Մեկ հատուկջոկատային է զոհվել, երեք հանցագործ է լիկվիդացվել

նոյեմբեր 23, 2017 - 02:32        Viewed: 124       

Ահաբեկչության մասնակից երեք մարդ է սպանվել, մեկը ձերբակալվել է: Թե ովքեր են նրանք, դեռևս չի հաղորդվում, սակայն Վրաստանի քաղաքացիներ չեն: Զոհվել է մեկ հատուկջոկատային: Վիրավորվել է իրավապահ մարմինների 4 աշխատակից: Սա 22-ժամյա հատուկ գործողության արդյունքն է, որը վրացական հատուկ ծառայություններն անցկացնում էին Թբիլիսիի վանահայր Գաբրիել Սալոսի փողոցում:

Ամեն ինչ սկսվել է նոյեմբերի 21-ին ժամը 20:00-ին մոտ: Իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել այն մասին, որ Թբիլիսիի վանահայր Գաբրիելի պողոտայի բնակելի շենքի բնակարաններից մեկում ենթադրաբար ահաբեկչության մասնակից անձինք կան:

Պետանվտանգության ծառայության հայտարարության համաձայն՝ հատուկ գործողությունը սկսելուց առաջ «վտանգավոր շենքից» տարհանել են բնակիչներին: Նույն օրը՝ 23:59 «Ռուսթավի-2» հեռուստաալիքի հատուկ թողարկման մեջ փոխհրաձգության ձայներ էին լսվում: Առավոտյան 5-ի կողմերը կրակոցներն ու պայթյունները սկսել են ինտենսիվ բնույթ կրել:

Պետանվտանգության ծառայությունն առաջին պաշտոնական հայտարարությունը տարածեց հատուկ գործողության մեկնարկից մի քանի ժամ անց: Հաղորդվում էր, որ հանցավոր խմբի անդամների հետ բազմաժամ բանակցություններ են վարվել, նրանց առաջարկել են հանձնվել: Սակայն ի պատասխան կրակ է բացվել, և հենց այդ ժամանակ է հատուկջոկատայիններից մեկը ծանր վիրավորվել է:

Վրացական հեռուստաալիքների՝ նոյեմբերի 22-ին ժամը 12-ի շրջակայքում եթեր տրված ռեպորտաժներում երևում էր, թե ինչպես էր կորպուսից մի քանի բնակիչ դուրս գալիս, դա չէր համապատասխանում այն պնդմանը, թե բոլորը տարհանվել են:

Նոյեմբերի 22-ին ժամը 13:00-ին կարճատև դադարը փոխարինվեց ինտենսիվ փոխհրաձգությամբ և պայթյուններով: Զրահատեխնիկա և հատուկ նշանակության ծառայության լրացուցիչ ուժեր հայտնվեցին: Այդ ժամանակ էլ տեղեկատվություն տարածվեց, որ հատուկ նշանակության ծառայությունը շենքի գրոհ է սկսել:

Երեկոյան մոտ 16:00-ին բազմահարկ շենքի երկրորդ հարկում տեղակայված բնակարանում, որտեղ գտնվում էին ենթադրյալ ահաբեկիչները, ուժեղ հրդեհ սկսվեց: Բնակարանից պայթյունի ձայներ էին լսվում:

Կրակոցներ և պայթյուններ էին լսվում մոտավորապես 18 ժամ, կարելի էր տեսնել ծուխ և կրակ: Լսվում էին հրշեջ մեքենաների և «շտապօգնության» մեքենաների ազդանշանները:

Հատուկ գործողությունն անցկացնում էին Պետանվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտի աշխատակիցները: «Հատուկ գործողության ընթացքում լիկվիդացվել է երեք մարդ, որոնք կասկածվում էին ահաբեկչական խմբավորման մասնակցության համար և որոնք 22 ժամվա ընթացքում դիմադրություն էին ցուցաբերում իրավապահ կառույցների աշխատակիցներին», -հատուկ բրիֆինգին հայտարարել է Պետանվտանգության ծառայության վարչակազմի ղեկավար Նինո Գիորգոբիանին: Ձերբակալվել է նաև խմբավորման մեկ անդամ, ասել է նա:

Հատուկ գործողության ընթացքում զոհվել է մեկ հատուկջոկատային, վիրավորվել իրավապահ ծառայության 4 աշխատակից:

Լրջորեն վնասվել է շենքի մի քանի բնակարան, որը գրոհել են իրավապահ ուժերը: Պետանվտանգության ծառայությունը խոստացել է տուժածների վնասներն ամբողջությամբ փոխհատուցել: Հատուկ գործողության անցկացման վայրին մոտ դպրոցում և մանկապարտեզում դասապրոցեսն ընդհատվել է:

Պետանվտանգության ծառայության տեղեկատվության համաձայն՝ խմբի անդամների թվում Վրաստանի քաղաքացիներ չկան: Ընդ որում, չի հաղորդվում, թե որ երկրի քաղաքացիներ են նրանք և ինչպես են Վրաստանում հայտնվել:

«Նրանց հանդեպ հսկողություն է իրականցվել 3 շաբաթ: Ահաբեկչության դեմ պայքարի հարցում միջազգային համագործակցության շրջանակում համապատասխան միջոցառումներ են անցկացվում խմբի անդամների նույնականացման և հանցավոր կապերի բացահայտման ուղղությամբ», -ասել է լրագրողներին Նինո Գիորգոբիանին:

Այսօր նաև հայտնի է դարձել, որ բնակարանի տերը, որը վարձակալում էին կասկածյալները, Վրաստանի Պանկիսի կիրճի բնակիչ Ասլան Ջաբրայիլովն է: Բնակարանը պատկանում է Ջաբրայիլովի մորը՝ Թինա Գաուրգաշվիլիին, որն այժմ Ավստրիայի քաղաքացի է:

Նրա քույրը՝ Սարա Գաուրգաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը հայտարարել է, որ իր ընտանիքը ոչ ոքի բնակարան վարձով չի տվել, և ինքը չգիտի, թե ինչպես են այնտեղ հավաքվել ահաբեկչության համար կասկածվող անձինք:

Ասլան Ջաբրայիլովը Պանկիսի կիրճի Դուիսի գյուղի բնակիչ է, աշխատում է բենզալցակայանում Ահմեթա քաղաքում: Նա իրավապահներին ասել է, որ բնակարանը հանձնել է մի քանի ամիս առաջ:

Օրացույց