Հայ ժողովրդի բացառիկ ծնունդներից մեկը` Միքայել Լոռիս-Մելիքովը

դեկտեմբեր 16, 2013 - 14:35        Viewed: 2096       

 

Հայկական Հարցի միջազգայնացման առաջին փորձերի և այդ ուղղությամբ, խոշոր խմորումների ակունքին կանգնած մեծահռչակ դեմք է հայազգի զորավար Միքայել Լոռիս-Մելիքովը, որի մահվան տարելիցը համընկնում է Դեկտեմբեր 13-ի հետ (որոշ աղբյուրների համաձայն՝ Դեկտեմբեր 17-ի հետ)։ Ֆրանսիայի Նիս քաղաքում, 125 տարի առաջ, դեկտեմբերի այս օրը, 63 տարեկանում մեր աշխարհից հեռացավ հայ ժողովրդի բացառիկ ծնունդներից մեկը` Միքայել Տարիելի Լոռիս-Մելիքովը։

Զինվորականի մեծ տաղանդով, հերոսի քաջությամբ և քաղաքական բարեկարգչի իմաստնությամբ օժտված անհատականություն էր ռուսահայ ականավոր գործիչը։
Հայոց նորագույն պատմության մեջ նրա անունը հավերժացավ՝ որպես 1877-1878թ.-ի ռուս-թուրքական պատերազմի ցարական հաղթանակի կերտիչն ու հայկական նահանգների բարեկարգման պահանջի դրոշակակիրներից մեկը։

Իսկ Ցարական Ռուսաստանի պատմության մեջ այն գրավեց բարձրադիր մի  պատվանդան ոչ միայն որպես ռազմական մեծ հերոսի, այլև որպես սահմանադրական բարեկարգումների իմաստուն պաշտպանի և պետական ղեկավարի, որն արժանացավ «Սրտի Դիկտատոր» տիտղոսին։ Ուրիշ տիտղոս չէր կարող լինել ռուսական զորքը փառահեղ հաղթանակների առաջնորդած հայազգի մեծ զորավարի և Ցարական Կայսրության ներքին գործերի նախարարությունը միանձնյա ղեկավարած պետական-քաղաքական մեծ գործչին, որն իր գործունեության նշանաբան էր ընտրել կյանքն առաջնորդող այն սկզբունքը, թե «ուժը բրտութեան մէջ չէ, այլ՝ սիրոյ մէջ է»...

Ցարական Ռուսաստանի անվանի «Կոմս»-ը սերում էր Թիֆլիսի հայ ազնվական (մելիքական) հայտնի՝ Լոռիս-Մելիքովների տոհմից։ Հանրագիտական աղբյուրները հաստատում են, որ «Պահպանված ավանդությունների համաձայն՝ «Լոռիս-Մելիքովների տոհմը սկիզբ է առնում 16-րդ դարի հայ ազնվական մի տոհմից, որն իրանա-թուրքական պատերազմների հետևանքով Հայաստանից փախել է Վրաստան ու ծառայության անցել Լուարսաբ Առաջին վրաց թագավորի մոտ: Հետագայում այն ստացել է Լոռու մարզը` տնօրինման, ինչպես նաև մելիքի` այդ տեղանքի պրիստավի ժառանգական պաշտոնը:

«1602թ. Մ.Տ. Լոռիս-Մելիքովի նախնիները` Լոռու մելիքներ Նազար և Դայ Քալանթարովները («քալանթար» բառից, որ պարսկերեն նշանակում է կառավարիչ), Պարսից շահ Աբասից ֆերման ստացան, որը հաստատում էր նրանց` Լոռու մարզի սեփականատերեր լինելու ժառանգական իրավունքները: Հետագայում նրանց հետնորդները տեղափոխվեցին Թիֆլիս, որտեղ ազնվականության շարքերում ծառայության են նշանակվում Վրաց (Քարթլի-Կախեթի) արքունիքում` Լոռիս-Մելիքով, այսինքն՝ «Լոռու մելիքներ» ազգանվամբ: Լոռիս-Մելիքով ազգանունը հայկական «Լոռու մելիք»-ի վրացականացված (հետագայում նաև ռուսացված) տարբերակն է»:

Միքայել Տարիելի Լոռիս-Մելիքովը ծնվել է Թիֆլիսում, 1825թ.-ի հոկտեմբերի 21-ին։ Հայրը՝ Տարիելը հաջող առևտրական էր։ Միքայելը կրթությունը ստացել է Սանկտ Պետերբուրգում, հետևելով նախ՝ Արևելյան Լեզուների Լազարյան Հիմնարկության, ապա՝ Ռազմական Գվարդիայի Կադետրական դպրոցին։ Ուսման ավարտից հետո անմիջապես զինվորական ծառայության է անցել ռուսաց կայսերական բանակում և 1847թ.-ին ուղարկվել է Կովկաս, ուր ծառայեց շուրջ 20 տարի՝ ցուցաբերելով «հիասքանչ հեծելազորային սպայի և մեծակարող վարչարար»-ի ուշագրավ կարողություններ։ Իր այդ ընդունակությունների շնորհիվ նա կարողացավ տեղացի ռազմասեր բնակչությանը խաղաղեցնել և բոլորի վստահությանն ու համակրանքին արժանանալ։

1877-78 թվականների Ռուս-Թուրքական պատերազմի ժամանակ, հեծելազորի զորավար Լոռիս¬Մելիքովը հանդիսացավ առանձին բանակային զորաբաժնի այն հրամանատարը, որ Օսմանյան Կայսրության զորքերի դեմ պատերազմեց հանուն Հայկական Լեռնաշխարհի տարածքի` իր հրամանատարության տակ համախմբելով նաև հայ աշխարհազորայիններին։ Մեծ հռչակի տիրացավ Արդահանի ամրոցի գրավումից հետո: Բայց հայազգի զորավարի աստղը փայլեց հատկապես թուրքական բանակի առասպելական զորավար Մուխթար Փաշայի դեմ նրա արձանագրած ջախջախիչ հաղթանակից հետո, Ալաջայի մերձակայքում։ Զորավար Լոռիս-Մելիքովը ոչ միայն ջախջախեց թուրքական բանակին ու նրա անվանի զորահրամանատարը, այլև՝ արագ գրոհով, գրավեց Կարսը և, ապա, պաշարեց Էրզրումը։ Իր այս ծառայությունների համար էր, որ հայ զորավարը ռուսաց Ցարից ստացավ «Կոմս»ի տիտղոսը։ Իսկ Ալաջայի ճակատամարտին իր ցույց տված քաջության համար, նրան շնորհվեց 2-րդ աստիճանի Սուրբ Գևորգի շքանշան։

Պատերազմի ավարտից հետո Լոռիս-Մելիքովը դարձավ Ստորին Վոլգայի զորավար-նահանգապետը, ապա որպես պաշտոնի բարձրացում` փոխադրվեց Կենտրոնական Ռուսաստան և նշանակվեց Խարկովի նահանգապետ։

Վարչարարական և քաղաքական հաջողությունները միշտ հետևեցին քաղաքական ասպարեզ նետված հայազգի գործչի վերելքին՝ պետական պատասխանատվությունների աստիճանից։ Թեև ամենուր նա հռչակվեց իբրև երկրից ներս թափ առած ահաբեկչության դեմ խիստ պայքար մղող կառավարիչ, այսուհանդերձ, նա միաժամանակ իր անվանը միացրեց ցարական վարչամեքենայի սանձարձակությունների դեմ պայքարողի և սահմանադրական կարգերի ջատագովի վարկ։ Իբրև այդպիսին՝ նա նշանակվեց Ռուսական Կայսրության «Գերագույն Գործադիր Հանձնաժողովին» ղեկավարը, որ ստեղծվեց Ս. Պետերբուրգում 1880թ.-ի փետրվարից հետո, երբ ընդհատակյա հեղափոխական-ահաբեկիչների կողմից անհաջող մահափորձը կատարվեց Ալեքսանդր Բ. ցարի դեմ։ Հանձնաժողովը կոչված էր երկիրը քաղաքականապես դուրս բերելու ներքին խռովությունների ոլորապտույտից և, այդ ուղղությամբ, Լոռիս¬Մելիքովը ցուցաբերեց իր վարչարարական մեծ տաղանդը։ Նա Ալեքսանդր Բ. ցարին ներկայացրեց վարչական և տնտեսական համալիր բարեփոխումների սահմանադրական ընդարձակ մի ծրագիր ։ Ռուսաց կայսրն ընդունեց իր հայ զորավարի առաջարկները։ Լոռիս-Մելիքովը նշանակվեց ներքին գործերի նախարար՝ բացառիկ իշխանությամբ, փաստորեն դառնալով Ռուսաստանի վարչապետ-դիկտատորը։ 

Բայց ճիշտ այն օրը (1881թ., մարտի 1,), երբ ցարը ստորագրեց հրամանագիրը Լոռիս-Մելիքովի առաջարկած բարեփոխումների հաստատման մասին, հեղափոխական-ահաբեկիչները երկրորդ մահափորձը կատարեցին և այս անգամ հաջողվեց սպանել ցար Ալեքսանդր Բ.ին։ Հաջորդ ցարը՝ Ալեքսանդր Գ-ն բուռն պայքար հայտարարեց հեղափոխության դեմ և ձեռնարկեց ուժային բիրտ քայլեր՝ դեն նետելով իր նախորդի հաստատած սահմանադրական բարեկարգումների ծրագիրը։

Կոմս Լոռիս-Մելիքովը,  1881թ.-ի հունիսին նախարարական իր բարձրաստիճան պաշտոնից հրաժարական ներկայացրեց ցարին։ Պաշտոնաթող զորավարի կարգավիճակով մեկնեց արտասահման։ Որոշ ժամանակ ապրեց Գերմանիայում, որտեղից անցավ Ֆրանսա՝ Նիս, ուր և ապրեց մինչև մահը, 1888թ.-ի Դեկտեմբերի 17-ը։

Հայազգի մեծ գործչի դին տարվեց իր պաշտած քաղաքը՝ Թիֆլիս, ուր և գտավ իր վերջնական հանգիստը՝ հայոց Վանքի բակում, իսկ 30-ական թվականներին Վանքը քանդելուց հետո նրա գանգը տեղափոխեցին և վերաթաղեցին Սբ. Գևորգ Եկեղեցու բակում։

Պատմաբանների համոզմամբ Ցարական Ռուսաստանի և ամբողջ Եվրոպայի պատմական հոլովույթը կարող էր այլ հունով ընթանալ, եթե բարեկարգչական իր առաջադրանքների համար «Սրտի Դիկտատոր» հռչակված Ռուսաստանի հայազգի պետական գործչի մշակած Սահմանադրական բարեփոխումների ծրագիրը գործադրվեր, Ցարական Ռուսաստանը դուրս բերելով վայրագ ու փտած միապետության ճիրաններից։

Զորավար Միքայել Լոռիս-Մելիքովի ոգեկոչման առթիվ արժե լուսարձակի տակ առնել հայազգի մեծ գործչի Հայի ռազմական տաղանդին նվիրված հետևյալ դիպուկ գնահատականը.

«Ակամայից ուզում ես համեմատություն անել. ռուս զինվորները ռուս հրամանատարների գլխավորությամբ ռուսական հողում պարտվում են, մինչդեռ հայ զորահրամանատարների հրամանատարությամբ կռվող ռուս զինվորները, հայ կամավորականների օգնությամբ հայոց հողում ջախջախիչ  հաղթանակ են տանում»:

 

Օրացույց