Հայաստանը իրանական գազը կգնի ավելի էժան գնով

դեկտեմբեր 15, 2017 - 00:08        Viewed: 205       

Իրանական գազը Հայաստան ավելի էժան գներով ներմուծելու հնարավորություն է առաջացել: Հայաստանի Ազգային ժողովը պաշտոնապես հայտնել է դեռ միայն այն, որ Հայաստանի և Իրանի միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ՝ իրանական գազի գնման հարցով: Դրա գնի վերաբերյալ որևէ բան պաշտոնապես դեռ չի հաղորդվում:

Ներկայումս Հայաստանի համար 1000 խորանարդ մետր իրանական գազը սահմանին արժե 180 դոլար: Այսինքն այն 30 դոլարով ավելի թանկ է, քան ռուսականը: Մինչ դեռ, իրանական գազն իր որակով զիջում է ռուսականին: Այս պատճառով էլ փորձագետներն ենթադրում են, որ բանակցությունների ժամանակ այս հարցի վրա է շեշտադրումն արվել:

«Ակնհայտ է, որ բանակցային ողջ գործընթացը պետք է տարվեր Իրանից գնվող գազի գնի իջեցման շուրջ: Տնտեսական առումով իրանական գազի ներկայիս գինն այդքան էլ նպատակարահմար չէ Հայաստանի համար, մեր գազատրանսպորտային համակարգի համար, ուստի ես հույս ունեմ, որ բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել քաղաքական որոշում՝ իրանական գազի սակագինը նվազեցնելու ուղությամբ», -ասում է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

Մատակարարվող ռուսական գազի գինը կմնա անփոփոխ մինչև 2018 թ. ավարտը: Ռուսական գազը Հայաստանի սահմանում գնվում է 1000 խորանարդ մետրի դիմաց 150 դոլարով: Սակայն Հայաստանի քաղաքացիները գազի համար վճարում են համարյա կրկնակի ավելին: Դա «Գազպրոմ Արմենիայի» որոշումն է՝ ընկերության, որը պատկանում է ռուսական պետական «Գազպրոմին» և հանդիսանում ռուսական գազի մատակարարը Հայաստանում:

Այլ կերպ ասած, Ռուսաստանը գազ է վաճառում 150 դոլարով իրեն պատկանող ընկերությանը, որն էլ շատ ավելի թանկ գնով վաճառում է հայաստանցի սպառողներին:

Փորձագետները նշում են, որ իրանական գազի պարագայում կարող է կրկնվել նույնը, որովհետև իրանական գազը Հայաստան է ներկրվում ռուսական խողովակներով: Իրանից Հայաստան ներմուծվող գազի ենթակառուցվածքները պատկանում են «Գազպրոմին»: Հետևաբար, իրանական գազի գինը հաստատվելու է ռուսական «Գազպրոմի», այսինքն՝ Ռուսաստանի կողմից, կամ առնվազն՝ Ռուսաստանի համաձայնությամբ:

«Իրանական գազի ներմուծումը չի կարելի դիտարկել էներգետիկ անվտանգության իրական դիվերսիֆիկացիա, այլընտրանք: Կարևորն այն չէ, թե ինչ ծագման է գազը, որտեղի է այն, որ երկրից է այն արտահանվել: Կարևորը ենթակառուցվածքներն են, որոնց միջոցով գազը փոխանցվում է: Իրանական այլընտրանք չի կարող լինել, որովհետև իրանական գազը «Գազպրոմի» ենթակառուցվածքներով է մտնում: Եվ ցանկացած որոշում, որը մենք կայացնում ենք Իրանից-Հայաստան գազը ներմուծելու ուղությամբ, կայացվում է նաև Ռուսաստանի համաձայնությամբ», -ասել է Վահե Դավթյանը:

Օրացույց