Ամերիկյան ԳՄՕ- Ինչպես մուտք գործել ԵԱՏՄ շուկաներ Հայաստանի միջոցով

նոյեմբեր 21, 2017 - 02:25        Viewed: 237       

Հայկական ծագում ունեցող համաշխարհային մեծության ռոք-աստղ, System of a Down խմբի սոլիստ Սերժ Թանկյանը Հայաստանին կոչ է արել «հեռու մնալ» ամերիկյան Monsanto ընկերությունից, որը զբաղվում է անդրգենային սերմերի ու դրանց վերամշակման համար նախատեսված թույների արտադրությամբ:

«Իր քաղաքականության շնորհիվ Monsanto-ն ԱՄՆ-ում ու Եվրոպայում «չարի կոորպորացիա» անվանն է արժանացել: Ի տարբերություն ԱՄՆ-ի, Հայաստանում ես հնարավորություն ունեմ վայելելու էկոլոգիապես մաքուր, խրթխրթան խնձորի համը, ինչը հանդիսանում է գյուղատնտեսական բազմամյա աշխատանքի արդյունք: Եվ թող այդպես էլ շարունակվի: Monsanto-ի «շնորհիվ» ես ԱՄՆ-ում նման խնձորներ գտնել չեմ կարողանում», -Facebook- յան իր էջում մեկնաբանել է Թանկյանը՝ Երևանում ընկերության գործունեության ներկայացման առթիվ: Նշենք, որ գործունեությունն իրականանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ակտիվ միջնորդությամբ:

Օրերս Երևանում կայացավ «Valmont» և Monsanto ընկերությունների գործունեության ներկայացումը: Միջազգային շուկայում երկու ընկերություններն էլ լավ ճանաչում ունեն: «Valmont Irrigation»-ը զբաղվում է ոռոգման մեխանիզմների սարքավորումների սպասարկմամբ ու վաճառքով, ու նրա նկատմամբ, որպես այդպիսին, բողոք չկա:

Սակայն նույնը ասել հնարավոր չէ Monsanto անդրազգային կոորպորացիայի մասին: Դա մի ընկերություն է, որը զբաղվում է տրանսգենային սերմերի ու դրանց վերամշակման համար արտադրվող թույների արտադրությամբ: Եվ ահա, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը նշեց դրանց մուտքը հայկական շուկա:

Նշենք նաև, որ մի քանի տարի առաջ Հայաստանը արգելել է ԳՄՕ արտադրությունը, սակայն գենո-մոդիֆիկացված բաղադրիչներ պարունակող սննդային ապրանքների ներկրումը թույլատրվում է հատուկ նշումների առկայության դեպքում: Այսինքն, շուկան, որպես այդպիսին, նման ապրանքից պաշտպանված չէ, եթե նույնիսկ այն վաճառասեղաններին է հայտնվում հատուկ նշումների առկայության դեպքում (իսկ ո՞վ է դրանց առանձնապես նայում): Մասնագետներն արդեն վաղուց ահազանգ են տալիս, քանի որ ամերիկյան հսկայի հայտնվելը հայկական շուկայում անխուսափելիորեն կբերի գյուղատնտեսության ճյուղի լուրջ փոփոխություններին, որովհետև սա ոչ միայն ԳՄՕ ապրանքների տարածում ու օգտագործում է, այլ նաև գյուղատնտեսական հողատեսքերի դեգրադացիա, և սա այն դեպքում, երբ Հայաստանտ դեռևս շարունակում է հպարտանալ իր օրգանական ապրանքներով:

Իհարկե լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ԱՊՀ-ում Monsanto ընկերության վաճառքի գծով տնօրեն Ալեքսանդր Զվյագինցևը հավաստիացրեց, որ ընկերությունը հայ գործընկերներին չի առաջարկի աշխատել գենո-մոդիֆիկացված ապրանքների հետ, քանի որ նրանք «դա չեն անում այն երկրներում, որտեղ դա արգելված է»: Բայց կարևորն այն է, որ արդեն 20 տարի է, ինչ ընկերությունը Հայաստանում սերմեր է իրացնում ու խորհրդակցություն տրամադրում ֆերմերներին՝ սորտերի վերաբերյալ:

Մի խոսքով, ընկերությունը ետխորհրդային երկրներում աշխատանքային գործունեության փորձ ունի: Օրինակ, այն բավական կայուն հիմնավորվեց Ուկրաինայում Մայդանից հետո: Monsanto-ում հայտարարում են, որ իրենք ավանդական սելեկցիայի սերմեր են վաճառում, այլ ոչ թե անդրգենային, սակայն միաժամանակ նաև չեն թաքցնում, որ տեխնոլոգիան ենթադրում է դաշտերի մշակում՝ գլիպոսատով, որը արագ ազդող թույն է, և սպանում է ոչ միայն մոլախոտերին ու վնասատուներին: Ընդ որում, ողջ աշխարհի գիտնականները, հիմնվելով տարբեր հետազոտությունների վրա, հայտարարում են, որ գլիպոսատը կարող է ուռուցք առաջացնել մարդու մոտ: Տարօրինակն այն է, որ Եվրոպան, որտեղ այդքան մեծ հաճույքով փորձեց «ներխուժել» Ուկրաինան, այդ ընկերության մուտքն իր տարածք թույլ չի տալիս, քանի որ Եվրոմիության տարածքներում ԳՄՕ ապրանքների արգելքի խիստ օրենք է գործում:

Դեռևս 2010 թվականին Forbes-ը գրեց այն մասին, որ գենետիկորեն մոդիֆիկացված սերմերի արտադրությունը, որոնք դիմացկուն են բոլոր վնասատուների ու թունաքիմիկատների նկատմամբ, թույլ է տվել այս ընկերությանը ապահովելու 44 մլրդ դոլլարի եկամուտ: Դրանից հետո ընկերությունը ոչ թե թուլացրել է իր դիրքերը, այլ հակառակը՝ մսի նկատմամբ մեծ պահանջարկով պայմանավորված հացահատիկի հանդեպ աճող պահանջարկի ապահովումն այնպիսի զարգացող երկրներում, ինչպիսին Չինաստանն է, ընկերությանը, կարելի է ասել, դարձրել է գիգանտ՝ այս ոլորտում: Չէ՞ որ միլիարդ սթեյք աճեցնելու համար շատ սնունդ է հարկավոր: Իսկ ամերիկյան ընկերության սկզբունքը արտադրողականության բարձրացումն է՝ հիմնված այնպիսի սերմերի արտադրության վրա, որոնք թունաքիմիկատների նկատմամբ ունեն դիմացկունություն:

Եվ վերջինը, սեպտեմբերի վերջին The Guardian թերթը հրապարակեց մերկացնող հոդված այն մասին, որ Monsanto-ն Եվրոպական խորհրդարանում  իր շահերի լոբբիացման համար պաշտոնապես ծախսում է 300 000-400 000 եվրո/տարեկան: Հրապարակվել է նաև ներքին մի խոսակցություն, որտեղ ընկերության աշխատակիցները քննարկում են մեթոդները, թե ինչպես լավագույնս կանխել գլիպոսատ թունաքիմիկատի ուսումնասիրությունը, խոստովանելով, թե որքան վտանգավոր է այն: Ընդ որում, այդ մասին նրանք զրուցում են ամերկյան որոշ պաշտոնյաների ու գիտնականների հետ: Ավելի ուշ նաև բացահայտվեց, որ արդեն եվրոպական EFSA ընկերությունը, ով պատասխանատու է ապրանքների անվտանգության համար, գլիպոսատի մասին իր 2015 թվականի զեկույցը պատճենահանել է 2012 թվականի Monsanto-ի հեղինակային զեկույցից: Այնուհետև ընկերության ներկայացուցիչները հրաժարվեցին մասնակցել հսկա այդ սկանդալի դատավարությանը՝ ներկայացնելով պաշտոնական պատասխան այն մասին, թե իբր «ընկերությունը գործում է գիտությանը համապատասխան»,-իսկ մնացածի մեղավորը նրանց մրցակիցներն ու ոչ գիտական շրջանակներն են:

Որքա՞ն երկար կարող է Հայաստանը դիմակայել մոնսանտովյան սերմերի հաշվին գյուղատնտեսական արտադրողականությունը բարձրացնելու հմայքին, հաշվի առնելով այն փաստը, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցության ֆոնին այս ճյուղը լավագույն արդյունքներն է ցուցադրում ու հանդիսանում է մրցունակ: Պատասխանը, ամենայն հավանականությամբ, մակերեսային է: Ինչպես նաև այն, որ փոքրիկ Հայաստանի հանդեպ ամերիկյան ընկերության նման բարձր հետաքրքրվածությունը հենց նրանում է կայանում, որ նրա միջոցով ազատ մուտք գործի ռուսական ու ԵԱՏՄ շուկաներ:

Լիա Խոջոյան

Օրացույց