Հայաստանը ոչ միայն պիտի ակտիվացնի շփումները վրացական կողմի հետ, այլև նաև վերանայի իր աշխատաոճը

նոյեմբեր 13, 2017 - 00:11        Viewed: 235       

Հոկտմբերի 30-ին հանդիսավորությամբ բացված Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու մասին հայկական փորձագիտական դաշտում վերջին օրերին հրապարակված վերլուծություններից և գնահատականներից կարելի է առանձնացնել մի կարևոր եզրահանգում, որ այս նախագծի կենսագործումը տնտեսական, քաղաքական ազդեցությունների հետ միասին՝ երկարաժամկետ հեռանկարում կարող է անվտանգության լուրջ ռիսկեր առաջացնել Հայաստանի համար, այլ կերպ ասած՝ բացասաբար ազդել մեր անվտանգության միջավայրի վրա՝ հաշվի առնելով ԲԹԿ-ի երթուղին: Իրավիճակն ավելի լավ հասկանալու համար, նախ, պետք է հստակ պատկերացնել ԲԹԿ-ի քարտեզը: Թուրքիայի և Ադրբեջանի միջև ցամաքային կապ ապահովող այս երկաթուղին Թբիլիսիից դեպի Կարս տանող ճանապարհն անցնում է հայաբնակ Ջավախքի շրջանով, և Ախալքալաքի կայարանն իրականում ունի առանցքային նշանակություն թե՛ այս ծրագրի համար և թե՛ Հայաստանի տեսանկյունից: Մի բան պետք է հստակեցնել, որ ոչ թե կառուցվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի (Բաքու-Թբիլիսի երկաթուղին նախկինում էլ էր գործում), այլ իրականացվել է Կարս-Ախալքալաք մոտ 105 կմ-անոց հատվածի շինարարությունը և վերանորոգվել է 160 կմ երկարություն ունեցող Թբիլիսի-Ախալքալաք երկաթգիծը:

Թուրք-ադրբեջանական միացում՝ հայաբնակ Ջավախքով: Հենց այս հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում Վրաստանի հարցերի փորձագետ Վահե Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու՝ հայաբնակ Ջավախքով անցնող հատվածում՝ Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղու հարևանությամբ, կառուցվել է խոշոր ավան` կայարանի, սպասարկման, առևտրի և այլ գործառույթների համար նախատեսված բազմաֆունկցիոնալ համալիրների տեսքով, ինչից ակնհայտ է դառնում, որ երկաթուղին իր հետ Ջավախք է բերելու թուրք-ադրբեջանական մարդուժ՝ արագացնելով օրեցօր թուրքացվող Ջավախքի ժողովրդագրական պատկերի փոփոխումը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Փորձագետն ասում է, որ ըստ էության, «Ստամբուլից մինչ Բաքու ընկած թուրանական-մուսուլմանական գիծն ընդհատվում էր հայաբնակ Ջավախքի Նինոծմինդայի 30 կմ-անոց սեպով», որն էլ Թուրքիան և Ադրբեջանը փաստացի գրավում են վերոնշյալ ձևով: Այսպիսով, Անկարան և Բաքուն նոտա են ուղարկում այն մասին, որ թեև իրենց չհաջողվեց ցամաքային կապով իրար միանալ Մեղրու միջանցքով, փոխարենը հիմա այդ ծրագիրն իրագործում են Վրաստանի հարավի միջոցով՝ հայաբնակ Ջավախքի տարածքով: Ինչու է նշվում միայն Նինոծմինդայի 30 կմ-անոց հատվածի մասին. քանի որ Նինոծմինդայի հարևան և դեպի Ադրբեջան ձգվող Դմանիսի, Բոլնիսի, Մառնեուլի և Գարդաբանի շրջանները գերազանցապես ադրբեջանաբնակ են: Այս շրջանները, ի դեպ, թյուրքացել են ընդամենը 70 տարվա ընթացքում՝ 20-րդ դարասկզբին 20-30 հազար բնակչությունից դարավերջին հասնելով շուրջ 400 հազարի:

«Այսպիսով, Վրաստանի հարավային հայաբնակ Ջավախքի արագ տեմպերով մուսուլմանականացման շնորհիվ ՀՀ-ն կանգնած է իր միակ քրիստոնյա սահմանակցի կորստյան փաստի առջև: Այսինքն` բոլոր գործընթացները գլոբալ առումով տանում են դեպի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Վրաստանի ողջ հարավի տնտեսական, ժողովրդագրական և, ի վերջո, ռազմաքաղաքական իմաստներով կլանմանը, որն էլ ի վերջո բերելու է ՀՀ-ի լիակատար շրջափակմանը: Կասկած անգամ չունենք, որ ամրանալով այս վայրերում` թուրք-ադրբեջանական հրահրումով շուտով ՀՀ-ն ունենալու է այստեղով բեռնափոխադրումներ իրականացնելու մեծ դժվարություններ», -զրույցում նշեց Վահե Սարգսյանը:

Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու մասին ուշագրավ տվյալներ է հաղորդել Հայաստանի Ամերիկյան համալսարանի գիտաշխատող, պատմաբան, արևելագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը՝ «Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը. ի՞նչ անել հիմա»  (Opening of the Akhalkalak-Kars Railway: What to do Now?) վերտառությամբ իր հոդվածում քննարկելով թեմային առնչվող մի շարք կարևոր հարցեր: Հեղինակը նկատել է, որ Ախալքալաքի տերմինալը, որը կդառնա այս երկաթուղու կարևորագույն հանգրվաններից մեկը, գտնվում է Հայաստանի պետական սահմանից ընդամենը 30 կմ, իսկ Գյումրիից՝ 90 կմ հեռավորության վրա, բայց առայժմ պարզ չէ՝ Հայաստանը կկարողանա՞ օգտվել երկաթուղուց: Կան լուրջ մտավախություններ, որ Ադրբեջանը թույլ չի տա Հայաստանին միանալ ԲԹԿ-ին, բայց վրացի քաղաքական գործիչները վերջին տարիներին հավաստիացրել են հայկական կողմին, որ Վրաստանը ինքնիշխան պետություն է և ինքն է որոշում, թե ում պիտի թույլ տա օգտվել իր տրանսպորտային ենթակառուցվածքից:

Տեր-Մաթևոսյանն այս համատեքստում ընդգծում է, թե ինչ կարևորություն ունեն ընդհանրապես Հայաստանի հարաբերությունները Վրաստանի հետ, և որ այս իրավիճակում անհրաժեշտ է լուրջ աշխատանք իրականացնել՝ համոզելու վրացական կողմին, որ Հայաստանի մասնակցությունն այս նախագծին շատ կարևոր է, մինչդեռ Ռուբեն Սադոյանին Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակելը լուրջ տարակուսանք է առաջացնում: Միլիոնատեր դարձած նախկին «հարկահավաքը», որը 10 տարվա պատգամավորության տարիներին գեթ մեկ ելույթ չի ունեցել Ազգային ժողովում, հայտնի ոչ թե իր օրենսդրական գործունեությամբ, այլ ավելի շատ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ իր բիզնես կապերով, և պարզ չէ, թե նրան Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակելով՝ պաշտոնական Երևանն ի՞նչ ուղերձ է հասցեագրում Վրաստանին և տարածաշրջանային խաղացողներին:

Վահրամ Տեր-Մաթևոսյանի համոզմամբ՝ Հայաստանը ոչ միայն պիտի ակտիվացնի շփումները վրացական կողմի հետ, այլև որոշ իմաստով նաև վերանայի իր աշխատաոճը Վրաստանի և վիրահայության հետ: Առաջնահերթ քայլերից մեկը պիտի լինի Հայաստանի նախագահի այցը Ջավախք, մյուսը՝ Ախալքալաքում Հայաստանի հյուպատոսություն բացելը: Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի միակ նախագահն է, որն ի պաշտոնե այցելել է Ախալքալաք:

«Հայաստանը պետք է օգնի Վրաստանի իշխանություններին ավելի լավ հասկանալ, թե ինչքանով են մեր շահերը համընկնում այս տարածաշրջանում: Վրացիները ևս հասկանում են, որ պետք է սահմանափակել թուրք-ադրբեջանական խորացող ազդեցությունը Վրաստանում: Միայն այն փաստից, թե ինչ դեր էր հատկացված Վրաստանի վարչապետին երկաթուղու բացման ժամանակ, պարզ էր դառնում, թե ում շոուն էր դա, ովքեր են այնտեղ գլխավոր դերակատարներն ու դերաբաժանները», -զրույցում ասաց Տեր-Մաթևոսյանը:

Որպես թուրքական և ադրբեջանական քաղաքականության գործիք՝ ԲԹԿ-ի հակահայկական բնույթն, իհարկե, ակնհայտ է, և կասկած չկա, որ Հայաստանի հանդեպ թշնամական վերաբերմունք ունեցող երկու այս պետությունները տնտեսական և քաղաքական շահերից բացի, հետապնդում են շատ ավելի գլոբալ և հեռահար ռազմավարական նպատակներ, որոնց մասին արդեն նշվեց վերևում: Վահրամ Տեր-Մաթևոսյանը համաձայն է, որ թուրք-ադրբեջանական այս ծրագիրը լուրջ մարտահրավեր է թե՛ Ջավախքում հայկական ինքնությունը պահպանելու տեսանկյունից և թե՛ ընդհանրապես Հայաստանի անվտանգության համար, որովհետև Ջավախքի հայաթափման դեպքում Հայաստանը փաստացի չորս կողմից հայտնվում է թյուրքալեզու ժողովուրդների շրջափակման մեջ:

«Տրվելով առօրյա լրահոսին և իրադարձություններին, մենք հաճախ մոռանում ենք Ջավախքի կարևոր դերն ու նշանակությունը ոչ միայն Հայաստանի հյուսիսային շրջանների, այլև ամբողջ Հայաստանի համար: Ի վերջո, Հայաստանի հարևան շրջանների մեջ միայն Ջավախքում է, որ Հայաստանից դուրս կա հայահոծ բնակչություն: Եթե այս հատվածի հայության շրջանում թեկուզ փոքր մտավախություն լինի, որ իրավիճակն անելանելի է, և ավելի ամրանա մեկուսացվածության զգացումը, դա խիստ բացասական հետևանքներ կարող է ունենալ, հետևաբար, այստեղ անվտանգության խնդիրը շատ ավելի կարևոր է և սկզբունքային»:

Հետևաբար, Հայաստանը, Տեր-Մաթևոսյանի համոզմամբ, պետք է ցույց տա, որ Ջավախքում ունի շահեր, Ջավախքի ազգաբնակչության խնդիրներն ինչպես Վրաստանինն են, այնպես էլ Հայաստանինը, և դա պիտի արվի ոչ միայն հայտարարություններով, այլև գործնական քայլերով:

«Պետք է պարզապես կանգնեցնել ջավախահայության շրջանում ձևավորված այդ ընկճախտի, մեկուսացվածության, հուսահատության ալիքը, որ շարունակվում է երկար տարիներ և ավելի է խորանում նմանատիպ միջոցառումների պատճառով, և հակառակ ուղղությամբ տանել տրամադրությունները՝ ցույց տալով, որ ջավախահայության թիկունքում կանգնած է Թբիլիսին, կանգնած է Հայաստանը, նրանց շահերը հաշվի են առնվում: ՀՀ նախագահը պետք է Ջավախքում հանդիպի Վրաստանի իր գործընկերոջ հետ, այնտեղ քննարկեն հայ-վրացական հարաբերությունները: Վերջիվերջո, Լևոն Տեր-Պետրոսյանից հետո Հայաստանի որևէ նախագահ այցելություն չի կատարել Ջավախք: Սա կարևոր ուղերձ կլինի Թուրքիայի, Ադրբեջանի իշխանություններին, որ Ջավախքում մենք ունենք կենսական շահեր և հենց այնպես թույլ չենք տա, որ ընդամենը մեկ երկաթուղային տերմինալի կառուցումը խաթարի ջավախահայության վստահությունն իր ապագայի նկատմամբ: Հաջորդ խնդիրը երկար քննարկված, բայց այդպես էլ լուծում չստացած հարցն է՝ Ջավախքում բացել հյուպատոսարան: Ջավախքում մենք ունենք շահեր, Ջավախքում ՀՀ քաղաքացիները պետք է զգան, որ իրենց իրավունքները պաշտպանված են, և կան մի շարք այլ խնդիրներ՝ տնտեսական, ներդրումային ծրագրեր իրականացնել նաև Ջավախքում, որպեսզի Ջավախք-Հայաստան կապը էլ ավելի ամրապնդվի և չդառնա միջնորդավորված, և ջավախահայությունը ևս կարողանա օգտվել Ախալքալաքի տերմինալից: Այնտեղ կարելի է առևտրային կազմակերպություններ բացել, որոնք կզբաղվեն ապրանքներ ուղարկելով և ստանալով, և եթե անգամ ադրբեջանցիները կարողանան խոչընդոտել, որպեսզի ջավախահայությունը ևս օգտագործի Ախալքալաքի տերմինալի հնարավորությունները, ապա այդ դեպքում շատ լուրջ հարցեր պիտի քննարկվեն Թուրքիայի և Վրաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև, այլև առաջին հերթին հայ-վրացական հարաբերություններում, որովհետև սա մեր եղբայրների և քույրերի պաշտպանության հարցն է: Հուսով եմ, որ Վրաստանի իշխանությունները լավ հասկանում են, ջավախահայության մոտ անգամ թյուր կարծիք չպետք է լինի, որ իրենք այս երկաթգծի շահագործման պատճառով կարող են մեկուսանալ Հայաստանից կամ ներվրացական գործընթացներից»:

Ի վերջո, Հայաստանը կարո՞ղ է միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծին, որովհետև ըստ որոշ տեղեկությունների՝ Ադրբեջանն է ստանձնել երկաթուղու կառավարումը, և բնական է, որ Բաքուն չի թույլատրի Հայաստանին մասնակցել այս ծրագրին:

Փորձագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանն ամենևին էլ չի բացառում այս տարբերակը, բայց նաև ավելացնում է՝ այդ դեպքում Հայաստանի հանրությանը կամ գոնե փորձագիտական հանրույթին պետք է տեղեկացնեն, թե Հայաստանի իշխանություններն ի՞նչ են արել դիվանագիտական խողովակների միջոցով, որպեսզի Հայաստանը մասնակցի ԲԹԿ-ի նախագծին:

«Ի վերջո, Ախալքալաքի տերմինալն ամենաշատը Հայաստանին է մոտ, և եթե Հայաստանը չի կարող ապրանքներ ուղարկել և ստանալ, ուղևորները չեն կարող Ախալքալաքի կայարանից նստել գնացքը և «մեկնել Լոնդոն»՝ ինչպես Էրդողանն է նշում, ապա ի՞նչն է պատճառը: Արդյո՞ք Ադրբեջանը կարողանում է ազդել ինքնիշխան Վրաստանի որոշումների կայացման վրա: Եթե իրոք այդպես է, պետք է հասկանանք, թե ինչպես կարելի է այդ հարցը լուծել, որովհետև խիստ դատապարտելի մոտեցում է ամբողջությամբ տրվելը այն մտազբաղմունքին, թե Ադրբեջանն է գումարը տվել, հետևաբար Ադրբեջանը պետք է պատվիրի, թե ինչպես պիտի օգտագործվի այդ երկաթգիծը: Դա Վրաստանի ինքնիշխանության ոտնահարում է և Վրաստանի արտաքին և տարածաշրջանային քաղաքականության սահմանափակում», -նշեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, կա մի կարևոր նրբերանգ, որը հաճախ անտեսում են՝ կարծելով, թե Ադրբեջանն անվերադարձ է տրամադրել ֆինանսական միջոցները Վրաստանին երկաթուղին կառուցելու համար: Վահրամ Տեր-Մաթևոսյանը շեշտեց, որ Ադրբեջանն ընդամենը պարտքով է տվել այդ գումարը, հետևաբար Վրաստանը չպետք է իրեն կաշկանդված զգա ադրբեջանական պնդումների դիմաց. «Վրաստանը պետք է ունենա քաջություն ասելու և անելու այն, ինչը համապատասխանում է Վրաստանի պետական շահերին»:

Արամ Սարգսյան

Օրացույց