Բոլոր հետազոտությունների տվյալները մեկ բան են վկայում. Թբիլիսին փրկել է պետք

դեկտեմբեր 12, 2017 - 00:02        Viewed: 180       

Շրջակա միջավայրի Ազգային գործակալության տվյալներով՝2017թ-ի օգոստոսին անցկացրած օդի անալիզները ցույց են տվել, որ թբիլիսցիները շնչում են մեծ քանակությամբ ազոտի երկօքսիդ և այլ վնասակար նյութեր: Բնապահպաններն ահազանգեցին դեռևս 3 տարի առաջ, երբ պարզվեց, որ օդում փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդի պարունակությունը գրեթե կրկնակի գերազանցում է թույլատրված նորմերը: Կարելի է ենթադրել, որ 2014թ-ից իրավիճակն էլ ավելի է վատթարացել: Ահա մի քանի ցուցանիշ.

Վերջին 7 տարվա ընթացքում Թբիլիսիի քաղաքապետարանը սանիտարական և այլ պատճառներով ավելի քան 98 հազար ծառի հատման թույլտվություն է տրամադրել, իսկ Վրաստանի ավտոպարկը 2016թ-ին ավելացել է 8%-ով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նորմերի համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքային բնակչի պետք է բաժին ընկնի 50 քառակուսի մետր կանաչ ծածկույթ, Թբիլիսիում այդ ցուցանիշը 25 անգամ քիչ է: 2016թ-ին Վրաստանում օնկոլոգիական հիվանդություններից մահացել է 35%-ով ավելի շատ մարդ, քան 2013թ-ին: Այս տվյալները մեկ բան են վկայում՝ Թբիլիսին պետք է փրկել:

Վրաստանի մայրաքաղաքը ծանր իրավիճակում է հայտնվել մի քանի պատճառներով: Մենք կառանձնացնենք միայն 3 գլխավորները.

Ճարտարապետ Շոթա Դեմետրաշվիլին մեզ տանում է Վերեի կիրճի հետիոտնի կամրջով: Այդ կիրճը քաղաքի օդային միջանցքներից մեկն է, թեև, ինչպես և մնացած օդային կամուրջներն, իր գործառույթներն արդեն չի կարող կատարել: Շոթան պատմում է, որ Թբիլիսիի կանաչ ենթակառուցվածքը մի քանի բաղադրիչ ունի: Առաջինն ու ամենագլխավորը քաղաքը շրջապատող անտառներն են, որոնք անմիջականորեն շնչելու օդ են ստեղծում: Երկրորդը քաղաքային կիրճերն են, որոնցով գետեր են հոսում: Այդ կիրճերի միջոցով քաղաք թարմ օդ է գալիս, այդ պատճառով էլ դրանք կոչվում են «օդային միջանցքներ»: Երրորդը քաղաքի կանաչ ծածկույթն է. այգիները, պուրակները, որոնք պահպանում են օդը:

Այս երեք բաղադրիչները միասնական համակարգ են ստեղծում, որոնք օդ են արտադրում, և բոլոր երեք բաղադրիչները կարևոր են, որ քաղաքը շնչի: Շոթա Դեմետրաշվիլիի խոսքով՝ այսօր Թբիլիսիում այդ համակարգն այնքան է վնասված, ոչ այդ բաղադրիչներից ոչ մեկը չի կատարում իր գործառույթները:

«Վերեի կիրճը, Վակեին հարող տարածքները՝ այդ օդային միջանցքները, կարելի է ասել, «քայքայվել են» այդ տեղանքում կառուցած ճանապարհներով: Օդային կամուրջները ոչնչացնում է ոչ միայն շինարարությունը, այլ նաև ցանկացած արտաքին միջամտություն, նույնիսկ ճանապարհի կառուցումն», -ասում է Դեմետրաշվիլին:

«Գլխավոր միջանցքը Մտկվարի գետն է, այսպես կոչված, «կապույտ ենթակառուցվածքը»: Այսօր այն «կտրտված» է մայրուղիներով և, բնականաբար, օդափոխվում է ոչ թե մաքուր օդով, այլ ավտոմեքենաների արտանետումներով: Թբիլիսիում բացակայում է միասնական մոտեցումը հանգստի համակարգերին: Նախընտրական արշավների ժամանակ մայրաքաղաքում մի քանի այգի են տնկում կամ մի քանի ծառ, սակայն դա ոչինչ չի փոխում»:

Մասնագետների խոսքով՝ Թբիլիսիի օդի աղտոտման գործում հանգստի գոտիների կրճատումից շատ ավելի մեծ դեր է խաղում տրանսպորտը: Օդի աղտոտման մեջ տրանսպորտի մասնաբաժինը կազմում է մոտ 95%: 2016թ-ին Թբիլիսիում մեքենաների քանակը գերազանցել է մեկ միլիոնը: 2015թ-ի տվյալներով՝ Վրաստանի բոլոր ավտոմեքենաների 90%-ն արտադրված է ավելի քան 10 տարի առաջ: Դրանցից 36,7%-ը՝ ավելի շատ, քան այլ շրջաններում, գտնվում է հենց Թբիլիսիում:

Աշխարհագրագետ և տրանպորտի ոլորտի փորձագետ Գիորգի Կանկիայի կարծիքով՝ գլխավոր խնդիրը հին մեքենաներն են և կատալիզատորների բացակայությունը. «Վրաստան են բերվում հիմնականում օգտագործած մեքենաներ, որոնք հարկ եղած ստուգում էլ չեն անցնում: Միաժամանակ վարորդները հաճախ շարժիչներից հանում են կատալիզատորները վաճառելու համար: Հետևաբար, չֆիլտրված արտանետումներն ուղղակիորեն միախառնվում են մեր օդին: Իսկ հանրային տրանսպորտի մեծ մասն աշխատում է դիզելային վառելիքով, որն այրվում է՝ արտանետումների ամենամեծ ծավալն առաջացնելով»:

Անսարք, օգտագործած մեքենաների ներկրմանն ավելացնենք և այն, որ Վրաստան մտնող վառելիքը ցածր որակի է, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում: Ըստ վրացական օրենսդրության՝ բենզոլի և ածխաջրածնի թույլատրելի նորմերը 1,5 անգամ գերազանցում են եվրոպական ստանդարտները, իսկ ծծմբի պարունակության նորման՝ 15 անգամ:

Թբիլիսիում շինարարական բում է: Հանգստի գոտիներն արագ կորցնում են իրենց կարգավիճակը՝ վերածվելով բնակելի գոտիների: Շինարարությունը քաոսային բնույթ է կրում: Բացի այն, որ շինարարությունը փչացնում է զբոսանքի սիրահարների կյանքը, զրկում մարդկանց մայթերից, այն ևս մեկ լուրջ խնդիր է պարունակում. խախտվում են սանիտարական նորմերը: Կառուցվող օբյեկտների մոտ ամիսներով ավազի կույտեր են, որը թեթև քամու ժամանակ տարածվում է տարբեր ուղղություններով: Այդ նույն վայրում առանց որևէ սանիտարական նորմ պահպանելու շինարարները քար են կտրում, որի փոշին վտանգավոր է շնչառական օրգանների համար:

Մարադիա Ցաավա

Օրացույց