Ազգային Ժողովի նախագահը ներկայացրեց եռօրյա պաշտոնական այցի ընթացքում քննարկված հարցերը

սեպտեմբեր 30, 2017 - 11:03        Viewed: 200       

ՎիրաՀայոց Թեմ -Թբիլիսի կատարած եռօրյա պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ այցելեց Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որտեղ նրանց դիմավորեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբյանը,Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, հոգևոր դասը: Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին ազգի մեծերի շիրիմներին, Թեմակալ առաջնորդի գլխավորությամբ կատարվեց հոգեհանգստյան աղոթք:

Այնուհետև մայր հայրենիքի բարձրաստիճան հյուրերը ուղևորվեցին «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային և երիտասարդության կենտրոն: Այստեղ նրանց դիմավորեցին Թբիլիսիից, Սամցխե Ջավախքի և Քվեմո Քարթլիի նահանգներից հայ համայնքային գործիչները, հասարակական կազմակերպությունների ղեկավարները, մտավորականներ:

Հայ համայնքի հետ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի հանրապետական խմբակցության նախագահ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) խմբակցության նախագահ Արմեն Ռուստամյանը, «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը, «Ծաառուկյանի կուսակցություն» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Ազգային ժողովի նախագահը և նրան ուղեկցող հյուրերը շրջայց կատարեցին կենտրոնում, դիտեցին Մեծ բանաստեղծի ստեղծագործական շնչով պարուրված գրադարանն ու սրահները:

Պատվիրակության անդամների և վիրահայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը բացելով, «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը ներկայացրեց բանաստեղծի թբիլիսյան վերջին բնակարանի պատմությունը, անդրադարձ կատարեց հայ համայնքին այն վերադարձնելու ուղուն, խոսեց կենտրոնի գործունեության ուղենիշների և նպատակների մասին:

Վիրահայոց թեմի առաջնորդը ողջունելով հյուրերին, խոսեց հայ-վրացական դարավոր բարեկամության մասին, որի հիմնաքարը ազգային և հոգևոր մեծ արժեքներ ստեղծած վիրահայ համայնքն է, ի մասնավորի արժևորեց Թեմի եկեղեցաշեն գործունեությունը, թեմի հովանու ներքո գործող կենտրոնները Թբիլիսիում, Բաթումում, Նինոծմինդայում և Ռուսթավիում, որոնց գործունեությունը միտված է հոգևոր և ազգային ինքնության, լեզվի և մշակույթի պահպանությանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ներկաներին ուղղված իր խոսքում ամփոփ ներկայացրեց եռօրյա պաշտոնական այցի ընթացքում քննարկված հարցերը և ձեռքբերված համաձայնությունները, որոնք վերաբերել են երկու հարևան ժողովուրդներին հետաքրքրող ռազմավարական,տնտեսական և օրենսդրական հարթակներին: Օրենսդիր մարմնի ղեկավարը արձանագրեց իր տպավորությունները Վրաստանի պատրիարքարան կատարած այցից և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ հանդիպումից: Նախագահ Բաբլոյանը առանձնահատուկ ընդգծեց վիրահայ համայնքի օրինապահության, երկրին և նրա առաջընթացին նվիրվածության գնահատականները, որ հնչել են Վրաստանի բարձրադիր մարմինների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ:

Հարց ու պատասխանի ձևաչափով ներկաները մայր հայրենիքի պատգամավորներին առաջադրեցին հարցեր, որոնք կապված էին միջպետական հարաբերություններին, տնտեսական և ճանապարհային կապերին, ազգային արժեքների պահպանմանը և Արցախի իրավիճակին: Բարձրացված հարցերին պատասխանեցին պատվիրակության գրեթե բոլոր անդամները: Ազգային ժողովի նախագահը գիրք նվիրեց կենտրոնի գրադարանին:

Վիրահայոց թեմի առաջնորդը հյուրերին հրավիրեց առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի: ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում հանգչող Սայաթ-Նովայի գերեզմանին և հայ գեներալների տապանաքարերին: Հինավուրց և զորավոր եկեղեցում աղոթք անելուց և մոմեր վառելուց հետո, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը ներկայացրեց տաճարի պատմությունը, վերանորոգման ընթացքը և Ազգային ժողովի նախագահին նվիրեց «Սուրբ Գևորգի» որմնանկարներով գիրրք-ալբոմ:

Հինավուրց եկեղեցու զորավոր օրհնությամբ և վառ տպավորություններով ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն ավարտեց իր պաշտոնական այցը Վրաստան:

Օրացույց