Հայ ժողովրդի «Երկաթէ Շերեփ» պատգամած անմոռանալի Հայրիկը

նոյեմբեր 10, 2017 - 00:02        Viewed: 204       

Այս օրերին ոգեկոչում ենք հայ ժողովրդին «Երկաթե Շերեփ» պատգամած անմոռանալի Հայրիկի` վանեցի Խրիմյան Մկրտիչ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մահվան տարելիցը, որը վախճանվել է 1907թ. նոյեմբերի 10-ին: Հայի ազգային հիշողությունը ջերմացնող և մեր ժողովրդի հազարամյակների ուղին լուսավորող աստղ է Խրիմյան Հայրիկի ավանդը, որն իր 87 ամյա կյանքի ժամանակաշրջանով, Ազգին ու Հայրենիքին նվիրված գործերով և հայոց ազգային ու տոհմիկ արժեքները անմահացնող գրականությամբ՝ ամբողջապես նույնացավ Հայաստանի և հայության 19-րդ. դարի ազգային զարթոնքի ու ազատագրական պայքարի հետ:

Հայոց անմոռանալի Հայրիկը ծնվել էր 1820թ.-ի ապրիլի 4-ին Վանում։ Մանուկ տարիքից հորից որբացած էր և հանձնվել էր հորեղբոր հոգատարությանը, որի խրախուսանքով և օժանդակությամբ կարողացավ ուսանել։ 1847թ.-ին արդեն ամուսնացած, անցավ Կ. Պոլիս՝ այնտեղից Եվրոպա գնալու և բարձրագույն ուսմանը հետևելու համար: Բայց նյութական դժվարությունները պատճառ եղան, որ նա մնա Պոլսում և հայոց լեզվի ու պատմության ուսուցիչ դառնա Խասգյուղի Հայոց Աղջկանց Վարժարանի մեջ: Պոլսում իր կեցության վեց տարիներին, ուսուցչության հետ միասին, Խրիմյանը նվիրվեց գավառներից եկած երիտասարդ պանդուխտներին ազգային դաստիարակությանբ տոգորելու աշխատանքին:

Ոչ միայն իր երիտասարդության և աշխարհական կյանքի այդ շրջանում, այլև՝ այնուհետև ևս, թե՛ 1853-1892 առաջնորդական և պատրիարքական իր պաշտոնավարության շրջանում, թե՛ 1892-1907 Ամենայն Հայոց Կաթողիկոսության գահակալի իր վերջին տարիներին, բառի ամենայն ընդգրկուն և խորը իմաստով մի լուսավորիչ եղավ Մկրտիչ Խրիմյանը: Խրիմյան Հայրիկի կյանքի ու գործի մղիչ ուժն ու կենարար առանցքը դարձավ հայրենի հողի պաշտամունքը, որից ներշնչվեց հայկական գավառը ամբողջական հոգածության տակ առնելու, պահպանելու և բարելավելու իր հետևողական ճիգը:

1853-ին, Վան վերադառնալով, մահացած գտավ մորն ու կնոջը և անցավ Աղթամար՝ հրաժեշտ տալով աշխարհական կյանքին: 1854թ.-ին ձեռնադրվեց Վարդապետ և լծվեց ուսուցչական ու գրական աշխույժ գործունեությանը՝ հայրենի հողին կառչած մնալու, ազգային մեր ժառանգությանը տեր կանգնելու և հայոց անկախ պետականության ավանդները վերանորոգելու գաղափարները տարածելով:

Աղթամարի պահպանողական միաբանությունը սկսեց խորթ աչքով նայել երիտասարդ Վարդապետի աշխուժությանը և Խրիմյանը ստիպված էր հեռանալ Աղթամարից: Անցավ Էջմիածին, այնտեղ՝ Երուսաղեմ և, ի վերջո, հաստատվեց Պոլսում, ուր գործուն մասնակցություն բերեց Ազգային Սահմանադրության մշակման ու ազգային կյանքի ժողովրդական-ժողովրդավարական ղեկավարմանն ի նպաստ ծավալած բուռն պայքարին: 1855թ.-ին լույս ընծայեց «Արծվի Վասպուրական» ամսագիրը, որն ազգային իր մտածողութեան մշակման ու հիմնավորման առաջին բեմը դարձավ:

1857թ.ին կրկին վերադարձավ Վան, բայց այս անգամ Վարագա Վանքում հաստատվելու և Պոլսից իր հետ բերած տպագրական մեքենայով -«Արծվի Վասպուրական»-ի հրատարակությունը շարունակելու, ինչպես նաև ազգային արթնությանը և լուսավորությանը ծառայող գրքեր տպագրելու նպատակով:

1862թ.-ին ընտրվեց Տարոնի առաջնորդ և հաստատվեց Մշո Սուրբ Կարապետ վանքը, որ շուտով դարձավ հայոց ազգային զարթոնքի ու ազատագրման տենչերի հոգեմտավոր հնոցը: Լույս ընծայեց «Արծվիկ Տարոնո» թերթը, նա իր հայրենաշունչ և ազգայնաշունչ գաղափարների տարածման նոր բեմը դարձավ հայկական նահանգների ամբողջ տարածքում:

1868թ.ին իբրև Տարոնի Առաջնորդ մասնակցեց Էջմիածնում կայացած Գևորգ Դ. Կաթողիկոսի ընտրությանը, որ առ ի գնահատանք Խրիմյանի բեղուն գործունեության՝ Եպիսկոպոսի աստիճան շնորհեց արդեն մեր ժողովրդի կողմից «Հայրիկ» անվանման արժանացած մեծ հոգևորականին:

Անսահման եղավ Խրիմյան Հայրիկի վայելած ժողովրդականությունը ողջ հայության մոտ: Եվ երբ 1869-ին Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության մի նոր գահակալ ընտրելու անհրաժեշտությունը ծագեց, ժողովրդային բուռն ու միահամուռ պահանջով Խրիմյան Հայրիկն ընտրվեց Պատրիարքը: Այնքա՜ն մեծ էին Հայրիկին կապված հույսերը, որ Պետրոս Դուրյանն, այդ ատեն տակավին պատանին, բանաստեղծություն նվիրեց Հայրիկի ընտրությանը՝ գրելով. -«Ո՞վ է որ կու գայ. թագաւո՞ր մը. ո՛չ. սեւ սքեմ մը ուսին՝ հայոց հայրիկն է որ կու գայ»...

Բայց միայն երեք տարի Խրիմյան Հայրիկը դիմացավ պատրիարքական պաշտոնավարության: Պոլսի պահպանողական խավին ու քաղքենի ամիրաների հետևողական ճնշումները և հալածանքները պատճառ դարձան պատրիարքական պաշտոնից իր հրաժարման համար։ Հայրիկը դարձյալ վերադարձավ Վան, ուր նորովի թափով շարունակեց կրթական և գրական իր գործունեությունը:

Այդ շրջանում էր, 1878թ.-ին, որ երբ Բեռլինի Վեհաժողովի հայկական մի պատվիրակություն ուղարկելու հնարավորությունը ստեղծվեց, Ներսես Վարժապետյանը Պատրիարք Խրիմյան Հայրիկին նշանակեց պատվիրակության նախագահ։ Բեռլինի մեջ Խրիմյան Հայրիկը արժանավորապես ներկայացրեց հայկական նահանգների ինքնավարության պահանջները։ Բեռլինյան առաքելության ապարդյուն վախճանը ծանոթ պատմություն է: Բայց նաև պատմություն կերտած ավանդ է, որ Բեռլինի Վեհաժողովից իր վերադարձին՝ Հայրիկն արտասանեց «Թղթե Շերեփ»ի իր անմահ քարոզը՝ հայ ժողովրդին պատգամելով, որ առանց երկաթե շերեփով խորհրդանշվող զինյալ պայքարի, չի կարելի տիրանալ Հայկական Արդարությանը:

Հայոց ազգային ազատագրական պայքարի հոգևորական ռահվիրան եղավ Խրիմյան Հայրիկը, որի քարոզներն ու գործնական աշխատանքները աննկատ չանցան Համիդյան բռնակալության կողմից և, տարիների վրա երկարած ազդարարություններից ու կաշկանդումներից հետո, Սուլթանի հրամանով Խրիմյան Հայրիկը Երուսաղեմ աքսորվեց 1891թ.ին: Բայց հազիվ մի տարի հետո, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսության նոր գահակալի ընտրության կարիքը առաջացավ, Խրիմյան Հայրիկը հայ ժողովրդի միահամուռ պահանջով ընտրվեց Սուրբ Էջմիածնի գահակալ:

Քաջ Հովվի պատմական մի ժառանգություն կտակեց Խրիմյան Հայրիկը՝ իբրև Ամենայն Հայոց Կաթողիկոս: Իր կաթողիկոսության օրով Գևորգյան Ճեմարանը ավելի ճառագայթեց իբրև հայ ազգային արժեքների կենարար հնոց և հայ առաջադեմ մտքի զարգացման ու ազգային-ազատագրական շարժման խրախուսման դպրոց: Իր կաթողիկոսությանը զուգադիպեց նաև հայ եկեղեցապատկան կալվածների բռնագրավման 1903թ.-ի ցարական տխրահռչակ հրամանագիրը, որի դեմ հայ ժողովրդի ծավալած բուռն բողոքի շարժման և անզիջող պայքարի խորհրդանիշը դարձավ հայոց ծերունազարդ Հայրիկը:

Մինչև իր վերջին շունչը Խրիմյան Հայրիկը հաղթահասակ կանգնեց հայ ժողովրդի հոգեմտավոր առաջնորդի իր բարձրության վրա:

Նոր տոմարով 1907թ.-ի նոյեմբերի 10-ին վախճանվեց Խրիմյան Հայրիկը՝ հայ ժողովրդի մտքի ու սրտի մեջ անզուգական իր բարձունքը նվաճած։ Հայրիկի աճյունը իր մնայուն դամբարանը ունեցավ Ս. էջմիածնի Մայր Տաճարի մուտքին:

Իսկ հայոց սերունդների ազգային հիշողության մեջ հավերժ քանդակվեց Պայքարի առաջնորդ Հայոց Հայրիկի մարտունակ պատգամը՝ «Ժողովո´ւրդ հայոց, անշուշտ, լավ հասկացաք, թե զենքն ի՛նչ կարող է գործել և գործում է: Ուրեմն, սիրելի և օրհնյալ հայաստանցիներ, գավառացիներ, երբ հայրենիք վերադառնալու լինեք, ձեր բարեկամներին և ազգականններին իբրև պարգև մեկ-մեկ զենք տարե´ք, զենք առե´ք և դարձյալ զենք...»:

Օրացույց