Վրաստանում մուսուլման աշակերտուհուն դասի չեն թողել հիջաբի պատճառով

հոկտեմբեր 05, 2017 - 09:51        Viewed: 324       

Թբիլիսիի կենտրոնից ընդամենը 15կմ հեռավորության վրա գտնվող Քարաջալա բնակավայրի դպրոցներից մեկի դասղեկը յոթերորդ դասարանցուն թույլ չի տվել դասին մասնակցել հիջաբի պատճառով: Դպրոցի տնօրենի խոսքով՝ աշակերտուհին խախտել է ներդպրոցական կարգը, քանի որ դասին արգելված է նստել ցանկացած գլխարկով և գլխաշորով: Ընդ որում, դպրոցում ասում են, որ տեղի կանայք հիջաբ կրելու սովորույթ չունեն:

Սակայն աղջկա ծնողները մեղադրում են դպրոցի ղեկավարությանը կրոնական ազատությունների խախտման համար: Կատարվածին արդեն արձագանքել է Վրաստանի կրթության նախարարությունը:

Գերատեսչության տարածած հայտարարությունում ասվում է, որ Վրաստանի օրենսդրությունը կրոնի հարցերում ճանաչում է բոլոր մարդկանց ազատությունը, թեև բոլոր դպրոցներն ունեն իրենց ներքին կարգը, որը մշակվում է մանկավարժների, աշակերտների ծնողների և աշակերտների հետ միասին և հաստատվում հոգաբարձուների խորհրդի կողմից:

«Քարաջալայի դպրոցի ներքին կարգում գրանցված է, որ դասապրոցեսի ժամանակ աշակերտները պետք է գլուխները ծածկած չլինեն: Ցավոք, ներդպրոցական կարգի ընդհանուր դրույթը վիրավորել է կրոնական զգացմունքները: Նախարարությունը կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ հարցը կրոնական տեսանկյունից դիտարկելուց և օգնել իրավիճակը կարգավորել հանգիստ ռեժիմով», -ասված է կրթության նախարարության հայտարարությունում:

Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայում ասում են, որ եթե ներդպրոցական կարգը վիրավորում է աշակերտների կրոնական զգացմունքները, նախարարությունը կարող է պահանջել դպրոցի ղեկավարությունից վերանայել այդ կարգը:

«Կրթության մասին օրենքի համաձայն՝ դպրոցը կարող է որոշակի սահմանափակումներ թույլ տալ այն դեպքերում, եթե ինչ-որ մեկի կյանքի, առողջության կամ դասապրոցեսը ձախողելու սպառնալիք կա», -բացատրում է իրավաբան Լաշա Բեքաշվիլին:

Արդյո՞ք Վրաստանում դպրոցականն իրավունք ունի դպրոցում հիջաբ կրել:

Իրավաբանի խոսքով՝ կրթության մասին օրենքը հաշվի է առնում դավանանքի ազատության մասին դրույթը:

«Ըստ այդ օրենքի՝ անընդունելի է աշակերտին ստիպել իր վրա պարտավորություններ վերցնել, որոնք հակասում են նրա դավանանքին կամ խղճին, եթե դա չի խախտում այլ աշակերտների իրավունքները և չի խանգարում որակյալ դասապրոցեսին», -մեկնաբանել է Բեքաշվիլին:

Նրա խոսքով՝ դպրոցականն իրավունք ունի հիմնավորված և փաստաթղթերով հրաժարվելու դպրոցական համազգեստ կրելուց, եթե այն չի համապատասխանում իր դավանանքին կամ ինքնարտահայտմանը:

Վրաստանում սա առաջին դեպքը չէ, որ աշակերտուհուն արգելում են հիջաբ կրել: Նախորդ տարի նմանատիպ դեպք տեղի ունեցավ 18-ամյա Թեոնա Բերիձեի հետ: Այն ժամանակ կրթության նախարարությունն արդարացրեց դպրոցի ղեկավարության գործողությունները՝ հայտարարելով, որ նա իրավունք է ունեցել Բերիձեին արգելելու դպրոց գալ հիջաբով:

2014թ-ի մարդահամարի տվյալներով՝ Վրաստանի բնակչության 11%-ը իսլամ է դավանում:

Օրացույց