Թրամփի վարչակազմը Ռուսաստանի հետ հարաբերություններում անցել է Ռուբիկոնը

նոյեմբեր 29, 2017 - 00:05        Viewed: 157       

2008թ-ի օգոստոսյան իրադարձություններից հետո Վրաստանի հանդեպ չհայտարարված էմբարգո է կիրառվել: Արևմուտքում համարում էին, որ Թբիլիսին այնուամենայնիվ մասնակիորեն մեղավոր է պատերազմի սկսվելու համար, և նույնիսկ սկսեցին խուսափել այն ժամանակվա վրացական կառավարության հետ շփումից: Դրան գումարվեց Ռուսաստանի հայտարարած վերաբեռնման քաղաքականությունը, որն ամեն ինչից զատ ենթադրում էր Վրաստանին ցուցաբերվող ռազմաքաղաքական աջակցության սառեցում տարածաշրջանում հետպատերազմյան ստատուս քվո պահպանելու համար:

Վրաստանի այն ժամանակվա ղեկավարությունը ստիպված էր առավելագույնս մոբիլիզացնել ներքին ռեսուրսներն ու սկսել զարգացնել սեփական ռազմական արտադրությունը: Սակայն, չնայած այդ ուղղությամբ ունեցած որոշակի ձեռքբերումներին (օրինակ, ստեղծվել է հետևակի մարտական մեքենա), չհայտարարված էմբարգոն մեծ խնդիրներ ստեղծեց, քանի որ երկրիը չէր արտադրում հակաօդային և հակատանկային պաշտպանության միջոցներ:

Բարաք Օբամայի նախագահության տարիներին հակաօդային և հակատանկային պաշտպանության միջոցները Վրաստանի համար, պատկերավոր ասած, գտնվում էին Ռուբիկոնի մյուս կողմում: Պարզ է, որ այդպիսի իրավիճակը պայմանավորված էր ոչ միայն վրացական գործոնով: Օբամայի վարչակազմն առավելագույնս խուսափում էր վճռական գործողություններից ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Սիրիայում: Ճիշտ է, Ղրիմի բռնակցումն ու Դոնբասում պատերազմը այնպես վարկաբեկեցին Ռուսաստանին, որ Վրաստանի վրայից ամբողջությամբ հանվեց 2008թ-ի պատերազմի մեկնարկի մեղքը: Սակայն Թբիլիսիի համար զենք գնելն այնուամենայնիվ անհաղթահարելի խոչընդոտ էր թվում:

Բնականաբար, «Ջավելինների» վաճառքի մասին որոշումը Վաշինգտոնում ընդունվել է ոչ հանկարծակի: Ռուբիկոնի հատումը պայմանավորված էր մի շարք գործոններով: Առաջին հերթին, հավանաբար, դա ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ակնհայտ միջամտությունն է: Վաշինգտոնը շատ բարդ և ծանր հսկա է, և նրան դժվար է ստիպել գործողություններ կատարել, սակայն եթե սկսեց շարժվել, նրան հնարավոր չէ կանգնեցնել: Հիմա նա տեղից շարժվել է Ռուսաստանին պատասխան տալու համար: Նորանոր պատժամիջոցներ, համատեղ զորավարժություններ Վրաստանում, «Ջավելիններ». այս ամենը կարող էր և չլինել, եթե չլիներ Մոսկվայի աննախադեպ լկտիությունը:

Ռուսաստանում այժմ պետք է որ շատ ափսոսեն ամերիկյան ընտրություններին գաղտնի միջամտության համար (covert actions՝ պետության դեմ կատարված գործողություն նրա քաղաքական կամ տնտեսական համակարգի ապակայունացման համար, ապատեղեկատվություն կամ նրա դեմ «սև պրոպագանդա», դիվերսիաներ և այլն), որն ավարտվեց Դոնալդ Թրամփի հաղթանակի համար բացված շամպայնով: Ամերիկան զարթնեց դրանից բխող բոլոր հետևանքներով:

Բացի այդ, «Ջավելինների» տրամադրումը նշանակում է, որ Ամերիկան Վրաստանին դիտարկում է որպես լուրջ պատասխանատու խաղացողի, որին կարելի է այդպիսի զենք վստահել. այն կկիրառվի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և երրորդ կողմի տնօրինության տակ չի հայտնվի: «Ջավելինների» փոխանցումը բնականաբար ուղեկցվելու է վրացական բանակային ստորաբաժանումներ ամերիկյան ինստրուկտորների ժամանմամբ, ինչը կպայմանավորի ԱՄՆ և Վրաստանի միջև ռազմաքաղաքական հարաբերությունների խորացումը և ամրապնդումը:

Այդպիսի զենքի փոխանցումն առանց Մոսկվայի արձագանքի չի մնա: Ռուսաստանը ձգտում է նվազեցնել ամերիկյան ազդեցությունը տարածաշրջանի վրա, նա նաև ուզում է Վրաստանին առավելագույնս անպաշտապն տեսնել, ինչը նրան թույլ կտա հեշտությամբ շանտաժ իրականացնել և թելադրել իր քաղաքական կամքը: Մոսկվան նյարդայնանալու այլ պատճառներ չունի. բոլորը լավ հասկանում են, որ Վրաստանը չի պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա, ինչպես չի պատրաստվում ուժով վերադարձնել կորցրած տարածքները:

Ռուսաստանի վրա Վրաստանի հարձակումն այնքան աբսուրդային է, որ այդ մասին չարժե նույնիսկ հիշատակել, սակայն 2008թ-ին Ռուսաստանը հենց դա էր հայտարարում, իսկ ավելի հստակ՝ փորձում էր ապացուցել, որ վրացական բանակը գրոհել է ռուս խաղաղապահների դիրքերը: Այդ մեղադրանքը հետագայում չհաստատեց ԵՄ հատուկ ստեղծված հանձնաժողովը (այսպես կոչված Տալյավինիի խումբը), սակայն Մոսկվան այնուամենայնիվ բավականին երկար շարունակում էր կրկնել դա, և իր իրավացիության մեջ համոզել է սեփական բնակչության գոնե մի մասին:

Մի խոսքով, «Ջավելինները» պաշտպանական զենք են, ինչը Մոսկվային ոչ մի լեգիտիմ հիմք կամ առիթ չի տալիս ագրեսիա արտահայտել: Թեև միաժամանակ լավ հայտնի է, որ Մոսկվայի համար լեգիտիմությունն այնքան էլ կարևոր անհրաժեշտություն չէ. պուտինյան Ռուսաստանը չի խորշում ուժ ցուցադրել՝ չնայած այն քաղաքական գնին, որը ստիպված է վճարել: Զգալով դա՝ Թբիլիսին Ռուսաստանի հանդեպ գործում է առավելագույն զգուշությամբ՝ ղեկավարվելով «Ռուսաստանին չնյարդայնացնելու» սկզբունքով, այն աստիճան, որ այդպիսի քաղաքականությունը երբեմն ծիծաղելի է:

Սակայն, ըստ երևույթին, այդ գիծը վերաիմաստավորվել է: Առաջին հերթին, հավանաբար, այն պատճառոով, որ Թբիլիսիում սկսել են ԱՄՆ-ից նախկինից ավելի մեծ աջակցություն զգալ: Երկրորդ հերթին, հավանաբար, հասունանում է այն ընկալումը, որ «Ջավելիններով» զինված վրացական բանակը պինդ ընկույզ է, որը կոտրելը Ռուսաստանի վրա թանկ կնստի: Մեզ համար ուժերի հավասարակշռությունը պահպանելը զսպման շատ ավելի վստահելի գործոն է, քան «ռուսական արջին մի զայրացրու» քաղաքականությունը:

Պարզ է, որ նույնիսկ «Ջավելիններով» Վրաստանը չի կարող հաղթել Ռուսաստանի զինված ուժերին, սակայն կարող է այնպիսի վնաս հասցնել, որ Ռուսաստանի նոր ագրեսիան հենց իրեն անիմաստ կթվա ռազմական տեսանկյունից: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական պահին, ապա Ռուսաստանի համար դա կարող է բավականին ծանր գին չլինել, քանի որ նրա հանդեպ արդեն պատժամիջոցներ են կիրառվում, իսկ Արևմուտքի կողմից նոր պատժամիջոցները, որոնք կարող էին խաթարել այն, հավանաբար անիրական են:

Բացի այդ, եթե Ռուսաստանի պատմությունն ինչ-որ բան սովորեցնում է, ապա, առաջին հերթին, այն, որ Ռուսաստանը հարգում է ուժեղ և արժանի հակառակորդին: Վրաստանն իրականում չի ուզում Ռուսաստանի հակառակորդը լինել: Նույնիսկ այն պարագայում, որ նրա տարածքի մի մասն օկուպացված է ռուսական զորքերի կողմից, Վրաստանը շատ ճկուն, այդ պայմաններում առավելագույնս բարեկամական քաղաքականություն է վարում. ընդունում է միլիոնավոր ռուս զբոսաշրջիկների և բաց է ռուսական ներդրումների համար: Սակայն այդ ամենը չի նշանակում, որ Վրաստանը համակերպվել է օկուպացիայի հետ և սպառնալիքի դեպքում կհրաժարվի ինքնապաշտպանությունից:

Թոռնիկե Շարաշենիձե

Օրացույց