Հայ-իրանական սահմանին բացվել է տնտեսական ազատ գոտի

դեկտեմբեր 18, 2017 - 00:11        Viewed: 510       

Հայ-իրանական սահմանին պաշտոնապես բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին, որտեղ ապրանքները կվաճառվեն ինքնարժեքով, ինչը նման է duty free ռեժիմն: Փորձագետները նշում են, որ Հայաստանի և Իրանի համար այս հարթակը կարող է դառնալ երրորդ երկրների հետ համագործակցելու հնարավորություն, քանի որ Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, համագործակցում Եվրամիության հետ և ունի ապրանքները արտահանելու արտոնյալ պայմաններ:

«Մեղրի» ազատ տնտեսական գոտում գործող տնտեսավարողները կազատվեն շահութահարկից, ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և մաքսատուրքերից` վճարելով միայն եկամտային հարկ: Այստեղ կարող են ներկայացվել տարբեր ոլորտների ապրանքներ՝ գյուղատնտեսություն, մշակող արդյունաբերություն և այլն:

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ իրանցի գործարարները ազատ տնտեսական գոտում բիզնես սկսելու և արտադրանքը դեպի Եվրոպա և եվրասիական երկրներ արտահանելու հնարավորոթյուններ կունենան: Նույն նպաստավոր պայմանները, ըստ Հայաստանի կառավարության ղեկավարի, կլինեն նաև Եվրոպայից կամ եվրասիական երկրներից Իրան արտահանման պարագայում:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Այս միության կազմում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը: Միաժամանակ Հայաստանն օգտվում է GSP+ ռեժիմից, որն արտոնությունների ընդհանրացված համակարգ է: Սա նշանակում է, որ մի շարք ապրանքներ կարող են արտահանվել Հայաստանից առանց մաքսատուրքերի:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին այս կապակցությամբ ասել է, որ հայ-իրանական տնտեսական կապերի զարգացման մեծ և լուսավոր հեռանկար է տեսնում. «Մեղրի» ազատ տնտեսական գոտու մեկնարկը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, իրանական ազատ տնտեսական գոտիների հետ փորձի փոխանակմանը»:

Նախատեսվում է, որ առաջիկա տարիների ընթացքում 50-70 ձեռնարկություններ կգործեն այս տնտեսական գոտում, կիրականացվեն 100-150 միլիոն դոլարի չափով ներդրումներ, կապահովի մոտ 250 միլիոնի արտահանում:

Պաշտոնական տվյալերով՝ 2017 թ.-ին Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը և կազմել է 211.4 միլիոն դոլար: Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Իրանի հետ համագործակցությունը կազմում է  4.2 տոկոս:

Օրացույց