Կանխվե՞լ են Վրաստանում Թուրքիայի դեսպանատների դեմ պլանավորվող ահաբեկչություններ

դեկտեմբեր 27, 2017 - 11:44        Viewed: 421       

Վրաստանի Պետանվտանգության ծառայության տվյալներով՝ Թբիլիսիի Գաբրիել վանականի փողոցում անցկացրած հատուկ գործողության արդյունքում չեզոքացվածներն ու ձերբակալվածները հարձակումներ էին պլանավորում Թուրքիայի և Վրաստանի դիվանագիտական առաքելությունների վրա: Իրավապահ մարմինների աշխատակիցներն այդ եզրահանգմանն են եկել չեզոքացված և ձերբակալված ահաբեկիչների տեխնիկական զինվածության մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, որը նրանք կիրառել էին վրացի ուժայինների դեմ նշված հատուկ գործողության ժամանակ:

Համակարգիչներից և բջջային հեռախոսներից դուրս բերված տեղեկատվության համաձայն՝ ահաբեկիչները գաղտնարան էին սարքել, որտեղից իրավապահ կառույցների աշխատակիցներն առգրավել են զենք, ռացիաներ, հեռադիտակներ, քարտեզներ և այլ իրեր:

Այդ մասին դեկտեմբերի 26-ին հաղորդվել է ՊԱԾ արտակարգ բրիֆինգին:

Իսկ բրիֆինգին նախորդում էր բազմաժամ հակաահաբեկչական գործողությունը Պանկիսյան կիրճում: Այն սկսվել էր դեկտեմբերի 26-ին առավոտյան ժամը 4-ին և դարձել Գաբրիել վանականի փողոցի թբիլիսյան հատուկ գործողության շարունակությունը: Հատուկ գործողության արդյունքում Պանկիսիում ձերբակալվել է 5 մարդ, նրանցից մեկը ծանր վիրավոր է: 50 հատուկջոկատայինների մասնակցությամբ իրականացված հատուկ գործողությունն անցկացվել է կիրճի երկու բնակավայրում՝ Դուիսի և Օմալո:

Հայտնի են նաև ձերբաալվածների անունները՝ Զուրաբ Գորկանաշվիլի, Ռուսլան Ալդամով, Ռամազ Մարգոշվիլի, Բադուր Չոպանաշվիլի և Թեմիրլան Մաչալիկաշվիլի: Վերջինս ճակատի հատվածում վիրավորվել է և հիվանդանոցում է գտնվում: Բոլոր ձերբակալվածները Պանկիսիի բնակիչներ են: ՊԱԾ տվյալներով՝ նրանց դեմ քրեական գործ է հարուցվել 331-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն, որն ահաբեկչության ֆինանսավորում է ենթադրում:

Իրավապահների տեղեկատվության համաձայն՝ Պանկիսյան կիրճում ձերբակալվածները կապ էին պահում թբիլիսյան հատուկ գործողության ժամանակ չեզոքացված Չատաևի և նրա համախոհների հետ: Հենց նրանք են վերջիններիս օգնել Վրաստանի սահմանի ապօրինի հատման, Թբիլիսիում վարձով բնակարանի որոնման, զենքով ապահովման գործում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-22-ը Թբիլիսիում Գաբրիել վանականի անվան փողոցում անցկացրած հատուկ գործողության արդյունքում չեզոքացվել է 3, կալանավորվել 1 մարդ: Ավելի ուշ ՊԱԾ ներկայացուցիչները հաստատել են, որ զոհվածներից մեկն Ահմեդ Չատաևն է, որը մեղադրվում էր Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչության կազմակերպման համար:

ՊԱԾ բրիֆինգին հաղորդվել է նաև, որ թբիլիսյան հատուկ գործողության ժամանակ զոհվածներից մնացածի անձերը նույնպես հաստատվել են: Այդ օրը Չատաևի հետ միասին զոհվել էր նաև Ռուսատսանի քաղաքացի Իբրահիմ Ադաշևը, որն, օգտվելով կեղծ անձնագրերից, Վրաստանում էր գտնվում 2010-2012թթ-ին, և Ասլանբեկ Սոլտախադովը: Նշվել է նաև ձերբակալվածի անունը՝ Շոաիֆ Բորզիև, որի հանդեպ Ինտերպոլը հետախուզում էր հայտարարել ահաբեկչության մեղադրանքով:

Պանկիսիի կիրճը Թբիլիսիից 150կմ և Չեչնիայից 30կմ հեռավորության վրա է գտնվում: 2014թ-ին անցկացրած մարդահամարի տվյալներով՝ կիրճում 5700 կիստինացի է բնակվում (էթնիկ չեչեններ): Նրանք Չեչնիայից Պանկիսի են տեղափոխվել 19-րդ դարում: Վրաստանի ազգային փոքրամասնություններից հենց կիստինացիներն են համարվում առավել ինտեգրված վրացական հասարակությունում. գրեթե բոլորը մայրենի չեչեներեն լեզվին զուգահեռ լավ տիրապետում են նաև վրացերենին:

2000-ականներին չեչենական պատերազմի ժամանակ Պանկիսիի կիրճում ապաստանեցին հազարավոր փախստականներ Չեչնիայից: Նրանցից բացի կիրճում Ռուսաստանի դաշնային ուժերից թաքնվում էին չեչեն զինյալներ: Հենց այդ ժամանակ Պանկիսիի կիրճի մասին առաջին անգամ սկսեցին խոսել որպես «վտանգավոր գոտու» մասին, և սկսեց ձևավորվել «ահաբեկիչների որջի» համբավը, որից չի ստացվում ազատվել արդեն երկար տարիներ:

Սիրիական հակամարտության մեկնարկին, Իսլամական պետության առաջացմանը զուգահեռ Պանկիսիի կիրճը կրկին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց: Ըստ տարբեր տվյալների՝ վերջին երկու տարվա ընթացքում ԻԼԻՊ-ի շարքերում է հայտնվել 40-50 պանկիսցի՝ հիմանակնում երիտասարդներ: Նրանցից չորսը դարձել են ազդեցիկ դաշտային հրամանատարներ, այդ թվում՝ Օմար ալ Շիշանին, որն ԻԼԻՊ-ի առաջնորդներից մեկն է:

Օրացույց