Վրաստանում կգործարկվի նոր կենսաթոշակային կուտակային համակարգ

նոյեմբեր 03, 2017 - 00:05        Viewed: 181       

2018թ-ի ամռանը Վրաստանում կգործարկվի նոր կենսաթոշակային կուտակային համակարգ: «Կուտակային կենսաթոշակի մասին» օրինագիծը, որն արդեն տարվա վերջին կմտնի խորհրդարան, Վրաստանի էկոնոմիկայի, ֆինանսների և Ազգային բանկի համատեղ աշխատանքն է: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Վրաստանի յուրաքանչյուր մշտական բնակչի համար կենսաթոշակային հաշվեհամար կբացվի, որի վրա տարեկան կփոխանցվեն գումարները:

Գումարը հետևյալ կերպ է հաշվարկվում. ամենամսյա գրանցված աշխատավարձի 2 տոկոսը կփոխանցի ինքը՝ աշխատակիցը, 2 տոկոսը՝ նրա գործատուն և 2տոկոսը՝ պետությունը:

Նոր կենսաթոշակային համակարգը կտարածվի ինչպես Վրաստանի քաղաքացիների, այնպես էլ Վրաստանում մշտապես բնակվող արտասահմանյան քաղաքացիների, ինչպես նաև ինքնազբաղված ոչ քաղաքացիների վրա, որոնք եկամուտ են ստանում:

Նրանց համար, ովքեր դեռ 40 տարեկան չեն, բարեփոխման մեջ ներառվելը պարտադիր կլինի: 40 տարեկանից բարձր անձանց համար բարեփոխմանը մասնակցելը կամավոր է:

Նոր կենսաթոշակային համակարգում կներառվեն նաև ինքնազբաղված անձինք, սակայն նրանք պետք է ամենամսյա եկամտի 4%-ը փոխանցեն կուտակային հաշվին, քանի որ, ըստ օրինագծի հեղինակների, այդ դեպքում ինքնազբաղվածը և աշխատակից է, և գործատու: Ինքնազբաղվածի այդ 4 տոկոսին 2% գումար կավելացնի պետությունը:

Նոր կենսաթոշակային համակարգը չի նշանակում, որ հին, ֆիքսված կենսաթոշակը կչեղարկվի, որն այսօր կազմում է ամսական 180 լարի (70 դոլար): Այն յուրօրինակ հավելում կլինի հիմնական կենսաթոշակային գումարին:

Եթե կենսաթոշակ կուտակած անձը մահանա, ապա նրա ֆինանսական խնայողությունները կարող են տնօրինել նրա ուղիղ ժառանգորդները:

Նոր համակարգը մարդուն թույլ է տալիս հետաձգել իր կենսաթոշակի անցնելը և շարունակել կուտակել իր խնայողությունները: Սակայն, երբ մարդ հասնի կենսաթոշակային տարիքի, պետությունն ու գործատուն կդադարեն փոխանցել իրենց 2%-ներն այդ ֆոնդին: Նա կարող է իր խնայողությունները ավելացնել միայն իր 2% փոխանցումների հաշվին:

Նոր կենսաթոշակային համակարգը կենսաթոշակային գործակալության ստեղծում է ենթադրում, որի կազմում կլինեն հոգաբարձուների և ներդրումային խորհուրդ: Առաջին երեք տարվա ընթացքում կենսաթոշակային գործակալությունը կֆինանսավորվի պետության կողմից, այնուհետև կարող է գոյատևել քաղաքացիների փոխանցումների հաշվին:

Օրինագծի ստեղծողները սպասում են, որ առաջին ֆիսկալ տարվա ընթացքում նոր համակարգի գործարկումից հետո փոխանցումների ընդհանուր գումարը կկազմի 400մլն լարի (ավելի քան 15.3մլն դոլար):

Դավիթ Թաբագարի

Օրացույց