Էրդողանը Պուտինին նոր «հայկական» պայմանագիր է առաջարկում

նոյեմբեր 07, 2017 - 00:50        Viewed: 253       

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է մոտ ժամանակներս Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման եւ նրա հետ ղարաբաղյան հարցը քննարկելու մասին: Նա ընդգծել է, որ եթե Պուտինը զբաղվի հարցի լուծմամբ, ավելի հեշտ կլինի արդյունքի հասնել:

Էրդողանն այս մասին հայտարարել է Բաքվից Անկարա վերադառնալիս եւ կարելի է ենթադրել, որ դրանով է պայմանավորված ղարաբաղյան թեմայի հիշատակումը: Չի կարելի բացառել, սակայն, որ Էրդողանը մտադիր է Պուտինին որոշակի առաջարկներ անել, որոնց համատեքստում է նաեւ ղարաբաղյան խնդիրը:

Այս առաջարկները կարող են վերաբերել մեծ համալիրի՝ հաղորդակցություններ, էներգետիկա, սպառազինության գնում, ինչպես նաեւ քաղաքական դաշինքի ստեղծում, որը թույլ կտա դիմակայել տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությանը:

Այնպես է ստացվել, որ ղարաբաղյան խնդիրը այդ խնդիրների համալիրի լուծման «բանալին է»: Չնայած Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացմանը, Թուրքիային ու Ադրբեջանին չի հաջողվում դառնալ տարածաշրջանի «տերը»:

Անկարան ու Բաքուն տեսնում են, որ աշխարհում մեծանում են կասկածներն Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ Թուրքիայի էքսպանսիոն քաղաքականության հանդեպ: Բաքուն չի կարողանում տարածքային ամբողջականության պահանջը ներառել միջազգային փաստաթղթերում, իսկ Թուրքիան տագնապով հետեւում է, թե ինչպես է ԱՄՆ-ն հայտարարում Մերձավոր Արեւելքում «առանց ՄԱԿ օգնության» քրիստոնյաներին օգնելու մտադրության մասին: ԱՄՆ նախագահ Մայք Փենսը, խոսելով քրիստոնեության օրրանի մասին, չի նշել «Թուրքիա» բառը: Նա ասել է, որ քրիստոնեությունը ծնվել է Սիրիայի լեռներում, Լիբանանի հովիտներում եւ Հայկական լեռնաշխարհում:

Թուրքիային չէր կարող չանհանգստացնել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի դիմումը Կոնգրեսին՝ աշխարհի ցանկացած կետում ահաբեկիչների դեմ ռազմական ուժի կիրառման համար բանակին իրավունք տալու վերաբերյալ:

Թուրքիան եւ Ադրբեջանը Մոսկվայից ավելի վճռական քայլերի են սպասում, այդ թվում Հայաստանի վրա ճնշում գործադրելու եւ «ղարաբաղյան բանալին» օգտագործելու մասով:

Նոյեմբերի 15-16-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Ռուսաստանում է լինելու, եւ չնայած դեռ չի հայտարարվել Պուտինի հետ հանդիպման մասին, հնարավոր է այն կհամընկնի Պուտին-Էրդողան հանդիպմանը: Պուտինն Էրդողանի առաջարկները կփոխանցի՞ Սարգսյանին եւ ինչպե՞ս կարձագանքի պաշտոնական Երեւանը:

Անկարան ու Մոսկվան գիտեն, որ ղարաբաղյան խնդիրը ճեղքել է 100-ամյա պայմանագիրը, եւ կամ պետք է վերականգնել հին ստատուս-քվոն (2016-ի ապրիլին դա չհաջողվեց), կամ էլ կնքել նոր պայմանագիր:

Նաիրա Հայրումյան

Օրացույց