Թիֆլիս քաղաքի պատմության դառը էջերը

դեկտեմբեր 09, 2013 - 16:45        Viewed: 1956       

Դեկտեմբերի այս օրերին, 1905թ. դեկտեմբերի 9-ին, 108 տարի առաջ, Անդրկովկասի այժմյան մայրաքաղաք Թիֆլիսը արյունալի ընդհարումների թատերաբեմ դարձավ իր բազմազգ բնակչության` հայ և թաթար-թուրք հատվածների միջև։

1905թ.-ի գարնանը համառուսական առաջին հեղափոխության բռնկման և ծավալման հետ, Անդրկովկասն իր կարգին արագընթաց քայլերով ընկած էր մի կողմից հեղափոխական շարժումների հակացարական ըմբոստացումների, իսկ մյուս կողմից ցարական իշխանությունների հովանավորությունը վայելող հակահեղափոխական ուժերի գործած բրտությունների ոլորապտույտի մեջ։

Ժողովրդավարական ազատությունների և աշխատավորական իրավունքների ձեռքբերման պահանջով՝ գործադուլների և ցույցերի աստիճանաբար ահագնացող ալիքն ամենուր ոտքի էր հանել  ռուս և Ցարական Կայսրության ենթակա տարբեր ազգությունների հեղափոխական ուժերն ու ժողովրդային շարժումները։

Փոխադարձաբար, Ցարիզմի հաստատած ոստիկանական պետությունը, լծակից ունենալով պահպանողական և աջակողմյան ծայրահեղականներին, արյան մեջ փորձում էր խեղդել հեղափոխական շարժումների համատարած ըմբոստացումները։

Հեղափոխական և հակահեղափոխական ուժերի այդ ընդհանուր առճակատումը, Անդրկովկասի պարագայում, ունեցավ նաև առանձնահատուկ դրսևորում։ Ցարական իշխանությունների հրահրումով՝ շարժման մեջ դրվեց ազգամիջյան հակամարտությունների  սև ուրվականը:

Բազմազգ համակեցության օրրան համարված Անդրկովկասը՝ իր ռուս, վրացի, հայ և թուրք-թաթար ազգաբնակչության խայտաբղետ խառնարանով, հանկարծ այն կողմ անցավ հեղափոխական և հակահեղափոխական ճամբարների առճակատումից, ընդհանրապես ազգամիջյան լարվածության և հատկապես հայ-թաթարական արյունալի ընդհարումների թատերաբեմ դառնալով ։

Ռուսն ու վրացին, հայն ու թաթարը բնականաբար ունեին քաղաքակրթական-կրոնական և ազգային-հասարակական զարգացման մակարդակի լուրջ տարբերություններ, որոնք Անդրկովկասը վերածել էր ազգամիջյան խուլ մրցապայքարի սաղմերով եռացող մի զգայուն միջավայրի ։

Անդրկովկասի կառավարման ղեկին տիրանալու և Բաքվի նավթարդյունաբերական հարուստ պաշարները հակակշռելու ազգամիջյան մրցապայքարն արդեն խորացել էր, երբ համառուսական առաջին հեղափոխությունը պայթեց։ Հեղափոխականների և Ցարի կողմնակից հակահեղափոխականների միջև քաղաքացիական կռվի կայծերն արագորեն տարածվեցին նաև ու մանավա՛նդ Անդրկովկասի մեջ, ուր ազգամիջյան լարվածության վառոդի տակառը հանկարծակի կրակ առավ ու, ահավոր պայթումով, հրահրեց հայ-թաթարական արյունալի ընդհարումներին։

Սոսկ բնական ու տարերային բռնկման հետևանք չեղավ հայ-թուրքական լարվածության վառոդի տակառի պայթումը։ Հայ-թուրքական ընդհարումները նաև հրահրվեցին և արհեստականորեն քաջալերվեցին թե՛ ցարական իշխանությունների, թե՛ սուլթանի կառավարության կողմից:

Ցարական իշխանությունները թուրք-թաթար ամբոխին զինեցին և հայության դեմ արձակեցին՝ հակացարական պայքարի դաշտ նետված հեղափոխական ուժերի բազմազգ գործակցությունը պառակտելու և ընկճելու իրենց հաշիվներով։

Իսկ համիդյան բռնակալությունը, ցարական Ռուսաստանի ներքին խռովությունների ընձեռած «հարմար պահը» օգտագործեց, Անդրկովկասի տարածքում տեղավորվելու և Բաքվի հարստությունների շահագործման մեջ կարկանդակի իր բաժինն ապահովելու ռազմավարությամբ։

Եվ այդպե՛ս, 1905թ.-ի գարնանը բռնկվեցին հայ-թաթարական արյունալի ընդհարումները, որոնք Բաքվից մինչև Նախիջևան, անցնելով Գանձակից ու Երևանից, պարբերական բորբոքումներով և զինադուլի խախուտ համաձայնություններով՝ շարունակվեցին ու ընդլայնեցին մահասփյուռ բախումների իրենց աշխարհագրության ծիրը։

1905թ.-ի հոկտեմբերին, մասնակի բախումներով, նաև Թիֆլիսի մեջ բռնկվեցին հայ-թաթարական ընդհարումները, որոնք սակայն անմիջապես հակակշռվեցին հեղափոխական շարժումների բազմազգ ղեկավարությունների ջանքով։ Առաջին այդ փուլում, հնարավոր եղավ Անդրկովկասի մայրաքաղաքից ժամանակավորապես  հեռացնել ազգամիջյան բուռն լարվածության պայթումը։

Բայց ժամանակը եկավ ցույց տալու, որ նույն ինքը` Թիֆլիսի իր նստավայրից Ցարի փոխարքային հրահրած հայ-թաթարական հակամարտությունն ի վերջո ամբողջ ուժգնությամբ պիտի պայթեր նաև Անդրկովկասի մայրաքաղաքի մեջ։

Դեկտեմբերի 6-ին, Թիֆլիսի կենտրոնում, թաթար-թուրք ամբոխը հարձակումներ գործեց հայերի վրա և տասնյակներով անպաշտպան զոհեր խլեց։ Բայց հակահայ այդ խժդժություններն անպատասխան չմնացին։ Ցարական իշխանությունների գաղտնի հովանավորությունը վայելող թաթար-թուրք ամբոխի ղեկավարությունն անմիջապես դեմ հանդիման գտնվեց Նիկոլ Դումանի և Համազասպի ղեկավարութեամբ կազմված հայկական ինքնապաշտպանության հարվածող խմբերին, որոնք  դեկտեմբերի 9-ին պատժական պատասխան քայլերի դիմեցին։

Այդպե՛ս, օրեր շարունակ, Թիֆլիսը բուռն ընդհարումների թատերաբեմ դարձավ ։

Մինչև նոր տարվան՝ 1906թ.-ի հունվար ամսվա ավարտը, Անդրկովկասի մայրաքաղաքը անդորր չունեցավ։ Հակացարական և հակահեղափոխական ուժերի առճակատման բորբոքումների կողքին, թափ առան հայ-թուրքական արյունալի բախումները՝ քաղաքական և  գաղափարական դժվարին ընտրանքների առջև կանգնեցնելով ռուս թե վրացի, հայ թե թուրք¬թաթար բոլոր կուսակցությունները։ Եվրոպան ևս ոտքով-գլխով ընկավ ոլորապտույտի մեջ՝ նավթի պաշարներով հարուստ տարածաշրջանից ներս ազդեցության գոտիներ հաստատելու բուռն մի մրցապայքար ծավալելով։

1905թ.-ի հայ-թաթարական ընդհարումներից հայ քաղաքական միտքը քաղեց ծանր, բայց կարևոր դասեր, որոնց խտացումը կատարեց անզուգական հայդուկապետը՝ ինքը Նիկոլ Դումանն, երբ գրեց.

«Ինչ էլ լինի, թե՛ թշնամուն և թե՛ բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է։ Եվ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պէտք է լինի զենքի ընդունակ, միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ քա- ղաքական ցնցումների վայրկյաններում»։

Օրացույց