Եկեղեցին ժողովուրդը չէ. ժողովուրդը նաև եկեղեցի է

հոկտեմբեր 09, 2017 - 00:00        Viewed: 369       

Վերջին տասն օրերի իրադարձությունները առաջացրել է հայ հասարակության հուզմունքը և զայրույթը։ Փորձենք ըստ կետերի համակարգել վերջին իրադարձությունները և անհրաժեշտ եզրակացություններ անել։

Սեպտեմբերի 30-ին Գումբուրդո գյուղի բնակիչները որոշեցին Խաչքար կանգնեցնել այն տեղում, որտեղ երկար պայքարից հետո վերաթաղվեցին տաճարի տարածքում անցկացվող վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված մարդկային աճյունների մնացորդները։

Նույն օրը ևեթ Գումբուրդո գյուղ են կանչվել հատուկ նշանակության ջոկատներ, որոնք ուժ գործադրելով՝ փորձել են ցրել տեղի բնակիչներին։ Արդյունքում տեղի բնակիչները դիմել են ինքնապաշտպանության։

Օրվա վերջում Գումբուրդո գյուղ են ժամանել տարբեր մակարդակի պաշտոնյաներ և խոստացել, որ Խաչքարի կանգնեցման հարցը կլուծվի։

Հոկտեմբերի 5-ին Վրաց եկեղեցու Պատրիարքարանում հանդիպում է կայացել Վիրահայոց Թեմի և մի շարք պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ստորագրվել է համատեղ հայտարարություն։

Հոկտեմբերի 6-ին Գումբուրդո գյուղ է ժամանել պատվիրակություն, որի կազմում էր նաև Վիրահայոց Թեմի առաջնորդը։ Սրբազանը շփվել է Գումբուրդոյի բնակչության հետ և հայտնել, որ Խաչքարը, «կամ հնարավոր է նաև այլ հուժարձանը, հավանաբար, կտեղադրվի երեք տարի հետո»։

Ինչպես երևում է, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները վերաբերել են Խաչքարի տեղադրման հարցին։ Մինչդեռ, հայ հասարկության մեջ զայրույթ է առաջացրել ոչ թե Խաչքարի տեղադրման մասին որոշման անորոշ ժամանակով հետաձգումը, այլ զայրույթ և տարակարծություններ է առաջացրել Վիրահայոց Թեմի կողմից ստորագրած հայտարարությունը։

Հայտարարություն, որն իբրև թե պետք է լուծեր Խաչքարի տեղադրման/չտեղադրման հարցը, ըստ էության բնավ էլ չի լուծել առաջադրված խնդիրը։

Գումարվել է «հարձնաժողով» և հայտարարել հետևյալը․«ցուցաբերենք համերաշխություն եւ առաջացած խնդիրները լուծենք օրենքի և քրիստոնեական սիրո ճանապարհով»։ Կարծես թե փայլուն որոշում՝ արժանի հարգանքի։

Մինչդեռ այդ նույն համատեղ հայտարարությունում, որտեղից որտեղ հայտնվեց հետևյալ դրույթը․ «Վիրահայոց Թեմը հաստատում է, որ տաճարի հանդեպ որևէ ձգտում չունի և համարում է այն վրացական»։ Ավելի ուշ Վիրահայոց Թեմի առաջնորդը հայտնել է, որ ինքն իսկապես ստորագրել է նման ձևակերպում պարունակող հայտարարությունը և հավելել է․«Բայց ո՞վ է վիճարկում, որ ես վիճարկեմ։ Դա պատմականորեն վաղուց ապացուցված վրացական եկեղեցի է, և որևէ մեկը չկա, որ ապացուցի, որ դա հայկական է»։

Եկեղեցու հիերարխիկ կառուցվածքին ծանոթ յուրաքանաչյուր ոք կարող է հասկանալ, որ Գերաշնորհ Սրբազանը միայնակ չէր կարող ստորագրել նման փաստաթուղթը։ Անկասկած, Մայր Աթոռը ծանոթ է եղել հայտարարության տեքստի հետ և դատելով ամեն ինչից՝ Սուրբ Էջմիածինը տվել է իր համաձայնությունը։ Համապատասխանաբար, Գումբուրդոյի տաճարից կամավոր հրաժարվելու կապակցությամբ Հայ Հասարակության ամբողջ դժգոհությունը պետք է ուղղված լինի ոչ թե Վիրահայոց Թեմին, այլ հենց Մայր Աթոռին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսատին, Վեհափառ Հայրապետին։

Անհրաժեշտ է բացատրել և հիշեցնել Էջմիածնին, որ Գումբուրդոյի տաճարը, հայ ժողովրդի կյանքում բացի հոգևոր նշանակությունից ունի նաև կարևոր քաղաքական նշանակություն։ Գումբուրդոյի տաճարի նման տաճարները այն բանի կենդանի վկայությունն են, որ մեր ժողովուրդը մշտապես ապրել է այս տարածքում։ Եվ այստեղ կարևոր չէ Գումբուրդոյում ապրող և այդ տաճարը կառուցող հայերը Առաքելական, թե մեկ այլ եկեղեցու մաս են եղել։

Կարևոր, որ տաճարը հայկական է, և ոչ մի հայտարարություն և նույնիսկ Վեհափառ Հայրապետաց օրհնանքը չի կարող փոխել այդ իրականությունը։

Ստեղծված իրավիճակում ծայրահեղ կարևոր է պահպանել Թեմի և Համայնքի միասնականությունը, Ժողովրդի և Եկեղեցու միասնությունը։ Հենց այդ միաբանությունն է դարձնում մեր Ժողովրդին ուժեղ և դարձնում Եկեղեցին անսասան։

Այսպես կոչված հայտարարության ստորագրման պահին մեր Թեմի Սրբազանը միայնակ էր։ Նա իր թիկունքին կանգնած ժողովրդի ուժը չէր զգում։

Եթե մենք չենք ցանկանում դառնալ ստեղծված անընդունելի միտման շարունակման վկաները, երբ մեր ժառանգությունը դառնում է անհիմն նվերի առարկա, ապա պետք է մեկ բռունցք դառնալ և շարունակել պաշտպանել այն, ինչ մեզ է պատկանում և պետք է պատկանի մեր երեխաներին։

Եթե այսօր, ելնելով մի շարք հանգամանքներից, մեզ չի տրվում հնարավորություն՝ օգտվելու ժառանգորդի իրավունքից, դա բոլորովին չի նշանակում, որ մենք պետք է ճանաչենք մեր պարտությունը և զրկենք օրինական իրավունքից մեր հետնորդներին։ Դա սարսափելի հանցագործություն է պատմության և ապագայի հանդեպ։

Օրացույց