Տարածաշրջանի իրավիճակը փոխվու՞մ է

նոյեմբեր 06, 2017 - 00:16        Viewed: 192       

Նոյեմբերի 6-7ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրավերով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելելու է Իսրայել: Հայաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Նալբանդյանը հանդիպելու է Իսրայելի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Նալբանդյանը հանդիպելու է նաեւ Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանին:

Սա Նալբանդյանի առաջին այցը չէ Իսրայել: Նա այնտեղ է եղել նաեւ 2015 թվականի մարտի 5-ին: Այցը Հայոց ցեղասպանության 100-ամյակից առաջ էր, երբ Հայաստանը ճշտում էր տարբեր երկրների դիրքորոշումները եւ փորձում հնարավորինս շատ երկրների ղեկավարների Հայաստան բերել: Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Հայաստան էին եկել Ռուսաստանի, Ֆրանսիայի, ինչպես նաեւ եվրոպական մի քանի այլ երկրների ղեկավարներ:

Դրանից հետո տարածաշրջանում շատ ջրեր են հոսել: 2016 թվականի ապրիլին Արցախում քառօրյա պատերազմ եղավ, որում անսպասելի էական դեր ունեցավ Իսրայելը, որն Ադրբեջանին կամիկաձե դրոններ էր մատակարարել: 2017 թվականին ամռանը սկանդալ ծագեց, որ Ադրբեջանն իսրայելցի մասնագետներին ստիպել է հայկական դիրքերի վրա փորձարկել մատակարարված զենքը: Իսրայելի Պաշտպանության նախարարությունը դրանից հետո կասեցրեց մատակարար ընկերության արտոնագիրը: Տեղեկություններ կան, սակայն, որ Իսրայելն Ադրբեջանին մատակարարել է կամ կմատակարարի Երկաթե գմբեթ հակահրթիռային համակարգեր:

Ամռանն անսպասելի Հայաստան այցելեց Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին, ով Հայաստանին համագործակցության լայն շրջանակ առաջարկեց: Հայաստանը շատ զուսպ արձագանքեց այդ առաջարկներին: Նալբանդյանի այցը, սակայն, այն էլ վարչապետի հրավերով, վկայում է, որ հարաբերություններում կարող է ինչ որ բեկում լինել:

Բենիամին Նեթանյահուն առաջարկներ ունի՞ Հայաստանի համար: Տարածաշրջանային վերափոխումների ֆոնին Հայաստանը որքանո՞վ է շահագրգռված մերձավորարեւելյան քաղաքականության ակտիվացմամբ:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը վերջերս Սիրիայում էր, որտեղ փորձում էր հետպատերազմյան վերականգնման փուլում պետական պատվերներ ստանալ: Ավելի վաղ Իրան էր այցելել վարչապետ Կարեն Կարապետյանը, ով, ըստ երեւույթին, այդպես էլ չի կարողացել որեւէ բան պայմանավորվել Թեհրանում:

Ի դեպ, 2010 թվականին այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանն անսպասելի չեղյալ էր հայտարարել Երուսաղեմ այցը: Իսրայելական լրատվամիջոցները գրել էին, որ դա տեղի է ունեցել Իրանի ղեկավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

Ըստ ամենայնի, Նալբանդյանի այցը նպատակ ունի ճշտել հայ-իսրայելական ոչ այնքան լայն հարաբերություններում կուտակված մի շարք հարցեր:

Օրացույց