վաղ թե ուշ աբխազներն ու օսերը ստիպված են լինելու մեզ հետ ապրել: Ես հույս ունեմ, որ այդ երազանքը կիրականանա», -հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Ռուսաստանը Վրաստանի դեմ արդեն գործածել է ճնշելու և ազդելու բոլոր հնարավոր գործիքները: Մինչդեռ, բացառված չէ, որ էլի անակնկալներ կլինեն նրանց կողմից: Ամեն դեպքում մենք գիտենք, թե որ կողմից է սպասվում վտանգը: Հաշվի առնելով այն, որ մենք փորձում ենք հարթել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, և արդեն կան դրական արդյունքներ, ես չէի ցանկանա հավատալ, որ Ռուսաստանի կողմից իսկապես վտանգ է սպասվում», -դեկտեմբերի 3-ին հայտարարել է Արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:

«Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրելով ` մենք մեզ վրա ենք վերցրել հսկայական քանակությամբ պարտավորություններ: Արդեն հրատարակված է փաստաթուղթը, որը մենք ստորագրել ենք, այդ փաստաթուղթը 1000 էջ ունի: Նրա համար, որպեսզի տեղի ունենա ներդաշնակեցում եվրոպական նորմերի հետ, մենք պետք է փոփոխություններ մտցնենք ավելի քան 300 օրենքի մեջ: Դա այնքան էլ հեշտ չի, բայց մենք գիտեինք, թե ուր ենք գնում: Դա մեր նախագահի, Կառավարության և Խորհրդարանի ընտրությունն է», -դեկտեմբերի 3-ին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության անդամ Գիա Ցագարեիշվիլին:

Դեկտեմբերի 7-ին և 8-ին կկայանա Վրաստանի Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի պաշտոնական այցը Իսրայել: Այցի ժամանակ ծրագրված են Ալասանիայի  հանդիպումները Իսրայելի պաշտպանության նախարարի և այլ պաշտոնական անձերի հետ:

«Ընդհանուր առմամբ Կառավարությունը պատրաստվում է պարտք վերցնել 2 միլիարդ դոլարի չափով: Որից 1,5 միլիարդը արտաքին պարտքն է, իսկ 600 միլիոնը` ներքին: Այնպես է ստացվում, որ այն երկարաժամկետ պարտականությունները, որոնք իրենց վրա էին եղել վերցված, իրականացվում են վերցրած պարտքի հաշվին: Բնականաբար, մենք չենք ընդառաջում դրան: Կառավարությունն ընտրել է սխալ ուղի: Նման ուղին Հունաստանին հանգեցրեց դեֆոլտի առջև», -դեկտեմբերի 4-ին հայտարարել է Խորհրդարանի Ֆինանսա-Բյուջետային հանձնաժողովի անդամ Զուրաբ Ջափարիձեն:

«Լավ կլիներ, եթե Կառավարությունը հանգամանորեն գծագրեր այն սեկտորները և այն ուղղությունները, որտեղ կծախսվեն պարտք վերցրած փողերը: Պարտք վերցնելը նորմալ է, ուղղակի կարևոր է իմանալ, թե որտեղ  է ծախսվելու այդ գումարը: Եթե վերցված պարտքը ներդրվի այն արդյունաբերություններում, որոնք նպաստում են տնտեսության աճին, ապա իմաստ ունի այդ պարտքը վերցնել: Իսկ եթե գումարը պետք է ծախսվի սոցիալական պարտականությունների իրականացման վրա, ապա պարտք վերցնելն արդարացված քայլ չէ»,- հայտարարել է Տնտեսական-քաղաքական կենտրոնի գործադիր տնօրեն Նինո Եվգենիձեն:

«Մեր խնդիրը եվրոպական տիպի պետության կառուցումն է, որն առաջին հերթին նշանակում է ապահովել բարձր մակարդակի ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն: Մենք ձգտում ենք Եվրոպային, ոչ թե նրա համար, որ մեզ ձգում է ազատ առևտուրը կամ առանց վիզայի ռեժիմը, այլ նրա համար, որ Եվրոպայի առաջնահերթ արժեքը մարդու իրավունքներն են: Մեզ համար դա կարևոր է: Հատկապես այդ պատճառով մենք ձեռնամուխ ենք լինում գործողությունների ծրագրի և մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության ստեղծմանը», -դեկտեմերի 4-ին հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Դեկտեմբերի 4-ին լարիի փոխարժեքը կազմեց 1.7050 մեկ ԱՄՆ դոլարի հանդեպ: «Մենք սպասումներ ունենք, որ լարիի կուրսը հաստատուն կլինի: Ազգային բանկն ունի հնարավորություններ, որպեսզի չթողնենք, որ լարին նշանակալիորեն արժեզրկվի կամ ավելանա: Այնպես որ կարծում եմ անհանգստանալու առիթ չկա», -հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարը:

Հրեական «Խանուկա» տոնի օրը Թբիլիսիի գլխավոր հրապարակում` Ազատության հրապարակում, վառվեց խորհրդանշական մոմ: Միջոցառմանը ներկա էին հրեա համայնքի անդամներ, Վրաստանում Իսրայելի դեսպանը, Վրաստանի նախագահը և Կառավարության անդամներ: Արարողությանը զուգահեռ «Ազատության» հրապարակում հավաքվեցին վրաց եկեղեցու ներկայացուցիչներ, որոնք բողոքի ցույց կազմակերպեցին «Խանուկա» տոնի դեմ: «Խանուկան հրեական կրոնական տոն է: Այդ մարդիկ Հիսուս Քրիստոսին անվանում են անբարոյականի որդի: Եվ այսօր այդ մարդիկ նշում են իրենց տոնը մեր երկրի գլխավոր հրապարակու՞մ: Դա վիրավորանք է մեր կրոնական զգացմունքների հանդեպ», -հայտարարել է ցույցի մասնակից Դավիթ քահանան: «Բոլորը պետք է իմանան,որ ուղղափառների համար դա վիրավորանք է: Բոլոր հրեական տոներն են վիրավորական ուղղափառ քրիստոնյաների համար: Նրանք Քրիստոսին «մեսիա» չեն համարում և սպասում են իրենց մեսիային` Հակաքրիստոսին: Մենք չենք կարող և չենք թողնի այդպիսի վիրավորանքն առանց ռեակցիայի», -հայտարարել է  ցույցի մասնակից Դավիթ Լորտկիպանիձեն:

Դեկտեմբերի 5-ին Իրակլի Ղարիբաշվիլին ստեղծել է  տնտեսական խորհուրդ: «Այս խորհրդի ստեղծման նպատակն է քաղաքականության մակրոտնտեսական հարցերի կոորդինացումը: Կան շատ հարցեր, որոնք չեն պահանջում լուծում երկրի Կառավարության աշխատանքի ձևաչափով, մինչդեռ այդ իսկ հարցերը պահանջում են որոշակի պետական պաշտոնյաների մասնակցություն: Հետևաբար, խորհրդում կան ինչպես պետական պաշտոնյաներ, այնպես էլ ոչ կառավարական բաժնի ներկայացուցիչներ», -հայտարարել է ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:

«Տեղական ինքնակառավարման օրենքում կան այնպիսի դրույթներ, որոնք կստեղծեն բարենպաստ պայմաններ անջատողական մտահղացումներ առաջացնելու համար: Այդ օրինագծի համաձայն` ֆեոդալական Վրաստանի անկման վտանգ կա», -դեկտեմբերի 5-ին  հայտարարել է «Վրացական խորհրդի» առաջնորդ Ջոնդի Բաղաթուրիան:

«Ես դեռ երկու շաբաթ առաջ էի խոսում այն բոլոր վտանգների մասին, որոնք հետո նշեցին պատրիարքն ու տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները: Տեղական ինքնակառավարման մասին օրենքը, առաջին հերթին ուշացած օրենք է, և երկրորդ հերթին, այն անավարտ է: Այդ օրինագիծը չի համընկնում ռեգիոնալիզմի այն ռազմավարության հետ, որը պետք է մշակվի Վրաստանում: Ինչպես արդեն ասացի, այդ օրինագիծը սպառնալիքներ է պարունակում երկրի շահերի ու անվտանգության համար: Այդ օրինագծի ուսումնասիրությունն անհապաղ պետք է կանգնեցվի», -դեկտեմբերի 5-ին հայտարարել է «Ժողովրդավարական շարժում` միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:

«Ընտրությունները տեղական ինքնակառավարման մարմիններում կկայանան 2014թ.-ի հւնիսին», -հայտարարել է Վրաստանի Կառվարության «տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապի» դեպարտամենտի ղեկավար Իրակլի Մելաշվիլին:

«Ինչ վերաբերում է Պատրիարքարանի հայտարարությանը, ավելի հստակեցում է անհրաժեշտ այն բանի վերաբերյալ, թե նրանք ինչ նկատի ունեին: Հակառակ դեպքում կարող են առաջանալ լրացուցիչ խնդիրներ: Դա չի վերաբերում միայն տեղական ինքնակառավարմանը: Առաջանում են մտավախություններ, որ Պատրիարքարանը փորձում է ճնշում իրագործել կրոնական փոքրամասնությունների վրա: Բավական է հիշել վերջին դեպքը հրեական Խանուկա տոնի ժամանակ կամ թեկուզ մուսուլմանական համայնքի շուրջ եղած աղմուկը: Վրդովվեցուցիչ է, երբ լրագրողը զանգահարում է Պատրիարքարան հրեական տոնի դեպքի վերաբերյալ հարցերով, և Պատրիարքարանի մամլո-ծառայությունը նրան պատասխանում է. «Բավակա՛ն է ձեզ լկտի ձևով պահեք»: Ես կարծում եմ, որ հոգևոր անձը պետք է իրեն ավելի պատասխանատու պահի: Հոգևոր անձն այն մարդը չէ, ով կրում է քահանայի հագուստ, այլ նա, ով հասարակության կողմից ապահովում է քրիստոնեական բարոյականություն: Հենց այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ հասարակությունը պետք է ասի իր խոսքը: Վրաց եկեղեցուն անհրաժեշտ է իր Մարտին Լյութերը, որը կիրականացներ բարեփոխումներ եկեղեցում, հակառակ դեպքում կան լուրջ մտավախություններ, որ ռուսական հատուկ ծառայությունները կարող են օգտագործել մի քանի քահանաների, հասարակության «թունավորման» և երկրի ապակայունացման նպատակով: Մի քանի քահանաներ վարկաբեկում են Պատրիարքարանը և հենց դրանով էլ Պատրիարքին դնում անհարմար իրավիճակի մեջ: Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման բարեփոխման հարցին, կարծում եմ, որ Պատրիարքին հասցրել են սխալ տեղեկություն», -դեկտեմբերի 7-ին հայտարարել է փորձագետ Նիկա Չիտաձեն:

«Տեղական ինքնակառավարման կոդեքսի հարցով շատ հարցեր կարող են լինել, այդ թվում նաև այն բանի վերաբերյալ, որ առկա են կարծիքներ քաղաքական բյուրոկրատիայի մեծացման հետ կապված, մինչդեռ Պատրիարքի և որոշ քաղաքական գործիչների հայտարարությունները երկրի անվտանգության սպառնալիքների մասին, լիովին անհասկանալի և անընդունելի են», -դեկտեմբերի 7-ին հայտարարել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նախկին նախագահ Գիգա Բոկերիան:

«Խնդիրը Պատրիարքի հայտարարության մեջ չէ, այլ նրանում, թե պատրա՞ստ են արդյոք վրաց քաղաքական գործիչներն ընդունել Պատրիարքի հայտարարությունը որպես շարքային քաղաքացու անձնական կողմնորոշում», -դեկտեմբերի 7-ին հայտարարել է փորձագետ Գիա Նոդիան:

«Ոչ մի այնպիսի բան գոյություն չունի, որի պատճառով մարդու իրավունքի պաշտպանությունն անուշադրության մատնվի: Մինչ պետությունը կուժեղանա, անհրաժեշտ է հետևել տնտեսությանը և այլն՝ հետո կպահպանենք մարդու իրավունքները և կապահովենք իրենց ազատությունը... Այդպիսի մոտեցումն անթուլատրելի է, և ես համոզված եմ, որ մենք այդպիսի սխալ թույլ չենք տա: Այսօր մենք ձգտում ենք դեպի Եվրոպա, իսկ Եվրոպան առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանությունն է: Երբ մեզ դուր է գալիս Եվրոպան, սկսած իր կենսամակարդակից վերջացրած Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանությամբ, պետք է հասկանալ, որ այս ամբողջը նրա արդյունքն է, որ Եվրոպայում Մարդը համարվում է գլխավոր արժեք: Մենք պետք է մեր ցանկություններն իրականություն դարձնենք և դրա համար մենք օգնության կարիք ունենք»,- հայտարարել է Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին:

 

Օրացույց