Վիրահայոց Թեմը կդիմի դատարան

դեկտեմբեր 26, 2017 - 00:02        Viewed: 627       

Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցին կեղծ փաստաթղթի հիման վրա վրաց պատրիարքարանին փոխանցելու հարցը դրական լուծում չստանալու դեպքում, Վիրահայոց թեմը կդիմի դատարան: Այս մասին ասաց Վիրահայոց թեմի մամուլի եւ լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը:

«Բանավոր, գրավոր խնդրանքներով այս հարցը չլուծվելու դեպքում կդիմենք դատարան՝ պահանջով, որ կամ եկեղեցին վերադարձվի Վիրահայոց թեմին, կամ եկեղեցին որպես պետության սեփականություն վերադարձվի էկոնոմիկայի նախարարությանը: Մենք նիստ ենք գումարել թբիլիսահայության ներկայացուցիչների հետ, քննարկել ենք ինչ հանդիպումներ եւ ինչ քննարկումներ պետք է ունենանք համապատասխան կառույցների, մարմինների հետ, որպեսզի հասկանանք մեր հետագա անելիքները», -ասաց նա:

Սուսաննա Խաչատրյանը նշեց, որ ապրիլին Վրաց պատրիարքարանի քարտուղար Բոթքովելին դիմել է Վրաստանի հուշարձանների պահպանության եւ վերականգնման գործակալություն՝ Թանդոյանց եկեղեցու մասին տեղեկություններ ստանալու: Գործակալությունը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, թե իբր այդ եկեղեցին նախկինում եղել է վրացական, որի հիման վրա էլ այն փոխանցվել է վրաց պատրիարքարանին որպես սեփականություն:

Հարգելի ընթերցողի ուշադրությանը ներկայացնում ենք TDI կազմակերպության զեկույցը.

«2017 թվականի հուլիս ամսին Վրաստանի կառավարությունը վրաց պատրիարքարանին է փոխանցել 19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Թանդոյանց սուրբ Աստվածածին եկեղեցին։ Թեմայի Վերաբերյալ Վրաստանի համերաշխության և բազմազանության ինստիտուտը հոդված է պատրաստել, որի հայերեն թարգմանությունը անփոփոխ ներկայացնում ենք ստորև.

«2017 թվականի հուլիսին Վրաստանի կառավարությունը Թբիլիսիի Աղմաշենեբելի 38 հասցեում գտնվող վնասված (խոնարհված, խմբ.) եկեղեցին և հարակից տարածքը փոխանցել է վրաց ուղղափառ եկեղեցուն։ Մինչ փոխանցելը, պետությունը չի ուսումնասիրել տաճարի պատմական ծագումը և նրա մշակութային ու դավանանքային հատկանիշները, մինչդեռ Պատրիարքարանը եկեղեցու հիմքերի վրա արդեն իսկ տարբեր տեսակի աշխատանքներ է իրականացնում։

Պատմական աղբյուրներ եկեղեցու ծագման վերաբերյալ

Եկեղեցու հայկական ծագումը և այն փաստը, որ տաճարը մինչ Խորհրդային բռնազավթումը պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն հաստատում են բազմաթիվ աղբյուրներ։ Աղմաշենեբելի 38 (նախկին Պլեխանով, խմբ.) հասցեում մինչ օրս էլ հայկական գրառում է պահպանվել, հետևյալ բովանդակությամբ.

«Այս ուսումնարանը կառուցվել է անձնական միջոցներով, թբիլիսցի այրի Կեկել Գրիգորյան-Թանդոյանցի կողմից, իր եղբայր Ալեքսանդրե Գրիգորյան-Բաբասյանի աջակցությամբ, իր և այս եղեկեցին կառուցողների հոգիների փրկության համար, ովքեր հուղարկավորված են այս տաճարում ՝ Սահակ Թանդոյանցի եկեղեցում … 1883 թվական»։

Այսպիսով, ըստ այս վարկածի, խոսքը Թանդոյանցի սուրբ Աստծվածածին հայկական եկեղեցու մասին է։

Եկեղեցու հայկական ծագման վերաբերյալ տեղեկությունների ենք հանդիպում նաև այլ աղբյուրներում։ Օրինակ՝ Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից հրապարակած հետազոտությունում նշվում է Լեոն Մելիքսեթ-Բեկի վկայություններն այս եկեղեցու վերաբերյալ. «Սուրբ Աստվածածին եկեղեցին, ամենայն հավանականությամբ 1860 թվականին է կառուցել Սահակ Թանդոյանցի կողմից։ Թբիլիսիի՝ 1867 թվականի հատակագծում այն արդեն պարզ նշմարվում է… Տարածքում նախկին ուսումնարանի շենք կա: Շինության վրա մինչ օրս պահպանել է հին հայկական արձանագրությունը։ Ըստ այա գրառման՝ նշված ուսումնարանը կառուցվել է 1883 թվականին թբիլիսցի այրի Կեկելա Գրիգոլի-Թանդոյանցի և իր եղբոր՝ Ալեքսանդրե Բաբանասյանցի կողմից»։

Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից հրապարակված վերլուծությունում, հետազոտող Սոփիո Ճանիշվիլին կարծիք է հայտնում առ այն, որ հայկական տաճարը` «հնարավոր է կառուցվել է Կուկի գյուղի հիմքի վրա, չնայած այն իրողությանը, որ պաշտոնական տեղեկություններ չկան Աղմաշենեբելի 38 հասցեում գտնվող շինության` ուղղափառ եկեղեցուն պատկանելու վերաբերյալ»։

Հարկ է նշել, որ 20-րդ դարասկզբին Թբիլիսիի քարտեզներիում (1913 և 1924 թվականներ) այս շինությունը նշվում է որպես հայկական եկեղեցի։ Վրաստանի Համերաշխության և բազմազանության ինստիտուտը` TDI-ը, Վրաստանի Ազգային արխիվում պահվող աղբյուրներից դուրս է բերել՝ 1874, 1875, 1884, 1907, 1921 թվականներին Թանդոյանց եկեղեցու գրառումները։

ԽՍՀՄ բռնազավթման շրջանում, պաշտամունքային այլ շինությունների հետ միասին, Թանդոյանցը փակվել է և առգրավվել կրոնական համայնքից։ Եկեղեցու փակումը հաստատում է Թբիլիսիի Ժողգործկոմի նախագահության՝ 1924 թվականին արձակած հրամանը։1927 թվականի օգոստոսի 12-ին եղեկեցու շինությունը փոխանցվել է «Տփիլիսիի գործկոմին»։ Սրանից հետո, շինությունը գործածվել է մի քանի նպատակներով. այդ թվում` որպես կինոթատրոն և այսպես կոչված «դվոռնիկների ակումբ»։

2015-2016 թվականներին Վրաստանի իշխանությունները, Աղմաշենեբելի պողոտայի վերանորոգման՝«Նոր Տփիլիսիի» ծրագրի շրջանակներում, Աղմաշենեբելիի №38-ում գտնվող շինությունը ճանաչել է որպես հայկական եկեղեցի և այն հիշատակել որպես «Գրիգորյանական սուրբ խաչի հայտնության եկեղեցի»։

Մշակութային ժառանգույան անշարժ հուշարձանների հաշվառման քարտում, արվեստագետ Լալի Անդրոնիկաշվիլին գրում է, որ Դ. Աղմաշենեբելիի №38-ում, եկեղեցու կողքի շինության վրա առկա գրառումը և այդ տարածքում պահպանված այլ դեկորատիվ էլեմենտները հաստատում են 1883 թվականին արդեն առկա հայկական եկեղեցու գոյության փաստը։ Անդրոնիկաշվիլին նշում է, որ նշված վայրը Բատոնիշվիլիի՝ 1735 թվականի Թբիլիսիի ծրագրում նշված է որպես Ախալսոփելիի անգմբեթ, անանուն եկեղեցի։ Այս եկեղեցու վերաբերյալ Պլատոն Իոսելիանին գրում է, որ «Կվիրացխելիի եկեղեցուն կցված է եղել ավելի փոքրիկ եկեղեցի, որը գտնվել է Կուկիայում և որը գոյատևել է մինչև 1622 թվական։ Այն ոչնչացրել է Շահ Աբասը։ Հեղինակը ենթադրում է, որ 19-րդ դարում հայերը նոր եկեղեցի են կառուցել, ամենայն հավանականությամբ Թանդոյանցը։ Լալի Անդրոնիկաշվիլին նշում է, որ «այն, ինչ գոյություն ունի այսօր, ակնհայտորեն հայկական ծագում ունի»։

Թանդոյանց եկեղեու փոխանցման գործընթացը

Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության դիրքորոշումը

2015 թվականի դեկտեմբերի 27-ին Հայ առաքելական-ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը, նամակով դիմել է Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությանը` խնդրելով Աղմաշենեբելիի 38 հասցեում գտնվող «Թանդոյանց սրբ. Աստվածածին» հայկական եկեղեցուն տալ մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ։

2016 թվականի փետրվարի 17-ին Հայ առաքելական եկեղեցուն տեղեկացրել են, որ Թբիլիսիի Աղմաշենեբեի 38 հասցեում գտնվող «Թանդոյանց սուրբ Աստվածածին» հայկական եկեղեցուն մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ տալու հարցում, Գործակալությանը օգնություն է ցուցաբերել Գիորգի Չուբինիշվիլիի անվան Վրաստանի արվեստի պատմության և հուշարձանների պաշտպանության հետազոտությունների ազգային կենտրոնը։ Միևնույն նամակում Գործակալության տնօրենի տեղակալ Պաատա Քարփրինաշվիլին նշում է, որ աշխատանքների ավարտից հետո կմեկնարկեն Թանդոյանցին հուշարձանի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ գործընթացները, ինչի վերաբերյալ նամակով կտեղեկացնեն Հայ առաքելական եկեղեցուն։ Մինչ այս պահը Վիրահայոց թեմին աշխատանքների սկսման կամ ավարտի վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվել ուղարկել։ Այսուհանդերձ, հարկ է նշել, որ իրենց նամակում` Գործակալությունը եկեղեցին հիշատակել է որպես «Թանդոյանց սուրբ Աստվածածին»։

2017 թվականի մայիսի 1-ին Վրաստանի հուշարձանների պաշտպանության ազգային գործակալությունը վրաց պատրիարքարանին տեղեկացրել է, որ «Թբիլիսիի կենտրոնական շրջանում, հին Կուկիայում, Քռի ձախ ափին, այնտեղ, որտեղ Դավիթ Աղմաշենեբելի պողոտային է միանում Ի. Ծերեթելիի փողոցը, պատմական աղբյուրների համաձան հաստատվել է փոքր եկեղեցու առկայությունը, որը ոչնչացվել է 1622 թվականին՝ Շահ Աբասի կողմից, իսկ հին եկեղեցու փլատակների վրա, Վառլամ Էրիսթավիի ջանքերով եւ հոգևորական Պետրե Իմնաձեի կողմից 1814-1816 թվականներին կառուցվել է «Սուրբ խաչի հայտնության» եկեղեցի։ Ինչպես ասվում է Գործակալության` Հայ առաքելական եկեղեցուն ուղղված պատասխան նամակում, նշվածը հիմնվում է պատմական աղբյուրների, մասնավորապես՝ Դ. Կարիճաշվիլիի «Մենաստաններն ու եկեղեցիները Տփիլիսիում և նրա շուրջը» աշխատության վրա։ (1837 թ.)

2017 թվականի դեկտեմբերի 7-ին, Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությունը, Հայ առաքելական եկեղեցուն պարզաբանել է, որ վերոնշյալ նամակը չի ծառայել եկեղեցու սեփականատիրոջ կամ դրա գործառույթների պարզաբանմանը` այն կենտրոնացել է բացառապես վրաց պատրիարքարանի կողմից պահանջված տեղեկատվության վրա։ Չնայած սրան, փաստ է, որ Գործակալության նամակը Պատրիարքարանը ուղարկել է պետական գույքի գործակալությանը, որից պահանջել է վրաց պատրիարքարանին հանձնել շինությունը։

Հատկանշական է, որ Մշակութային ժառանգության պաշտպանման ազգային գործակալությունը միայն մեկ աղբյուր է նշել, այն դեպքում, երբ նշված վիճելի փլատակների վերաբերյալ գոյություն ունեն ինչպես դեռեւս կանգուն պատերի վրա առկա ապացույցներ, այնպես էլ արխիվային նյութեր, որոնք ապացուցում են հայկական եկեղեցու առկայությունը և ԽՍՀՄ շրջանում Հայ առաքելական եկեղեցուց բռնագրավելու իրողությունը։

Թանդոյանցի վիճելի եկեղեցու փոխանցումը վրաց Պատրիարքարանին

2016 թվականի փետրվարի 23-ին Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի քարտուղար, հոգևորական Միքայել Բոտկովելին պահանջով դիմել է պետական ռեեստրի ազգային գործակալությանը` Աղմաշենեբելիի 38 հասցեում գտնվող «ավերակները» (կադաստրային կոդ. 01.16.05.025.005.22.500.) գրանցել որպես Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի սեփականություն։

Հայտարարությունում Վրաստանի պատրիարքարանը նշում է, որ վայրը, որտեղ այսօր եկեղեցու ավերակներն են, «պատմական աղբյուրների և քարտեզների» համաձայն հայտնի է եղել որպես Կուկի գյուղ։ Հոգևորական Պետրե Իմնաձեի գլխավորությամբ, այդ տարածքում 1814-1816 թվականներին կառուցվել է «Սուրբ Խաչի հայտնության» տաճարը։ Այսուհանդերձ, Վրաց պատրիարքարանը որևէ պաշտոնական ապացույց չի ներկայացրել եկեղեցու` դավանաբանական (կոնֆեսիոնալ) ծագման վերաբերյալ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2016 թվականին, Վրաց պատրիարքարանի կողմից պահանջվող գույքը (հողը և վնասված եկեղեցին) պետական սեփականություն է հանդիսացել, հանրային ռեեստրը անկարող է գտնվել ավտոմատ կերպով այն տրամադրել Պատրիարքարանի տնօրինմանը։ Այդ իսկ պատճառով, 2017 թվականի ապրիլի 28-ին, վրաց եկեղեցու եպիսկոպոս Իակոբ Իաոկոբիշվիլին դիմել է Վրաստանի էկոնոմիկային և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիայն՝ պահանջելով չեղյալ հայտարարել եկեղեցու` պետության սեփականություն հանդիսանալու հիմքերը։ Դիմումում կրկնվել են Վրաստանի հանրային ռեեստրին ուղղված նամակի հիմնավորումները։

2017 թվականի հուլիսի 10-ին, պետական գույքի ազգային գործակալությունը, №1/1-1600 հրամանով, եպիսկոպոսի՝ 28.04.2017-ի նամակի հիման վրա, չեղյալ է համարել պահանջվող գույքի գրանցումը, ինչը` Հանրային ռեեստրի ազգային գործակալությանը հնարավորություն է տվել 2017 թվականի հուլիսի 26-ին Վրաստանի պատրիարքարանի անունով գրանցել 4591 քառ. մետր հողատարածք և հողատարածքում առկա վնասված եկեղեցին։

Հարկ է նշել, որ ո՛չ հանրային ռեեստրը և ո՛չ էլ Պետական գույքի ազգային գործակալությունը, Վրաց պատրիարքարանից այլ ապացույցներ չեն պահանջել եկեղեցու դավանական ծագման վերաբերյալ։ Իր հերթին պետությունը չի հետազոտել շինության պատմությունը, ինչը մատնանշում է դոմինանտ կրոնական խմբի հանդեպ կողմնակալ վերաբերմունքի իրողությունը և որոշումներ կայացնելու գործընթացում կամայական մոտեցումը։

Գույքը սեփականաշնորհելուց հետո, Վրաց պատրարքարանը Աղմաշենեբելի 38 հասցեում սկսել է փորման և մաքրման աշխատանքներ իրականացնել, ինչը, ի վերջո` նոր եկեղեցու կառուման մասին է խոսում։ Իրականացվող աշխատանքնեը ղեկավարում է Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ, հոգևորական Գիորգի Փեյքրիշվիլին։ Եկեղեցու կառուցման համար դրամական միջոցներ են հավաքվում։

Հարկ է նշել նաեւ, որ Աղմաշենեբելիի 38 հասցեի հարակից շինություններին տրվել է մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ, քանի որ, նույն տարածքում առկա եկեղեցին գտնվում է Մշակութային ժառանգության հուշարձանի կադաստրային միավորման տնօրինման ներքո, ուստիեւ` դրանց վրա տարածվում է «մշակութային ժառանգության վերաբերյալ» Վրաստանի օրենքով սահմանված հուշարձաններին վերաբերող իրավական կարգավորումները։

Վերը նշվածը նշանակում է, որ արգելվում է որևէ տեսակի աշխատանքներ իրականացնել առանց համապատասխան թույլտվության։ Թբիլիսիի քաղաքապետարանը հաստատում է, որ Աղմաշենեբելիի 38 հասցեում գտնվող եկեղեցու աշխատանքները իրականացնում է Վրաց պատրիարքարանը, չնայած աշխատանքները իրականացնելու համար օրենքով սահմանված թույլտվություն չի տրվել։ Հետևաբար, Պատրիարքարանի կողմից իրականացված և իրականացվող աշխատանքները ապօրինի են։

Հատկանշական է, որ Աղմաշենեբելիի 38 հասցեում գտնվող «Թանդոյանց Աստվածածին եկեղեցու» վերաբերյալ Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից հրապարակված հետազոտությունում (2016թ.) Ս. Ճանիշվիլին նշել է, թե` «ցանկալի է տարածքը բարելավել, այդ գործընթացում կարևոր է ուշադրություն դարձնել հատկապես գերեզմանաքարերի վրա` արձանագրելով դրանք»։

2017 թվականի դեկտեմբերի դրությամբ, վնասված եկեղեցու հիմքերը մասամբ փորված են, եկեղեցու շրջակայքը մաքրվել է քարերից և տարածքում աշխատանքներ են տարվում։ Բարձր ռիսկ կա, որ իրականացվող գործընթացով վնասվում և խախտվում են շինության պատմական և մշակութային առանձնահատկությունները, այդ թվում` գերեզմանները։

Հարկ է նշել, որ մինչ օրս, կրոնական կազմակերպությունների, ադ թվում` Հայ առաքելական եկեղեցու համար ամենախնդրահարույց հարցը հենց խորհրդային ժամանակաշրջանում առգրավված գույքի վերադարձն է (ռեստիտուցիա)։ Դրանց մի մասը ներկա պահին պատկանում է պետությանը, մի մասն էլ` տրվել է Վրաստանի պատրիարքարանին։ Բացի այն փաստից, որ կրոնական կազմակերպություններին չի վերադարձվում նախկինում իրենց պատկանած գույգը, տարիներ շարունակ պետության խտրական քաղաքականության և անտարբերության պատճառով պատմական հուշարձաններն ու Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձանները հաճախ վնասվում են և ոչնչանում։

«Վիճելի եկեղեցին Վրաստանի պատրիարքարանին փոխանցելու վերաբերյալ TDI-ի կողմից պատրաստված գնահատականը հիմնվում է հանրային ռեեստրից, Թբիլիսիի քաղաքապետարանից, Մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարության և Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությունից, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից ստացված հանրային տեղեկատվության, ինչպես նաեւ կազմակերպության կողմից` Վրաստանի ազգային արխիվից ձեռք բերված աղբյուրների և փաստաթղթերի հիման վրա»։

Օրացույց