Վրաստանում նշել են ապագա պատրիարքի անո՞ւնը

նոյեմբեր 24, 2017 - 10:30        Viewed: 154       

Կաթողիկոս և Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդն բոլորի համար անսպասելի կերպով հայտարարել է պատրիարքի աթոռի «տեղապահի» անունը: Քաշուեթիի եկեղեցում Վրաստանի հովանավոր Սուրբ Գիորգիի օրվա կապակցությամբ հանդիսավոր պատարագի մեկնարկից առաջ Կաթողիկոս-Պատրիարքը շնորհավորել է տաճարում բոլոր հավաքվածներին և կարդացել իր որոշումը Սենակիի և Չխորոցկուի միտրոպոլիտ Շիո Մուջիրիին պատրիարքի աթոռի տեղապահ նշանակելու մասին: Իլյա Երկրորդի խոսքով՝ որոշումը կայացվել է նոյեմբերի 23-ին:

Տեղապահի գործառույթները կայանում են պատրիարքի գործառույթների իրականացման մեջ նրա մահվանից 40 օրվա ընթացքում, քանի դեր Սուրբ Սինոդը Վրաց ուղղափառ եկեղեցու նոր ղեկավար չի նշանակել:

Պատրիարքի որոշումը տեղապահի վերաբերյալ շատերի համար անսպասելի էր, քանի որ հայտնի է, որ պատրիարքը մտադիր էր նրա անունը հայտարարել իր ժառանգությունում:

Շիո Մուջիրին ավտոմատ կերպով պատրիարքի հետնորդը չի դառնում, թեև այն, որ Իլյա Երկրորդը հենց նրան է տեղապահ հայտարարել, վկայում է Վրաց ուղղափառ եկեղեցու ղեկավարի բարեհաճության մասին, կարծում են աստվածաբանները:

Աստվածաբան Բեքա Մինդիաշվիլին կարծում է, որ պատրիարքի այդ ժեստը սիմվոլիկ է և նշանակում է, որ Իլյա Երկրորդն, ըստ էության հայտարարել է Շիո Մուջիրիին աջակցելու մասին:

«Նա հետնորդ չէ կամ ժառանգորդ: Տեղապահն այն մարդն է, որը պատրիարքի մահվան դեպքում կկատարի նրա պարտականություններն ու նոր պատրիարքի ընտրության համար Սինոդի նիստ կհրավիրի: Դա պատրիարքի խորապես խորհրդանշական և կարևոր որոշումն է և իրոք նշանակալից աջակցություն: Բնականաբար, դա չի նշանակում, որ կաթողիկոսն ուղղակիորեն նշել է իր հետնորդի անունը, եկեղեցում նման բան չի լինում, դա միապետություն չէ, բայց անուամենայնիվ այդպիսի աջակցությունը շատ բանի մասին է խոսում», -հայտարարել է Մինդաիշվիլին:

Կանոնական իրավունքի մասնագետ Լադո Նարսիան հակված է համարել, որ Իլյա Երկրորդի որոշումը վկայում է այն մասին, որ նրան պետք է եռանդուն գործընկեր եկեղեցու առաջ կանգնած բարդ խնդիրների լուծման համար:

«Պատրիարքը պատկառելի տարիքում է, մենք տեսնում ենք, թե ինչպես է վատթարանում նրա ֆիզիկական վիճակը, և այն, որ նա հայտարարել է տեղապահի անունը, դրական փաստ է… տեղապահն ավտոմատ կերպով պատրիարքի հետնորդ չի դառնա, սակայն նա ընդգծում է, որ դա իր համար աթոռի հետնորդի առավել ընդունելի թեկնածուն է», -կարծում է Լադո Նարսիան:

«Տաբուլա» պարբերականի լրագրող Լևան Սուտիձեն, որն աշխատում է աստվածաբանական հարցերի ուղղությամբ, ասում է, որ «Մուջիրին դառնում է պատրիարքի աթոռի, նվազագույնը, թեկնածուներից մեկը, առավելագույնը, պատրիարքի այդ որոշումը նրան պատրիարքի աթոռ կապահովի: Այն, որ գործող կաթողիկոսը կյանքի օրոք եկեղեցու կառավարումը վստահում է միտրոպոլիտ Շիոյին, կարելի է դիտարկել որպես Սուրբ Սինոդին հուշում ապագա կաթողիկոսի հարցի լուծման պարագայում»:

Շիո Մուջիրին Սենակիի և Չխորոցկուի միտրոպոլիտն է, ինչպես նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի: Աշխարհիկ անունը Էլիզբար Թեյմուրազի Մուջիրի է, ծնվել է 1969թ-ի փետրվարի 1-ին Թբիլիսիում: 1993թ-ի հունվարի 5-ին քահանա է ձեռնադրվել: 2010թ-ի օգոստոսի 2-ին միտրոպոլիտ է նշանակվել:

Աստվածաբանական կրթություն Շիո Մուջիրին ստացել է Ռուսաստանում: Նա սովորել է Մոսկվայի հոգևոր ակադեմիայում և Տիխոնովյան աստվածաբանական ինստիտուտում: Աստվածաբանների մի մասը կարծում է, որ նա հավատարիմ է ռուսական եկեղեցուն, ասոցացվում է ռուսական եկեղեցական շրջանակների հետ և քաղաքական կողմնորոշումը դեպի Ռուսաստանն է: Որպես փաստարկ նշվում է նրա սերտ ընկերությունը վրացի գործարար Լևան Վասաձեի հետ, որը հայտնի է իր հակաարևմտյան դիրքորոշմամբ, ռուսամետ նարատիվով և ֆունդամենտալիստական հռետորաբանությամբ:

Համացանցում արդեն հայտնվել է Շիո Մուջիրիի աշխարհիկ ժամանակաշրջանի լուսանկարը, որտեղ նա պատկերված է մանկության ընկերների՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և գործարար Լևան Վասաձեի հետ:

Վրաց առաքելական ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցին 1977թ-ին գլխավորում է Կաթողիկոս Պատրիարք Իլյա Երկրորդը (Իլյա Շիոլաշվիլին), որի վստահության վարկանիշն անհամեմատ բարձր է Վրաստանի բոլոր հանրային անձանց վարկանիշից և, մասնավորապես, գրեթե կրկնակի գերազանցում է նախագահի և վարչապետի վարկանիշը: Հենց Իլյա Երկրորդի անձնական հեղինակությամբ է բացատրվում Վրաստանում եկեղեցու նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը: 85-ամյա պատրիարքն առողջական խնդիրների պատճառով ավելի ու ավելի հազվադեպ է հայտնվում հանրության առջև:

Օրացույց