Լրագրողի անհետացումից հետո անցել է արդեն 5 ամիս, սակայն ոչ մի նոր բան այդ գործի մասին հայտնի չէ

հոկտեմբեր 12, 2017 - 08:18        Viewed: 143       

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան դիմել է Վրաստանի խորհրդրանին՝ խնդրելով ստեղծել հատուկ հանձնաժողով՝ լրագրողի առևանգմանը մասնակից պաշտոնյաների գործողությունները քննելու համար: 5 ամիս է անցել այն բանից հետո, երբ Վրաստանի մայրաքաղաքից անհետացել է ադրբեջանցի լրագրողը, սակայն մինչ այժմ նրա առևանգման գործի քննության վերաբերյալ ոչ մի նոր բան չկա:

«Ուստի մենք դիմել ենք խորհրդարանին, որպեսզի այն քննի իմ ամուսնու գործը: Նման հնարավորություն Վրաստանի օրենսդրությունը մեզ ընձեռում է», -ասել է Լեյլա Մուստաֆաևան, հաղորդում է «Էխո Կավկազա»-ն:

Մուխթարլին անհետացել է Թբիլիսիում 2017թ. մայիսի 29-ին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա գտնվում է Ադրբեջանի իրավապահ մարմինների մոտ: Մուխթարլիի խոսքով՝ Վրաստանից իրեն առևանգել են տեղի հատուկ ծառայությունները, գլխին պարկ են հագցրել և փոխանցել ադրբեջանական կողմին: Ադրբեջանի դատարանը մայիսի 31-ին որոշում կայացրեց կալանավորել Մուխթարլիին. նրա դեմ մեղադրանք է առաջադրված պետական սահմանը խախտելու, մաքսանենգության և սահմանապահին դիմադրություն ցույց տալու հոդվածներով:

Մուխթարլին չի ընդունում այդ մեղադրանքները: Հոկտեմբերի 4-ին Բաքվի դատարանը չբավարարեց նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Եվրախորհրդարանը Թբիլիսիին կոչ է արել օպերատիվ քննություն անցկացնել լրագրողի առևանգման գործով, իսկ Բաքվին՝ ազատ արձակել նրան:

Լրագրողի առևանգումից և ձերբակալումից անմիջապես հետո նրա պաշտպանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով առաջնահերթ կարգով քննել իրավունքների խախտման վերաբերյալ նրա բողոքը: Մարդու իրավունքների եվրոպական դատրանը Մուխթարլիի գործին տվել է առաջնահերթ կարգավիճակ. այն կքննեն հնարավորինս կարճ ժամկետներում:

Օրացույց