839 մարդ է փախստականի կարգավիճակ խնդրել: Կեսից ավելին ստացել է այն

դեկտեմբեր 22, 2017 - 00:07        Viewed: 450       

Վրաստանի փախստականների գործերով և վերաբնակեցման նախարար Սոզար Սուբարիի տեղեկատվության համաձայն՝ 2017թ-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը միջազգային պաշտպանության մասին խնդրանքով իր գերատեսչություն դիմել է 839 մարդ:

Նրանցից 42-ին Վրաստանը փախստականի կարգավիճակ է տրամադրել, 35-ին՝ հումանիտար կարգավիճակ, 354-ին մերժել է կարգավիճակ տրամադրել, իսկ 219 անձանց վերաբերյալ վարույթը կասեցվել է:

Սուբարիի խոսքով՝ 488 շահառուները Վրաստանի քաղաքացի են, որոնք վերադարձել են արտասահմանից, հիմնականում՝ ապօրինի միգրացիայից: «Ոմանց օգնել ենք փոքր բիզնես սկսել, մյուսներն իրավական օգնության կարիք ունեին», -հայտարարել է նախարարը:

«Եթե համեմատենք 5-6 տարվա վաղեմության տվյալների հետ, այն ժամանակ Վրաստանում ապաստան տրամադրելու առավելագույնը 50 դիմում էր ստացվում: Սակայն, նախորդ 2-3 տարիների համեմատ դիմումները պակասել են: Երբ սկսվեցին սիրիական, իրաքյան խնդիրները, երբ Ուկրաինայում ամենասուր ռազմական գործողություններն էին ընթանում, մեկ տարվա ընթացքում մինչև երկու հազար մարդ է դիմել», -ասել է Սուբարին:

ՄԱԿ Տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտը միջազգային միգրացիայի միտումների մասին զեկույց է հրապարակել: Դեպարտամենտի տվյալների համաձայն՝ այսօր աշխարհում մոտ 258մլն միգրանտ կա, ինչը կազմում է Երկրի ողջ բնակչության մոտ 3.4 տոկոսը: Մոտ մեկ տարի առաջ՝ 2016թ-ի դեպտեմբերին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեան փախստականների և միգրանտների մասին հայտարարագիր է ընդունել, որում ՄԱԿ անդամ երկրներն իրենց վրա պատասխանատվություն են վերցնում արդար միգրացիոն քաղաքականություն վարելու, միգրանտների հանդեպ այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարելու վերաբերյալ:

Դեպարտամենտի զեկույցում նշվում է, որ այսօր միգրանտների հիմնական մասը (64%) ապրում է եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրներում: Բոլոր միգրանտների երեք երրորդն աշխատունակ է, նրանք 20-64 տարեկան են:

Ավելի շատ միգրանտներ բնակվում են ԱՄՆ-ում՝ մոտ 50 մլն մարդ: Հաջորդը Սաուդյան Արաբիան, Գերմանիան և Ռուսաստանն է: Այդ երկրներից յուրաքանչյուրում մոտ 12մլն միգրանտ կա:

Առավել հաճախ մարդիկ արտագաղթում են Հնդկաստանից և Մեքսիկայից: 2017թ-ի տվյալներով՝ այդ երկրներից համապատասխանաբար 17մլն և 13մլն մարդ է մեկնել: Ռուսաստանը Ուկրաինան այն երկրների տասնյակում են, որտեղից ավելի շատ մարդ է մեկնում արտերկիր: 258մլն միգրանտների 10 տոկոսը (մոտ 26մլն մարդ) փախստականներ են:

Օրացույց