Վերակազմավորումը թույլ կտա կրճատել բյուրոկրատական և վարչական ծախսերը

նոյեմբեր 20, 2017 - 05:49        Viewed: 143       

Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի որոշմամբ՝ Վրաստանում 18 նախարարության փոխարեն 14-ը կմնա. լուծարվում են էներգետիկայի, գյուղատնտեսության, սպորտի և երիտասարդության, ինչպես նաև եվրոպական կառույցներին ինտեգրման նախարարությունները:

Լուրջ կադրային որոշումների մասին հայտարարությունը հնչել է նոյեմբերի 13-ին վարչապետի հատուկ բրիֆինգի ընթացքում: Զբաղեցրած պաշտոնները լքել են ներքին գործերի, ֆինանսների և կրթության նախարարները:

Ներքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրվել է էկոնոմիկայի գործող նախարար Գիորգի Գախարիան:

ՆԳՆ ղեկավար Գիորգի Մգեբրիշվիլին նշանակվել է Արտակարգ իրավիճակների կենտրոնի ղեկավար: Այդ ինստիտուտը գտնվում է ստեղծման փուլում, փոխարինելու է Ճգնաժամերի կառավարման խորհուրդն ու Արտակարգ իրավիճակների գործակալությունը և ենթարկվելու է անմիջականորեն վարչապետին:

Կրթության և գիտության նախարար է նշանակվել Թբիլիսիի պետական համալսարանի պրոռեկտոր Միխայիլ Չխենկելին:

Ֆինանսների նախարարի պաշտոնը կզբաղեցնի Վրացական երկաթուղու գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեն:

Միաժամանակ մի քանի գերատեսչությունների վերակազմավորում և խոշորացում է անցկացվել: Եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու հարցերով պետնախարարի աշխատակազմն անցել է արտգործնախարարության ենթակայության տակ, իսկ արտաքին հետախուզության աշխատակազմը՝ պետանվտանգության ծառայության:

Լուծարվել է նաև էներգետիկայի նախարարությունը, դրա գործառույթները փոխանցվել են էկոնոմիկայի նախարարությանը: Այդ գերատեսչության ղեկավար է մնացել Դիմիտրի Կումսիշվիլին: Նա պահպանել է նաև փոխվարչապետի և ողջ տնտեսական բլոկի համակարգողի լիազորությունները:

Որպես առանձին կառույց իր գործունեույթունն է դադարեցրել է գյուղատնտեսության նախարարությունը: Այն միավորվել է բնապահպանության նախարարության հետ: Ընդ որում, փոխվում են բնապահպանության նախարարության գործառույթները. բնական ռեսուրսների հարցերով զբաղվելու է էկոնոմիկայի նախարարությունը: Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության ղեկավար է նշանակվել Լևան Դավիթաշվիլին:

Վարչապետի որոշմամբ՝ Վրաստանում լուծարվում է երիտասարդության և սպորտի նախարարությունը: Այդ գերատեսչության գործառույթները սպորտի ուղղությամբ փոխանցվում են մշակույթի նախարարությանն, իսկ երիտասարդության հարցերով գործառույթները՝ կրթության նախարարությանը: Մշակույթի նախարար է մնացել Մամուկա Գիորգաձեն: Իսկ կրթության նախարար Ալեքսանդր Ջեջելավային այլևս կառավարությունում չենք տեսնի:

Կադրային և կառուցվածքային փոփոխությունների արդյունքում 6 նախարար լքեց իր կաբինետը. ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին, կրթության նախարար Ալեքսանդր Ջեջելավան, էներգետիկայի նախարար Իլյա Էլոշկիլին, սպորտի նախարար Տարիել Խեչիկաշվիլին, բնապահպանության նախարար Գիգլա Ագուլաշվիլին, ինչպես նաև եվրաինտեգրացիայի հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեն:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքով՝ փոփոխություններն անցկացվել են կառավարման օպտիմալացման և առավել արդյունավետ աշխատանքի համար: Նրա խոսքով՝ վերակազմավորումը թույլ կտա նաև տնտեսել բյուրոկրատական և վարչական աշխատակազմի պահման ծախսերը:

Փոփոխությունների փաթեթը հաստատվելու է կառավարության մոտակա նիստին, որից հետո կփոխանցվի խորհրդարանի քննարկմանը:

Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ եթե կառավարության կազմը փոխվում է մեկ երրորդով, կառավարության նոր կազմն ու կառավարական ծրագիրը պետք է խորհրդարանի հաստատումը ստանա:

Օրացույց