«Վերնատուն» միությունը 20 տարեկան է

դեկտեմբեր 14, 2017 - 01:07        Viewed: 476       

ՎիրաՀայոց Թեմ՝ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հոբելյանական հանդիսություն և շնորհանդես` նվիրված Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության 20-ամյակին և համանուն տարեգրքի 11-րդ համարի լույս ընծայմանը:Վրաստանի հայ գրական, թարգմանչական և հրատարակչական միտքը համախմբող և ստեղծագործական գործունեությունը համակարգող միությանը նվիրված միջոցառումը նախաձեռնել էին «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը և Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը:

Պատվավոր նախագահությունում էին բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Արտակ Գրաբսկին, Վրաստանի երիտասարդ ստեղծագործողների հիմնադրամի նախագահ, բանաստեղծ-թարգմանիչ Մաղվալա Գոնաշվիլին և Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը: Դահլիճը լեփ-լեցուն էր մարդկանցով: Ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը, Վրաստանի Հայ գործարարների միության նախագահ Սամվել Աղեկյանը, համայնքային կառույցների ղեկավարներ, գրողներ, բանաստեղծներ, ուսուցիչներ, մտավորականության ներկայացուցիչներ: Ժամանել էր «Վերնատուն» միության Ջավախքի մասնաճյուղի պատվիրակությունը:

Միջոցառումը բացեց կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը: Նա արձանագրեց Հովհաննես Թումանյանի տան պատմությունը՝ արժևորելով Վիրահայոց թեմին այն վերադարձնելու գործի նախաձեռնողներին, աջակիցներին և հովանավորներին:

Տոնահանդեսի վարող բանաստեղծ, «Վերնատուն» միության հիմնադիր նախագահ Ժորա Սնխչյանը անդրադարձ կատարեց անկախության ուղին բռնած ետխորհրդային հանրապետություններում գրողներին համախմբող ազգային կազմակերպություններ ունենալու ժամանակի անհրաժեշտությանը, միության ստեղծման նվիրյալներին և թումանյանական շնչով տոգորված «Վերնատուն» անունով այս կազմակերպության ստեղծմանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից հեռացած այն 25 գրչակից ընկերներին, ովքեր իրենց նվիրումը բերեցին միությանը,ակտիվորեն ներգրավվեցին ստեղծագործական, թարգմանչական, տպագրական, հրատարակչական, մատաղ սերնդի ստեղծագործական մտքի զարգացման աշխատանքներին:

Հիրավի հագեցած և բովանդակալից է եղել «Վերնատուն» միության գործունեությունը: 175 հեղինակային գրքեր, թարգմանություններ և «Վերնատուն» տարեգիրք: Եղել է նաև վստահություն, սպասելիք և գնահատում: Ստեղծումից կարճ ժամանակ անց միության երեք անդամները՝ նախագահ Ժորա Սնխչյանը, բանաստեղծներ Միքայել Ախտյանը և Հենրիխ Սահակյանը արժանացան կառավարական բարձր պարգևի՝ «Պատվո նշանի»:

Միության գործունեության ուղենիշներից է Հայաստանի և Վրաստանի գրողների միությունների մերձեցումը, հայ-վրացական գրական կապերի զարգացումը, թարգմանությունների ծավալումը: Այդ պատգամի իրականացման, երկու ժողովուրդների գրականությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության Գրողների միությունը ոսկե մեդալով պարգևատրեց բանաստեղծ-թարգմանիչ Մաղվալա Գոնաշվիլիին, ինչի մասին պատեհ առիթով բարձրաձայնեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդականը, իսկ միջոցառման վարողը այն փոխանցեց հայ ժողովրդի մեծ բարեկամին:

Այնուհետև ներկայացվեց «Վերնատուն» տարեգիրքը, որը տարիներ շարւնակ իր էջերում հավաքագրել, խմբագրել ու ընթերողին է ներկայացրել միության անդամների ստեղծագործությունները՝ արձակ, թե չափածո, կատարված թարգմանությունները, հոդվածները, գրախոսությունները, հրապարակախոսությունները: Հայ ընթերցողի սեղանին են դրվել վրաց, ռուս և արտասահմանյան գրականութպյան դասական և արդի գործեր, ներկայացվել երկու բարեկամ ժողովուրդների մշակութային կյանքը: Ժորա Սնխչյանը երախտագիտության խոսքեր ուղղեց Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությանը, Վրաստանում Հայաստանի դեսպանությանը, Վիրահայոց թեմին և նրա առաջնորդին, անհատ բարերարներին, ում աջակցությամբ միությունը կյանքի է կոչում իր կանխագծումները:

Օրացույց