Քրիստոնյաների պաշտպանության հայտը ԱՄՆ-ի նոր ռազմավարության մասն է

հոկտեմբեր 30, 2017 - 00:17        Viewed: 196       

«Այսօր ես եկել եմ ասելու ձեզ՝ օգնությունը ճանապարհին է», -Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսն «Ի պաշտպանություն քրիստոնյաների» գագաթաժողովի իր հայտարարության ընթացքում ազդարարել է Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքների նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության արմատական փոփոխության մասին: ՄԱԿ-ը, Փենսի խոսքով, լիարժեք չի կատարում իր առաքելությունը: Արդյունքում տարածաշրջանում փոքրամասնություն կազմող քրիստոնյա համայնքներին ամերիկյան օգնությունը գրեթե չի հասնում.

«Մերձավոր Արեւելքի մեր քրիստոնյա բարեկամները չպետք է ապավինեն միջազգային կազմակերպություններին: Ամերիկան կարող է նրանց ուղղակի օգնել: Ուստի պատիվ ունեմ հայտարարելու, որ նախագահ Թրամփը հրահանգել է Պետքարտուղարությանը դադարեցնել ՄԱԿ-ի անարդյունավետ օգնության ֆինանսավորումը: Այսուհետ Ամերիկան ուղղակի օժանդակություն կտրամադրի այդ համայնքներին»:

Թրամփի վարչակազմի որոշումը լայն աջակցություն է գտել ոչ միայն գագաթաժողովին ներկա Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների, այլեւ ամերիկյան օրենսդիրներից շատերի կողմից: Կոնգրեսական Քրիս Սմիթի խոսքով, դա թույլ կտա քրիստոնյաներին իրական օգնություն ստանալ.

«Քրիստոնյաները չէին այցելում ՄԱԿ-ի օգնության կետերը, քանի որ քրիստոնյա կանանց նկատմամբ կարող էին բռնություն կիրառել, իսկ տղամարդկանց ծեծի ենթարկել կամ սպանել: Նման կետերից շատերում նրանց մահացու վտանգ էր սպառնում»:

Իր ելույթում փոխնախագահ Փենսը հիշեցնում է, որ քրիստոնեությունը տարածվել է հենց Մերձավոր Արեւելքից. «Սիրիայի սարերում, Լիբանանի հովիտներում, Նինվեի հարթավայրերում, Հայկական լեռնաշխարհում, Տիգրիսի եւ Եփրատի ափերից մինչեւ Նեղոսի դելտա մեր հավատքի հայրերն ու մայրերը Քրիստոնյա հավատքի սերմերն են տնկել»:

ԱՄՆ-ն աստիճանաբար ճշգրտում է իր քաղաքականությունն աշխարհի տարածաշրջաններում, մասնավորապես Մեծ Մերձավոր Արեւելքում եւ Ռուսաստանի հանդեպ: Մինչեւ հիմա Վաշինգտոնի քաղաքականության անորոշությունը շատերը պայմանավորում էին Թրամփի վարչակազմի վերջնական ձեւավորված չլինելով: Այժմ, ըստ երեւույթին, Վաշինգտոնը կարող է սկսել իր ռազմավարության իրագործումը:

Միայն կռահել կարելի է, թե ինչ կա այդ ռազմավարության հիմքում: ԱՄՆ նոր վարչակազմը հայտարարում է գլոբալ լիդերության վերականգնման մասին, ինչը նշանակում է, որ աշխարհում բոլոր գործընթացներն այսուհետ ԱՄՆ-ն փորձելու է վերահսկել եւ ուղղել իրեն անհրաժեշտ հուն:

ԱՄՆ քաղաքականությունն ավելի նպատակաուղղված է դառնում, եւ երկերները, որոնք մինչեւ հիմա օգտվում էին ԱՄՆ քաղաքականության անորոշությունից, ակամա սկսում են մտածել Վաշինգտոնի հետ նոր հարաբերությունների մասին, որը կարող է կոտրել գոյություն ունեցող դրածքը: Դա վերաբերում է նաեւ Հայաստանին:

Քրիստոնյաների պաշտպանության հայտը, ըստ երեւույթին, ԱՄՆ նոր ռազմավարության մասն է: Այդ համատեքստում հասկանալի է դառնում ԱՄՆ դիրքորոշումը ղարաբաղյան խնդրում, որի մասին վերջերս հայտարարել էր Ռեքս Թիլերսոնը: Այդ դիրքորոշումը ամբողջությամբ համընկնում է հայկական կողմի մոտեցումներին, սակայն Երեւանն առայժմ չի կարող բացահայտ հայտարարել այդ մասին:

Օրացույց