Ճանաչե՛ք, Գոհար Հակոբյան

դեկտեմբեր 13, 2013 - 13:20        Viewed: 1928       

Մեր ազգն հասել է մինչ օրս միայն նրա շնորհիվ, որ մենք միշտ ունեցել ենք մարդիկ, ովքեր ինչ ուզում է անեին, անում էին հանուն իրենց ազգի: Նկարում էին, գրքեր գրում, կառուցում ճարտարապետության հուշարձաններ, կռվում էին զենքը ձեռքին… Ապրում և գործում էին մեր ազգի բարեկեցության մտքով:

Մեր համայնքը հարուստ է տարբեր մարդկանցով… Կան ամեն տեսակի: Մեզնից յուրաքանչյուրը կարող է հիշել և արժանիներին և ոչ այնքան: Ոմանց գիտեն շատերը, ոմանց միայն հարազատները… Մի խոսքով, Մեր Համայնք: Դե եկե՛ք խոսենք մենք մերոնցով:

Ճանաչե՛ք,Գոհար Հակոբյան.

«Ես ծնվել եմ Թբիլիսիում, իմ մայրը ևս: Իմ մանկությունն անցել է Թիֆլիսյան հին թաղամասում` Արծաթյա փողոցում: Սբ.Նշանի բակում: Հիշում եմ այն ժամանակ եկեղեցու շենքում գործում էր տպարան, և մենք հարևանի երեխաների հետ վազում էինք նայելու, թե ինչը ոնց էր այնտեղ կատարվում:

Մայրական գծով իմ նախնիները Ղարսից են, Փալդավան գյուղից: Քոթանջյանները Փալդավանից: Ավանդաբար մեր նախնիները զբաղվում էին երկաթյա շղթաների պատրաստմամբ: Ազգում եղել է նույնիսկ քահանա` իմ նախապապը` Ներսես Քոթանջյանը: Պապիկի ընտանիքը 1871 թվականին լքել է Փալդավան գյուղը, բայց Թիֆլիսում իմ նախնիները հայտվել են ոչ միանգամից: Սկզբում նրանք բնակվել են Գյումրիից ոչ հեռու` Ջրարարփ գյուղում: Երբ նրանք այնտեղ տուն էին կառուցում, շինարարության ժամանակ փորել էին հին ձեռագիր` կաշվե տոպրակի մեջ թաքցրած: Գիրքը գրված էր 1288 թվականին Արճեշ գյուղում` ոչ հեռու Վանից: Ձեռագիրը շատ հարուստ կերպով էր ցուցադրված: Արտագրողն ու նկարիչը ինչ-որ Սիմոն քահանա է եղել: 1971 Մատենադարանից պատվիրակություն էր գալիս, ուսումնասիրում այդ ձեռագիրը: Փող էին առաջարկում, բայց իմ տատիկն ասում էր. «Էրեխեքիս տարե՛ք, գիրքը չեմ տա:» Այդ գրքից էլ սկսվեց իմ առնչությունը մանրանկարչության հետ: Ճիշտ է, գրքին դիպչելը մեզ` երեխաներիս, արգելում էին, բայց երբեմն, երբ գիրքն օդափոխում էին, նրան դնում էին մաղի վրա և դուրս բերում լույսի տակ, այդ ժամանակ էլ մենք երջանկություն ունեինք տեսնելու այդ գլուխգործոցը: Այնտեղ կային այնպիսի գույներ, որ լինում էր այնպիսի զգացողություն, որ դրանք հենց նոր են արվել և դեռ չեն հասցրել չորանալ: Շատ գունեղ, շատ հյութեղ… հատկապես կարմիրը և կապույտը:

Մանրանկարչությունը կարելի է ուսումնասիրել ժամերով: Այնտեղ ամեն շարժում, ամեն գույն ունի ինչ-որ նշանակություն` ծիսական նշանակություն: Ես ուզում էի զբաղվել նրանով, ինչ չէին անում ուրիշները: Ես չեմ ուզում, որ մեր մանրանկարչության արվեստն ընդհատվի: Այո, ես, իհարկե, չեմ դառնա մանրանկարչության գագաթնակետը: Ես այդպիսի նպատակ ո՛չ էլ ունեմ: Իմ նպատակն է շարունակել գիծը, չտալ արվեստի այդ տեսակին մեռնել, գոնե Թբիլիսիում: Իսկ հետո… Չէ՞ որ մենք չգիտենք, թե վաղը ով կծնվի մեր ազգում… Գուցե՞ արդեն ծնվել է Սարգիս Պիծակը, Թորոս Ռոսլինը… Ես երազում եմ: Երազում եմ և աշխատում: Եթե երազել և ոչինչ չանել, դա պատրանք է: Եթե ոչինչ չես ուզում անել, ապա ինչո՞ւ ես երազում: Այդպես ես սկսեցի մանրանկարչություն նկարել: Ես եկեղեցի էլ եկա հայրենասիրական մղումով, նկարել ևս սկսեցի հայրենասիրությունից դրդված:

Իմ հայրը ծնվել է Նովոռոսիսկում, և մենք ավելի շատ առնչություն ունեինք ռուս մշակույթի հետ: Տանը խոսում էին ռուսերեն, մենք սովորել ենք ռուսական դպրոցում: Բայց ես շատ շուտ զգացի, որ ես հայուհի եմ: Հիշում եմ, ինչ-որ հաղորդում էր Հայաստանի մասին: Նայելով այդ հաղորդումը` սրտումս սկսեց ինչ-որ բան սեղմվեց: Ես 10-12 տարեկան էի, չեմ հիշում հաստատ: Ես, իհարկե, այն ժամանակ չէի հասկանում, թե ինչ է նշանակում դա «սրտի սեղմում», բայց ինձ համար շատ հաճելի էր, որ հայերին գովեցին, և այդ ժամանակվանից ես սկսեցի հետաքրքրվել: Այն ժամանակ չկար համացանց, և բոլոր տեղեկությունները ստիպված էինք լինում հավաքել քիչ-քիչ, այստեղից, այնտեղից… Պատմական հանգամանքներով պայմանավորված` հիմանականում մեր արվեստը կենտրոնացված էր կրոնի շուրջ, իսկ այն տարիներին, երբ ես երիտասարդ էր, կրոնի հետ կապված գրականությունը, մեղմ ասած, այնքան էլ հասանելի չէր: Հիմա մարդիկ մասսայականորեն լցվել են եկեղեցի, բայց ես համոզված եմ, որ 90%-ը նույնիսկ չի էլ հասկանում, թե դա ինչ է: Առաջ կրոնով հետաքրքրվելն ընդունված չէր, էլ չեմ ասում`պատարագներին ներկայանալը: Դրա պատճառով կարող էին նաև արտաքսվել կոմերիտականից: Այդ պատճառով, երբ քաղաքական գործիչները կամ իմ հասակի հասարակության անդամներն այսօր պնդում են, որ նրանք միշտ եղել են հավատացյալներ, ես նրանց չեմ հավատում: Դա ճիշտ չէ: Դա ծիծաղելի է: Կոմերիտականում չլինելով, դու չէիր էլ ստանա երաշխավորագիր: Երաշխավորագիր չստանալով` դու չէիր կարող զբաղեցնել ինչ-որ պաշտոն, առավել ևս` նշանակալի: Նրանք կեղծում են:

Իմ կյանքի նպատակն է հայկական հարցի ժողովրդականությունը, բայց ոչ իրավաբանական, այլ` մշակութային: Հայաստանի և մեր մշակույթի շուրջ գոյություն ունի լուռ դավադրություն: Օրինակ ամբողջ աշխարհը բղավում է Ստոունհենջի մասին, ով է խոսում Զորաց քարերի մասին: Բայց չէ՞ որ նա շատ ավելի հին է: Շատ դժվար է խոսել մարդկանց հետ, ովքեր պատկերացում չունեն հայկական մշակույթից: Առաջին հերթին դժվար է խոսել հայերի հետ: Ոչ բոլորն են մեզնից գիտակցում, թե ի՞նչ մշակույթ ենք մենք ունեցել, թե ինչպիսի՞ հարստության կրողներ ենք: Մենք շատ անհոգ ենք վերաբերվում մեր մշակույթին: Ցավոք:

Ժոզեֆ Ստարժեգովսկին ապացուցել է, որ գոթիկան ծնվել է հայկական ճարտարապետությունից: Լյուբիմով, Տոկարսկի և ուրիշներ խոսում էին դրա մասին, որ խաչասերված կամարի առաջին օրինակն է` Հաղպատի վանքում գտնվող: Մենք հպարտանալու բան ունենք: Պետք է զգալ ոչ միայն հպարտություն, այլև պարտավորություն` պահպանելու այն ամենը, ինչը հպարտություն է:

Իմ սահմանափակ հնարավորությունների չափով ես ժողովրդականացնում եմ մեր մշակույթը: Բառացիորեն հացի վրա տնտեսելով և փող հավաքելով` ես գնեցի ֆոտոխցիկ: Հիմա ամեն Հայաստան գնալուց ես բերում եմ ավելի շատ քանակությամբ նկարներ, որոնք հետո դնում եմ ֆեյսբուքում: Մտածում եմ, գոնե մեկը դրանք կտեսնի, չէ՞… Ես երազում եմ իմ նկարների ցուցահանդեսն անել: Բայց նրա համար չէ, որ ասեմ, ա՛յ, ինչ լավն եմ ես, ինչպիսի՞ նկարներ եմ անում: Ես ուզում եմ դա անել, որպեսզի մարդիկ գան և տեսնեն, թե ինչի՞ն ենք մենք տնօրինում, տեսնեն, թե հանուն ինչի՞ ենք մենք տարել այդքան դժվարություններ, հանուն ինչի՞ ենք ազատագրել Արցախը: Հանուն ինչի՞ պետք է մնալ այն, ինչ մենք կանք` հայ: Կան մարդիկ, ովքեր չեն զգում իրենց պատկանելությունը մեր քաղաքակրթությանը: Եթե ես մեկ օր մոռանայի, որ ես հայ եմ, ես երևի ինքնասպան կլինեի:

Բայց ես կուզեի խոսել ոչ իմ մասին, եկեք խոսենք Համայնքի դրության մասին:

80-ական թվականների վերջին Համայնքն ուներ մեծ սպասումներ: Ազգային ինքնագիտակցության մի այնպիսի ճողփյուն կար, ինչպիսին կար գուցե գիր ձեռք բերելու տարիներին: Մարդիկ մեծ փողեր էին տալիս, նրանք սպասում էին: Բայց արդյունքում այդ փողերը և ավելի կարևոր` նրանց սպասումները փշրանքների վերածեցին:

Մենք շատ էինք... Եվ իսկապես ունեինք մտավորական շերտ: Հասարակության լույսը: Համայնքի ցույցերին հսկայական քանակով մարդիկ էին հավաքվում: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Թբիլիսիում մենք հավաքեցինք երկու պայուսակ գումար, որը ես տարա և հանձնեցի Դաշնակցություն կուսակցությանը… Մենք շատ էինք: Հիմա ապրիլի 24-ին Համայնքը ավտոբուսներ է տրամադրում, բայց այդ ակցիային այդքան էլ շատ չենք լինում, իսկ առաջ ոչ մի ավտոբուս էլ չկար: Մարդիկ ինքներն էին գալիս: Այսօր մարդկանց տիրում է նիհիլզմը, ինչը օբյեկտիվ պատճառներ ունի: Երբ մի անգամ խաբում են, հետո երկրորդ, երրորդ... շատերն այլևս ոչնչի չեն հավատում հիմա: Որբ քանդում էին մեր եկեղեցիները, մենք դուրս էինք գալիս, պահանջում էինք, բայց «Բայբուրտների» նման մարդիկ ասում էին- Ի՞նչ եք ուզում: Ուրիշի հողի վրա եք: Սուս կացե՛ք և ցրվե՛ք... Այնպիսի մարդիկ, ինչպիսին «բայբուրտներն» են, սկսեցին խռովություն սերմանել մարդկանց մեջ: Երբ հայկական համայնքը գրանցելու հնարավորություն կար, այդ մարդիկ ամեն ինչ արեցին, որ դա տեղի չունենա: Նրանք զրպարտեցին շատ ազդեցիկ հայերի, այդ թվում Հրանտ Աբրահամյանին: Ինչ-որ երկտող գրեցին ԿԳԲ (պետական անվտանգության կոմիտեում) նաև կեղծեցին հասարակական գործիչների ստորագրություններ: Օրինակ Գայանե Խաչատրյանինը: Երբ նա իմացավ, որ իր ստորագրությունը կա այդ նամակում, սովորաբար հանգիստ այդ կինը ցասման մեջ էր... Եվ այդ մարդիկ հիմա հասարակության դեմքերն են: Անկախ մեր ցանկությունից- Հայաստանը հաշվի է նստում իրենց հետ և հենց իրենց է ընդունում որպես համայնքի ներկայացուցիչներ...

Երբ սկսեցին քանդել մեր եկեղեցիները, մենք ստորագրություններ հավաքեցինք: Դա օգնության ճիչ էր: Նույնիսկ մի օրինակ Էջմիածին տարանք: Այնտեղ մենք լռության հանդիպեցինք: Նույնիսկ ոչ պաշտոնապես մեզ փոխանցեցին Վազգեն Ա-ի խոսքերը - «Ես Վրաստանում եկեղեցիներ չունեմ»: Այդպես մեզ փոխանցեց Ներսես Փոզամփալյանը: Այդ ժամանակ Վազգենն արդեն հիվանդ էր և չկարողացավ մեզ ընդունել: Չգիտեմ իսկապես այդպիսի բան է նա ասել, թե ոչ, բայց այդպես մեզ փոխանցեցին: Հետո Պետրոսյանը հանդիպման եկավ Գամսախուրդիայի հետ... և մենք նրան էլ կարողացանք տալ մեր նամակն ու ստորագրությունները: Լուրջ կռիվ կար, բայց մենք ոչ մի հենարան չունեինք: Թեմից նույնպես, որպես եկեղեցական ինստիտուտ ոչ մի աջակցություն չունեինք: Այն ժամանակ Գևորգն էր սրբազանը, և բոլորը հիշում են ինպիսի մեղմ մարդ էր նա: Կոնֆլիկտներ չէր սիրում: Եվ մենք ոչ մի աջակցություն չունեինք: Նա շատ կրթված, բարձր մշակույթ ունեցող մարդ էր, բայց նրա որակները չէին համապատասխանում այն ժամանակվա բարդ շրջանին: Այդ տարիներին, եկեղեցու դիմաց, Մեյդանում տանկ էին կանգնեցրել: Կարծում եմ դա պատահաբար չէին արել...

Մարդիկ սպասում էին, փոփոխությունների ցանկություն ունեին, բայց ոչ մի աջակցություն չկար, կային միայն խնդիրներ ու խոչընդոտներ «բայբուրտներից»: Ինչ-որ բան փոխելու փորձեր եղան, բայց հաջողությամբ չպսակվեցին: Չստացվեց: Հենց եկավ Գամսախուրդիան, սարսափը սկսվեց: Բոլորը վախենում էին նույնիսկ խոսել մայրենի լեզվով: Հիմա շատերն են դա հերքում, բայց չէ՞ որ դա ճիշտ է: Նույնիսկ երթուղայինում հայերեն խոսելը վտանգավոր էր: Բայբուրտն արդեն իր պաշտոնում էր: Հասարակական մարդու վրա պաշտոնը շատ մեծ ազդեցություն ունի: Նրա խոսքն ու իմ արյունը հավասարազոր չեն: Նրա խոսքն ավելի բարձր է: Ահա թե ինչու, եթե մինչև Գամսախուրդիայի գալը մի ալիք կար, որը կարող էր համայնք կազմել, ապա Զվիադի գալու հետ մարդիկ սկսեցին զանգվածային կերպով հեռանալ, փախչել վտանգավոր երկրից: Իսկ նրանց, ովքեր մնացին «բայբուրտները» ճնշեցին: Սկսվեցին շատ դժվար տարիներ: Ոչ ոք արդեն դրա ժամանակը չուներ: Շատ վտանգավոր էր հայ լինել Վրաստանում: Հիշում եմ եղբորս հարսանիքն էր 93 թվակաին... մենք վարձեցինք երկու ավտոմատավորների, որ ոչ ոք չներխուժեր հարսանիք...

Գամսախուրդիայի ժամանակներն անցել են: Այո՛, կան շատ մարտահրավերներ, բայց ֆիզիկական ոչնչացման վտանգ չկա: Ինչ-որ մեկն ասում է, որ չդիմացավ ճնշմանը… չես դիամանում, թող գործդ: Պետք չի լինել սրիկա և դավաճան, իսկ հետո արդարանալ ճնշմամբ: Մեկ ու կես միլիոն հայ կարող էր պահպանել իր կյանքը, կհրաժարվեին իրենց բնույթից և կվերապրեին: Չէ՞ որ նրանք այդպես չվարվեցին: Ինչու այսօր մոռանալ և հեռանալ ինքդ քեզնից: Երիտասարդ սերունդը ունի ավելի շատ հնարավորություններ, քան մենք ունեինք, երբ երիտասարդ էինք: Միակը, որ կարևոր է, որ ղեկավարությունն ունենա մարդիկ, որոնք սիրում են հայրենիք իրենց մեջ, այլ որ թե իրենց հայրենիքի մեջ: Պետք է հայ լինել ոչ թե նրա համար, որպեսզի չլինել շարքային վրացի, այլ նրա համար որպեսզի պահես ինքնությունդ:

Մենք չպետք է մեզ հյուր զգանք այս երկրում: Հյուր էին այստեղ հրեաները: Ավելի քան 2000 տարի ապրելով այստեղ, նրանք ոչինչ չեն կառուցել: Նրանք այս հողի համար ոչինչ չեն արել: Նրանք հյուր են, մենք ՝ ոչ: Ուրիշ բան է, երբ շատերն իրենց հյուր են զգում: Դա ճիշտ չէ և դա նրա արդյունքն է, որ ինքներս չգիտենք ով ենք մենք: Ու՞ր է մեր մտավորականությունը: Չկա:

Մեր հասարակությունը հիվանդ է: Եվ շատ լուրջ հիվանդ է: Քանի դեռ մեր սերունդը չի արմատավորվել, հազիվ թե ինչ-որ բան փոխվի: Ես դա շատ լրջորեն եմ ասում: Մենք խաբված ու հիասթափված սերունդ ենք: Մովսեսը 40 տարի թափառեց անապատում և խոստացված հողը տեսավ ոչ այն սերունդը, որը եգիպտացիների ստրուկն էր, այլ երիտասարդ սերունդը, որը երբեք ստրուկ չի եղել: Ստրկային գաղափարախոսությամբ վարակված հասարակությունը չպիտի նոր կյանք մտներ: Եվ այդպես էլ եղավ: Երիտասարդ սերունդն այսօր պետք է առողջ հասարակություն կազմի: Հասարակություն, որի ղեկավավարները ոչ թե աթոռի, այլ գաղափարների ետևից են գնում:

Երկու հասկացություն կա. սիրել հայրենիքը քո մեջ կամ քեզ հայրենիքում... Պետք է սիրել հայրենիքը քո մեջ:»

 

Օրացույց