Կառավարությունը կարող էր մտածել ֆեդերալիզմի զարգացման շուրջ, սակայն դրա փոխարեն Կատալոնիա ուղարկեց հազարավոր ոստիկանների

հոկտեմբեր 24, 2017 - 07:04        Viewed: 148       

Կատալոնիայի վարչապետ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ շրջանը մերժում է ուղիղ կառավարում մտցնելու Մադրիդի պլանը: Նա այդ նախաձեռնությունն անվանել է կատալոնյան պետականության հանդեպ լրջագույն գրոհ գեներալ Ֆրանկոյի բռնապետության ժամանակներից ի վեր, որն Իսպանիան գլխավորել է 1939-1975թթ-ին և որի կառավարման տարիներին շրջանի ինքնավարությունը չեղարկվեց: Նվազագույնը 450 հազար մարդ է դուրս եկել Բարսելոնայի փողոցներ՝ վանկարկելով «Ազատություն և անկախություն» կարգախոսը շաբաթ՝ հոկտեմբերի 21-ին:

Մի քանի օր առաջ Իսպանիայի վարչապետ Մարյանո Ռախոյը հայտարարել է Կատալոնիայի ղեկավարներին իշխանությունից հեռացնելու և շրջանի խորհրդարանի գործունեությունը սահմանափակելու մտադրության մասին:

Կատալոնիայի անկախության վերաբերյալ հանրաքվեն անցկացվել է հոկտեմբերի 1-ին, որն ապօրինի է ճանաչվել Իսպանիայի Սահմանադրական դատարանի կողմից:

Պուչդեմոնի խոսքով՝ իսպանական կառավարությունը գործում է կատալոնացիների ժողովրդավարական ճանապարհով արտահայտած կամքի դեմ և հրաժարվում է երկխոսությունից: Նա հայտարարել է շրջանի խորհրդարանի նստաշրջան հրավիրելու մտադրության մասին Մադրիդի գործողություններին տրվելիք պատասխանը քննարկելու համար:

Անգլերենով դիմելով Եվրամիության քաղաքացիներին՝ Պուչդեմոնը հայտարարել է, որ Կատալոնիայում սպառնալիք է առաջացել «եվրոպական հիմնարար արժեքներին»:

Կատալոնիայում անկախության վերաբերյալ կայացած հանրաքվեին Մադրիդի արձագանքը դարձան հազարավոր ոստիկաններ, որոնք ուժ էին կիրառում անզեն ցուցարարների դեմ և նրանց ուղղությամբ կրակում ռետինե գնդակներով: Եվ առավել անարդյունավետ պատասխան դժվար է պատկերացնել, գրում է Foreign Affairs-ի տեսաբան Ջոզեֆ Հադլսթոունը:

Հարցումներից դատելով՝ հանրաքվեի նախաշեմին անկախության գաղափարը Կատալոնիայում քաղաքացիների շրջանում մեծ ժողովրդականություն չէր վայելում: Իսպանական կառավարությունը հանգիստ կարող էր թույլ տալ հանրաքվեն անցկացնել, իսկ հետո՝ կամ համոզվել դրա ձախողման մեջ, կամ անկախության կողմնակիցների հաջողության դեպքում հանրաքվեի արդյունքներն իրավաբանորեն չկայացած հայտարարել:

Դրա փոխարեն Իսպանիայի կառավարությունը խախտեց ժողովրդավարության գլխավոր նորմերից մեկը՝ սեփական կարծիքի արտահայտման իրավունքը, և հսկայական միջազգային ուշադրություն գրավեց:

Իսպանիայի կառավարությունը կարող էր մտածել երկրում ֆեդերալիզմի զարգացման շուրջ, սակայն դրա փոխարեն Կատալոնիա ուղարկեց հազարավոր ոստիկանների:

Այժմ տեղական սոցցանցերը լի են ոստիկանական բռնության, այդ տարածաշրջանում արգելված ռետինե գնդակների կիրառման և անգամ քվեաթերթիկների առգրավման տեսարաններ պարունակող տեսանյութերով:

Դա իսկական նվեր է անկախության համար շարժմանը:

Բոլոր անջատողական շարժումներն ու երկրները, որտեղ դրանք զարգանում են, բախվում են այդ խնդրին. մի կողմից՝ պետության տարածքային ամբողջականության սկզբունքը, մյուս կողմից, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ խարտիայի 1-ին գլխում, որտեղ ասվում է, որ այն կարելի է իրականացնել, եթե կենտրոնական կառավարությունն ունակ չէ կատարելու իր պարտականությունները:

Սովորաբար արտաքին աշխարհը մերժում է էթնիկական խմբերի ինքնորոշման հավակնությունները, հատկապես, եթե դրանք գալիս են ժողովրդավարական երկրների քաղաքացիներից: Սակայն ոստիկանական բռնության տեսարանները, որոնցով լի են այժմ աշխարհի բոլոր լրատվամիջոցների էջերն ու էկրաններն, անկասկած ձեռնտու են անջատողականներին և ապացուցում են կենտրոնական կառավարության չկայացվածությունը:

Օրինակ, դեպի անկախություն Կոսովոյի ճանապարհը սկսվել է 1990թ-ին այն բանից հետո, երբ Սերբիան լուծարեց շրջանի կառավարությունը, իր տարածքից վտարեց այդտեղ աշխատող 100 հազար կոսովցիների և Կոսովո մտցրեց խոշոր ռազմական կոնտինգենտ: Էթնիկական զտումների վերաբերյալ միջազգային անհանգստությունը ժամանակի ընթացքում վերաճեց շատ երկրների կողմից կոսովյան պետականության ճանաչման:

Ոչ ոք բնականաբար այժմ չի ճանաչում Կատալոնիայի անկախության իրավունքը մանր պետություններից զատ, որոնք ռիսկի տակ չեն դնում Իսպանիայի և Եվրամիության հետ հարաբերությունները և սեփական անջատողականության սպառնալիք չեն զգում:

Սակայն կան անջատողական շարժումներին աջակցելու այլ հայտնի միջոցներ. առաջարկել ՄԱԿ և ԵՄ բանաձևեր և ամենատարբեր պատժամիջոցներ, ֆինանսավորել անջատողականների ռազմական կազմավորումները, կասեցնել դիվանագիտական կապերը նրանց ընդդիմադիրների հետ:

Այդ ամենն ինքնուրույն պետականության աստիճանաբար ճանաչման քայլեր են: Վերջին ժամանակների վառ օրինակ կարող են ծառայել քրդերը, ավելի վաղ՝ Բանգլադեշն ու Հարավային Սուդանը:

Եթե իսպանական կառավարության անհամաչափ արձագանքը շարունակվի, Կատալոնիան կարող է նույնատիպ աջակացություն ստանալ այլ երկրների կողմից, հատկապես՝ նախկին գաղութների:

Իսպանական կառավարությունը, եթե այն ցանկանում է վերականգնել իր վարկը, պետք է ամեն կերպ աջակցի ֆեդերալիզմի զարգացմանը և նախևառաջ չեղարկի 2010 թ-ի տխրահռչակ դատական որոշումը, որը Կատալոնիային զրկեց կարևոր ինքնավար իրավունքներից լեզվի և դատական համակարգի ոլորտներում:

Հակառակ դեպքում աշխարհը կարող է որոշել, որ այն հետևում է Իսպանիայի վերադարձին դեպի բռնապետական անցյալ: Իսկ կատալոնյան անկախության կողմնակիցներն ավելի մեծ աջակցություն կստանան այլ երկրների կողմից:

Ջոզեֆ Հադլսթոուն

Օրացույց