Արցախյան հակամարտություն. երկու կնոջ պատմություն

դեկտեմբեր 21, 2017 - 00:17        Viewed: 1400       

1988-1994թթ.-ին Արցախյան պատերազմին մասնակցել է 200 կին, որոնցից 42-ը զոհվել են մարտի դաշտում: Արցախյան պատերազմի երկրորդ ամենաթեժ փուլին՝ 2016 թ.-ի ապրիլյան քառօրյային, կանանց մասնակցության վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան: Սակայն կան այլ տվյալներ. ապրիլյան թեժացումից հետո ռազմական կրթության դիմող աղջիկների թիվը գրեթե կրկնապատկվել է:

Պատերազմ առաջին. Կուկլա բաբո

Երևանից Արցախ վեց ժամվա ճանապարհ է: Ինձ պատերազմող խաղաղությունից վեց ժամ է բաժանում: Վարորդը ձեռքը տանում է գրպանը. «Տասն օր առաջ մի ընտանիք էի Ղարաբաղ բերում: Հետները աղջիկ երեխա կար՝ ականջից է ընկել: Գրպանումս եմ պահում, որ վերադարձնեմ», -ասում է միջին տարիքի տղամարդը`մատների արանքում կապույտ ծաղկե փոքր ականջօղը պտտելով: Չգիտեմ, արդյոք գտա՞վ վարադն այդ ընթանիքին, մենք Շուշիում ուրիշ գեղեկուհու էինք փնտրում՝ Եվգենիա Արուստամյանին:

Սպիտակ, ալեխառն, կարճ մազերի ու կնճիռների տակ քաղաքի հայտնի գեղեցկուհին է ապրում՝ Բաբոն, որին դեռ Կուկլա են ասում: Մեծ, լուսավոր տան մաքրությունն ապշեցնում է: Թվում է` հյուրերի է սպասել: Անկախ կորստից ու ցավի մեծությունից՝ իր բաժին աշխարհը սիրուն պիտի լինի: Հեռուստացույցի կողքին երկու լուսանկար է` մեկի վրա ինքն է 16 տարեկանում, մյուսի վրա՝ տղան:

«Արմենս է: Փոքրս: Աչքերի գույնը տես` ի՜նչ սիրուն է: Երկու տարի առաջ մահացավ», -ասում է բաբոն: Ծանր է տանում իր համար դեռ չպարզված հանգամանքներում որդու կորուստը, չի համակերպվում, որ նույնիսկ պատերազմը խնայեց իրեն, պատահարը՝ ոչ: Փորձում եմ շեղել խոսակցությունը. «Բաբո, քեզ շատ էին սիրահարվո՞ւմ»:

«Չէ, ռիսկ չէին անում: Շատ կոպիտ էի: Սիրած տղա ունեի… Ես էլ անսեր ամուսնացա, ինքն էլ: Մեր ճակատագիրն էր, ի՞նչ արած», -պատմում է կինը:

Անսեր ամուսնությունից տիկին Եվգենիան երեք որդի ունեցավ: «Այն ժամանակ դեմոկրատիա չկար: Իմ ամուսինն իմ «խազեինն» էր: Մայրս արդեն չկար, օգնող չունեի: Ես աշխատում էի, երեխաներս`մեծանում իրենք իրենցով: Մեծ տղերքս պատերազմի հաշմանդամ են՝ երկուսն էլ մարտական վիրավորում ստացած: Մեկը Լենինգրադ գնաց ու հետ չեկավ, մյուսը մինչև հիմա ծառայության մեջ է: Ամուսնուս մահից հետո ես ու Արմենս իրար հետ մնացինք: Ինչ տեսնում ես էս տանը, Արմենիս արածն է: Չվայելեց», -ասում է բաբոն` չոր լաթով մաքրելով լվացքի մեքենայի փոքրիկ դռնակը: Այդպես է անում ամեն լվացքից հետո. Արմենն է նվիրել, հանկարծ չփչանա:

1992 թ.-ին երկու որդիները կամավորագրվեցին, չորս եղբայրները՝ ևս: «1992-ին կազմավորվեց և մեր ջոկատը: 12 հոգի էինք` բոլորս կին: Ջոկատում ընդամենը մի ԴԴՀ (Դրագունովի դիպուկահար հրացան) ունեինք, մյուսները ավտոմատով էին կռվում: Ես դիպուկահար էի: 1993-ի օգոստոսի 23-24-ի հին Կուբաթլույի մոտ գործողության էինք: Այդ օրը աղջիկներից մի զոհ ունեցանք, երկու վիրավոր՝ մեկը ես էի», -պատմում է կինն ու բարձրացնում շորի փեշը: Ծնկներից վերև անխնամ արված կարկատաններ են ողջ մարմնով` մինչև կուրծքը:

«Երեք օր գործողության էինք, երեք օր`տանը: Գալիս էի տուն, ուտելու բան պատրաստում, լվացք անում: Կռվի ժամանակ էլ գիշերները աչք չէի փակում: Լինում էր`վիրավորներին գրկում էի, սեղմում ինձ, որ հարմար լինի, վերքերը չցավեն: Ամբողջ գիշեր նստած էի անցկացնում: Ի՞նչ անեի: Երկու զինվոր էլ ես ունեի կռվում», -ասում է բաբոն:

Մի տոպրակ իր հավաքած բույսերից է լցնում` թեյի համար, մի կապոց` թխվածքաբլիթ ու կոնֆետ: Գիտի`զորամաս ենք գնալու հետո:

Պատերազմ վերջին կամ խաղաղություն. Եվա

Եվան առաջինն էր Ստեփանակերտի Իվանյանի անվան ռազմական վարժարանում: Երկու տարի առաջ վարժարանում առաջին ընդունելությունն էր աղջիկների համար: Հիմա դասակի տղաների հպարտությունն է:

«Հստակ գիտեի՝ ուզում եմ ռազմական իրավաբան դառնալ: Հետո պարզվեց, որ այդ գծով բարձրագույն ռազմական կրթություն դեռևս չեմ կարող ստանալ. Ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում այդ մասնագիտությամբ դեռ ընդունելություն չկա աղջիկների համար: Ստիպված եմ Հակաօդային պաշտպանությունն ընտրել», -ասում է Եվան:

Նա միակն է վարժարանի աղջիկ սաներից, ում ընտանիքը դեմ չէր դստեր ընտրությանը: Հայրը, քեռիները՝ բոլորը զինվորական են: «Ես խաղաղություն չեմ տեսել: Մենք սահմանի վրա ենք. մի օր լավ, մի օր վատ… Մեզ համար «առաջին աստիճանի մարտական պատրաստության» ռեժիմը երբեք չի դադարում:

Ապրիլյան պատերազմի ժամանակ ամեն օր զոհերի ու վիրավորների մասին էինք լսում: Իմ տարիքի տղաներ, մեկ-երկու տարի մեծ: Ահավոր էր: Հայրս ու քեռիներս սահմանի վրա էին… Հունվարի 28-ին միջոցառում էինք կազմակերպել մեր վարժարանի զոհված սաների հիշատակին նվիրված: Նրանցից մեկի նկարն իմ ձեռքին էր: Միջոցառումից հետո այդ տղայի մայրն եկել էր, գրկել ինձ ու լաց լինում: Չգիտեի, ինչ ասել նրան», -պատմում է Եվան:

Հանգստի ժամին փոքրիկ սենյակում երկհարկանի մահճակալների արանքում ոչ զինվորական եռուզեռ է: Աղջիկներից մեկը մյուսի մազերն է հյուսում, երրորդը հեռախոսով երգեր է միացնում: Կրկնվող երկու երգ անընդհատ հաջորդում են իրար: Եվան դասավորում է հաստ թղթապանակի մեջ խնամքով հավաքված պատվոգրերը: Մեկը լավ երգելու համար է, մյուսը` սպորտային ձեռքբերումների: Հագնում է տաք վերնազգեստն ու դուրս գալիս վարժարանից: Ավտոբուսը կանգնում է ճիշտ դիմացը: Զինվորական համազգեստով փոքրիկ աջկան արդեն ընտելացել են: Սկզբում էին տարօրինակ դիտում: Եվս մի քանի րոպե՝ և արդեն տանն է:

Սովորաբար ընթրում են մոր ու քրոջ հետ: Հայրը դեռ սահմանին է: Ընտանեկան հին ալբոմների նկարների վրա էլ երեքով են` մոր ու քրոջ հետ: Հոր անձնագրի փոքր նկարը հետո է սոսնձվել դրանցից մեկի վրա՝ իրենց կողքին: «Պապան տանը քիչ էր լինում, աշխատում էր: Շատ էի կարոտում», -ասում է Եվան՝ հարցիցս առաջ ընկնելով:

Տան դուռը բացվում է. Հայրն է, մեկ օրով է եկել դիրքերից: Զուսպ բարևում է բոլորին ու միայն Եվային սեղմում թևերի մեջ:

«Եվա, ինչի՞ համար ես սովորում: Պատերազմի՞», -հարցնում եմ ես: «Պատրաստ լինելու… ու հույսով, որ սովորածս պետք չի գա գործնականում: Ես պատերազմ չեմ ուզում, բայց քաղաքական, իրավական հարթության վրա այս հարցը չի լուծվում երկու տասնամյակից ավել: Այս պատերազմն ինձանից մեծ է», -ասում է Եվան ու նորից ժպտում:

Դռան ապակուց այն կողմ հոր ուրվագիծն է: Այսօր իրենց տանը հրադադար է՝ մինչև առավոտյան ժամը 6:00-ն, երբ պատերազմը հորը նորից դիրքեր կտանի, իրեն`ռազմական վարժարան` խաղաղության համար սովորելու:

Սոնա Մարտիրոսյան

Օրացույց