Ղափամայի տոն առաջնորդանիստ եկեղեցու բակում

դեկտեմբեր 20, 2017 - 01:04        Viewed: 188       

ՎիրաՀայոց Թեմ՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում, կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագից հետո, տեղի ունեցավ ղափամայի տոն, որն իրականացվեց Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ:

Հայկական խոհանոցը հայ ազգային մշակույթի մասն է, իսկ նրա տարբեր էջերի արդիականացումը համայնքային կառույցների գործունեության ուղենիշներից մեկը: Այդ նպատակով Վիրահայոց թեմում կազմակերպվում են հայկական ավանդական ճաշատեսակներին նվիրված փառատոններ. հարիսայի, գաթայի, տոլմայի և ահա նաև ղափամայի, որն արդեն դարձել է ավանդական:

Եկեղեցու բակում իրար կողքի շարված սեղաններին տեղ էին գտել «Շուշանիկ» կազմակերպության և Սուրբ Գևորգ եկեղեցասեր տիկնանց միության անդամների, թիվ 104 հայոց դպրոցի առաջին դասարանի ծնողների և թբիլիսահայ տիկնանց կողմից պատրաստված արքայական դդմիկներով ղափաման, նաև շոգեխաշած ու խորոված դդումները, տարբեր ուտեստներ, տաք թեյը և սուրճը դդմի մուրաբաներով ու ջեմով, հալվայով ու մեղրով:

Փառատոնին իր մասնակցությունը բերեց նաև Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը։ Ուրախալի էր դիվանագետների և նորանշանակ արտակարգ ու լիազոր դեսպանի տիկին Մերի Սադոյանի ներկայությունը: Տոնի առիթով քաղաքամայր Երևանից ժամանել էր Շենգավիթ վարչական շրջանի պատվիրակությունը՝ մշակույթի, կրթության և սպորտի բաժնի մասնագետ Գայանե Սարոյանի և թաղապետարանի թիվ 5 մշակույթի տան տնօրեն Գառնիկ Շիրինյանի կազմով:

Ողջունելով ներկաներին, Վրաստանի հայ կանանց Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը արժևորեց հայկական ազգային կերակրատեսակները ժողովրդականացնելու և դրանց հետ կապված ավանդույթները սերունդներին փոխանցելու առաքելությունը, որը սիրով կատարում են համայնքային այս կառույցը և եկեղեցասեր կանայք: Բանախոսը նշեց, որ այս համով – հոտով ուտեստը դարեր շարունակ հայերը պատրաստել են Ամանորյա և Սուրբծննդյան տոներին և եղել է ուրախ սեղանների զարդը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնության խոսքում կարևորեց ազգային խոհանոցը արդիականացնելու թբիլիսահայ համայնքում հաստատված ավանդույթը, անդրադարձ կատարեց փառատոնի խորհրդին՝ նշեց նմանատիպ միջոցառումների նշանակությունը և այդ համատեքստում խոսեց նաև նոր նախաձեռնությունների ու արդեն նախատեսված միջոցառումների մասին։ Սրբազան հայրը բարձր գնահատեց թբիլիսահայ հասարակության շրջանում հայկական մշակույթի պահպանմանը միտված գործունեությունը, որի մասն է կազմում նաև հայոց խոհանոցը:

ՀՀ դեսպանության դիվանագետ Հարություն Հայրապետյանն իր խոսքում բարձր գնահատելով նմանօրինակ միջոցառումների անցկացումը, ընդգծեց դեսպանության պատրաստակամությունը առաջիկայում աջակցելու այլ փառատոնների կազմակերպմանը: Այնուհետև Երևանի Շենգավիթի թիվ 5 մշակույթի տան մենակատար 13-ամյա Ռիտա Հովհաննիսյանը կատարեց հայրենասիրական և ազգասիրասկան երգերի շարան, ներկաների մոտ ստեղծելով տոնական բարձր տրամադրություն:

Վիրահայոց թեմի առաջնորդի և հոգևոր դասի կողմից օրհնվեցին դդմի տարբեր տարատեսակներով սեղանները և «Ղափամա» երգի ուղեկցությամբ տեղի ունեցավ ուրախ թեյախմություն, որին մասնակցեցին նաև բազում զբոսաշրջիկներ, Վրաստանի տարբեր ազգի բնակիչները և հյուրերը:

Օրացույց