Հայ գրոսմայստերը միակ շախմատիստն է, ով երկու անգամ է դարձել աշխարհի գավաթակիր

սեպտեմբեր 29, 2017 - 09:47        Viewed: 158       

Հայազգայի գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձել է շախմատի աշխարհի գավաթակիր: «Շատ եմ մասնակցել աշխարհի գավաթի մրցաշարարերին: Ես գիտեի, որ անպայման կհաղթեմ։ Շատ դժվար էր, լարվածություն կար, բայց կարողացա դիմանալ: Արագ շախմատի և բլիցի խաղերը շատ բարդ էին», -լրագրողների հետ զրույցում հաղթանակից հետո ասել է հայ գրոսմայստերը:

Հայ գրոսմայստերը միակ շախմատիստն է, ով երկու անգամ է դարձել աշխարհի գավաթակիր: Առաջին գավաթը նա վաստակել է 2005 թվականին: Այս հաղթանակը նրան հնարավորություն է տալիս մասնակցել աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարին, որը տեղի կունենա Բեռլինում 2018 թվականի մարտին։

Արոնյանի կարծիքով, իր հաջողության գաղտնիքն իրեն շրջապատող մարդկանց հավատն է:

«Մի օր, երբ եկա տուն, Արիանան [ավստրալացի շախմատւսուհի Արիանա Կաոլին Լևոն Արոնյանի հարսնացուն է` խմբ.] ասաց՝ դու դա պետք է անես: Դրանից հետո շատ բան փոխվեց», -խոստովանել է շախմատիստը: Այս հաղթաակն էլ Արոնյանը նվիրել է իր հարսնացուին:

«Ես շատ հպարտ եմ նրանով։ Հուզմունքից սիրտս կանգնում էր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ պարտիայի ժամանակ։ Ես շատ եմ հպարտանում նրանով, որ ոք չգիտի, թե ինչ դժվարությունների միջով է նա անցել, որպեսզի հասնի հաջողության», -ասել է լրագրողներին Արիանա Կաոլին:

Արոնյանը նաև շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող է՝ Հայաստանի հավաքականի կազմում (2006, 2008, 2012 թվականներին) և բլիցի աշխարհի չեմպիոն (2010 թվական)։ Շախմատի միջազգային ֆեդերացիայի վարկանիշում նա զբաղեցնում է չորրորդ տեղը 2802 միավորով։

Օրացույց