Իրավիճակի դե յուրե ամրապնդումը ժամանակի հարց է, և պետք է լցնել այդ «ժամանակը»

հոկտեմբեր 18, 2017 - 08:45        Viewed: 218       

Ժնեևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հոկտեմբերի 16-ի հանդիպման և բանակցությունների փաստը մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ նրանց նախորդ հանդիպումը կայացել է մեկ տարվանից ավելի վաղ՝ 2016թ-ի հունիսին: Այդ պահից բանակցային գործընթացում որևէ առաջընթաց չի գրանցվել, թեև այդ ժամանակահատվածում միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ մի քանի անգամ հասցրել են հանդիպել երկու երկրների արտգործնախարարները:

Այս հանդիպումը ևս կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ: Սարգսյան-Ալիև բանակցությունների ավարտից բառացիորեն մի քանի րոպե անց հրապարակվել է Մինսկի խմբի մամուլի ծառայության հայտարարությունը, որում ասվում է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի առաջխաղացման համար և լրացուցիչ ջանքեր գործադրել շփման գծում լարվածության թուլացման ուղղությամբ:

Համանախագահները գոհունակություն են հայտնել երկարատև դադարից հետո ուղիղ բանակցությունների վերսկսման առթիվ, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակելու միջնորդությունը ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում:

Բարձր մակարդակում անցկացվող բանակցությունների վերսկսումից Հայաստանում ոչ միայն բեկման չէին սպասում, այլ նաև չէին հավատում դրանց հնարավորությանը: Իսկ այն բանից հետո, երբ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ հանդես եկան այն մասին, որ նախագահները համաձայնել են վերսկսել բանակցությունները, շատերը տարակուսանքի մեջ էին. Սարգսյանն ինչո՞ւ համաձայնեց մասնակցել հանդիպմանը:

Հայաստանի իշխող հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Սարգսյանի դիրքորոշումը հետևյալ կերպ է բացատրել. «Չնայած ադրբեջանցի պաշտոնյաների վերջին հայտարարություններին՝ Հայաստանի նախագահն այնուամենայնիվ հավատարիմ է մնում բանակցային գործընթացի ձևաչափին և կմասնակցի հանդիպմանը»:

Աշոտյանը նկատի ուներ Իլհամ Ալիևի՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվող հոկտեմբերի 9-ի հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսվում է «առանց որևէ նախապայմանների», թե Հայաստանն իբր ձգտում էր ձախողել բանակցությունները՝ տարբեր առիթներ հորինելով և տարբեր պայմաններ առաջ քաշելով:

«Սակայն ես միանգամից հայտարարեցի, որ պայմաններից ոչ մեկը չի ընդունվելու: Այդպիսի պայմաններ դնելով՝ Հայաստանն իրեն հիմար դրության մեջ դրեց և այժմ ստիպված է հրաժարվել այդպիսի քաղաքականությունից», -հայտարարել է Ալիևը:

Հայկական կողմի պատասխանը հնչեցրեց Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը: Վլադիմիր Հակոբյանը հայտարարեց. «…Նախագահների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս։ Բաքվի հաշվարկները պարզունակ են՝ խուսափել նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու պատասխանատվությունից՝ առաջին հերթին Ադրբեջանի ժողովրդի առջև»:

Հայ փորձագետները միաձայն մեկնաբանում էին, որ Հակոբյանն այդպիսով հաստատեց. սեղանին նույն վիեննական օրակարգն է, և իրականում զիջել է Ադրբեջանը, որը ամեն կերպ խուսափում էր կատարել «վիեննական պայմանավորվածությունները»:

«Վիեննական պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2016թ-ի մայիսին շփման գծում սրացման հերթական փուլի ավարտից հետո, որը «քառօրյա պատերազմ» անվանումն է ստացել: Դրանց էությունը սահմանային միջադեպերի հետաքննության ԵԱՀԿ մեխանիզմներ ներդնելն է և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ընդլայնելը:

Քաղաքագետ Աննա Կարապետյան. «Հանդիպումը հազիվ թե կարողանար առաջընթաց ապահովել բանակցային գործընթացում: Սակայն Բաքվի այն շահարկումների ֆոնին, թե Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի «մեծ դիվանագիտական հաղթանակները» մոռացված են, ուշադրություն դարձնենք հանդիպման արդյունքում արված հայտարարության տեքստին: Դրա էությունն այն է, որ և քաղաքական կարգավորումը, և Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները մնում են օրակարգում: Այլ հարց է, որ դրանցից ոչ մեկի ուղղությամբ առաջընթաց չկա»:

Քաղաքական մեկնաբան Նաիրա Հայրումյանն առաջարկում է ուշադրություն դարձնել Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությանը, որը նա արել է դեռևսբանակցությունների մեկնարկից առաջ:

Շավարշ Քոչարյանն ասել է, որ տվյալ պահին բանակցություններում առաջընթաց գրանցելու հնարավորության ակնարկ անգամ չկա, և դրանց թեման կարող է լինել միայն վստահության միջոցների ձևավորումը, սակայն նման օրակարգը ձեռնտու չէ Ադրբեջանին:

Նա նաև ասել է, որ Բաքուն միջազգային ճնշման տակ է, մասնավորապես Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովն այս օրերին միանգամից երկու քննադատական բանաձև է ընդունել Ադրբեջանի հասցեին: Այդ իրավիճակում, ըստ նրա, Ադրբեջանը երկու ճանապարհ ունի: Առաջինն՝ ընդունել Հայաստանի և միջնորդների պայմանները և վստահության մթնոլորտ ստեղծել, այսինքն՝ գրանցել ներկայիս սահմաններն ու բանակցություններ սկսել: Երկրորդ ճանապարհը գործընթացից ընդհանրապես հրաժարվելն է:

Սակայն երկրորդ ճանապարհի ընտրությունը կարող է հանգեցնել Ղարաբաղի միջազգային ճանաչմանն, ասել է Շավարշ Քոչարյանը:

«Փաստացի Շավարշ Քոչարյանը մեծ վերջակետ է դնում Սարգսյան-Ալիև բանակցությունների 10-ամյա պատմության վրա… ՄԱԿ-ի ամբիոնից իրենց նախորդ ելույթների ժամանակ [Սարգսյանն ու Ալիևը] հաստատել են կարգավորման երկու բացարձակապես հակառակ մոտեցում. Հայաստանը պնդում է խաղաղ ինքնորոշման, Ադրբեջանը՝ տարածքային ամբողջականության ուժային վերականգնման մասին:

Ըստ ամենայնի, Հայաստանի դիրքորոշումն այժմ համընկնում է միջնորդների մոտեցումներին: Սոչիի գագաթնաժողովից ոչ շատ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտն անսպասելիորեն հայտարարեց ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իր առաջնահերթությունների մասին՝ բացառապես նշելով Արցախի ականազերծումը, դիպուկահարներին հետ քաշումն ու հետաքննության մեխանիզմների ներդրումը: Եվ ոչ մի խոսք տարածքների մասին»:

Հայկազն Ղահրիյան. «Նախորդ երկու տասնամյակների բանակցային գործընթացը իրականում իմիտացիա էր, որում գլոբալ կենտրոնները լուծում էին իրենց խնդիրները: Այդ փուլն ավարտվեց ապրիլյան պատերազմով [2016 թ-ին], որին պետք է հետևեր Արցախի ճանաչումը: Եվ գործընթացն արդեն սկսվել է, համենայն դեպս՝ վիեննական օրակագով և ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությամբ: Իրավիճակի դե յուրե ամրապնդումը ժամանակի հարց է, և պետք է լցնել այդ «ժամանակը»: Այժմ իմիտացիայի նոր սցենարներ են մշակվում, և միջնորդներն ուրախ կլինեին, եթե կողմերն իրենք այդ մասին պայմանավորվեին»:

Հակոբ Բադալյան. «Եվրահանձնաժողովը, այնուհետև նաև Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակել են Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրած շրջանակային համաձայնագրի տեքստը, որը պետք է ստորագրվի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Հատկանշական է, որ տեքստը հրապարակվել է այն նույն օրը, երբ հայտնի է դարձել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին:

Առաջին հայացքից, այդ երկու իրադարձություններն այնքան էլ կապ չունեն միմյանց հետ: Սակայն պետք է հիշել, թե ինչպես մի քանի օր առաջ Բաքվում էին Եվրամիության ներկայացուցիչները, որոնց Ալիևը բառացիորեն սպառնում էր Եվրախորհրդից դուրս գալ, եթե ԵՄ-ն այսուհետ էլ անտեսի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու բացահայտ աջակցի Հայաստանին:

Համաձայնագրի տեքստը վկայում է այն մասին, որ ԵՄ դիրքորոշումն անփոփոխ է մնացել, և Ալիևի շանտաժը տեղին չէր»:

Օրացույց