Բնակչության 60%-ն իրեն աշխատանքի տեղավորված չի համարում

հունվար 22, 2018 - 00:05        Viewed: 208       

Վրաստանի բնակչության համար գլխավոր ներքին խնդիրը նախկինի պես գործազրկությունն է, իսկ գլխավոր արտաքին քաղաքական նպատակը՝ անդամակցությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին: Ընդ որում, բնակչության մեծ մասը կարծում է, որ երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ: Այս և այլ հետաքրքիր տվյալներ է հրապարակել ԱՄՆ Ազգային-ժողովրդավարական ինստիտուտը (NDI) նախորդ տարվա վերջին անցկացրած սեփական սոցիոլոգիական հետազոտության արդյունքում:

Ինչպիսի՞ն պետք է լինի արտաքին քաղաքական ուղղվածությունը: Ավելացել է Եվրասիական տնտեսական միությանը Վրաստանի անդամակցության կողմնակիցների թիվը: NDI հետազոտության համաձայն՝ Վրաստանի բնակչության մեծ մասի համար (72%) ամբողջովին ընդունելի է կառավարության հայտարարած նպատակը՝ անդամակցել Եվրամիությանը: Այդ գաղափարն անպետք է համարում բնակչության ընդամենը 21%-ը:

Ավելի քչերն են կողմ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը (64%): Իսկ բնակչության 26%-ն այդ նպատակն անընդունելի է համարում: 2016թ-ի համեմատ ՆԱՏՕ-ին անդամակցելու կողմնակիցների թիվն ավելացել է: 2016թ-ի դեկտեմբերին Հյուսիսատլանտյան դաշինք մտնելուն կողմ էր արտահայտվում հարցվածների 61%-ը: ՆԱՏՕ-ին անդամակցելու կողմնակիցների ամենամեծ թիվը Թբիլիսիում է, իսկ նվազագույն աջակցությունն ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում է րատահայտվել (36%):

Վրաստանի բնակչության 29%-ը կողմ է, որ Վրաստաննն անդամակցի ԵԱՏՄ-ին: Այս ցուցանիշն աճել է: Նախորդ տարվա հունիսին անցկացված հարցման արդյունքի համաձայն՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուն կողմ էր արտահայտվել հարցվածների ընդամենը 22%-ը:

NDI-ի հարցման մեջ անդրադարձ էր արվում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազնական հզորությանը: Հարցվածների 41%-ը համարում է, որ Ռուսաստանը գերազանցում է ԱՄՆ-ին այս ոլորտում, իսկ 36%-ն առավելությունը տվել է ԱՄՆ-ին:

Ինչպե՞ս է աշխատում կառավարությունը: Բնակչության մեծ մասը կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ. Հարցվածների միայն 13%-ն է դրական գնահատել Վրաստանի կառավարության աշխատանքը: 32%-ը հակառակ կարծիքին է: 53%-ը կառավարության աշխատանքը գնահատել է որպես «միջին»: Պետք է նշել, որ «միջին» կոչված գնահատականը գերակշռում է հետազոտության շատ հարցերի պատասխաններում:

Հարցվածների միայն 26%-ն է համապատասխան հարցին պատասխանել, թե Վրաստանը ճիշտ ուղով է ընթանում: 39%-ը կարծում է, որ ուղղությունը ճիշտ չէ ընտրված, իսկ 32%-ը վստահ է, որ Վրաստանը ոչ մի կերպ չի փոխվում:

Խնդիրների թոփ հնգյակը: Տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրը դուրս է մնացել այս «հնգյակից»: Աշխատանքի տեղավորման հարցը Վրաստանի բնակիչների համար առավել ցավոտն է (54%): Հարցը ձևակերպվել էր հետևյալ կերպ. խնդիրներից ո՞րն է ձեզ և ձեր ընտանիքի անդամների մոտ առավելագույն մտահոգությունն առաջացնում:

Առավել կարևոր հարցերի հնգյակում հետևյալ խնդիրներն են. Աշխատանքի տեղավորում՝ 54%, Գների աճ/գնաճ՝ 35%, Աղքատություն՝ 30%, Կենսաթոշակներ՝ 25%, Հասանելի բուժսպասարկում՝ 23%:

Առաջին անգամ թոփ հնգյակում չի ներառվել տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրը: Այն վեցերորդ տեղում էր: Հարցվածների միայն 23%-ն է այն նշել որպես առաջնահերթություն:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բնակչության 60%-ն իրեն աշխատանքի տեղավորված չի համարում, իսկ 40% համարում է աշխատող: Ընտանիքի ամենամսյա եկամտի մասին հարցին հարցվածների կեսը պատասխանել է, որ այն կազմում է պակաս, քան 500 լարին:

Հարցվածներին ամենաքիչը մտահոգում է բանտերում տիրող իրավիճակը, փոքրամասնությունների իրավունքներն ու լրատվամիջոցների անկախությունը:

NDI-ում պնդում են, որ Վրաստանում առավել արդիական հարցերի ցանկը չի փոխվում արդեն 9 տարի շարունակ: 2009թ-ի հարցման արդյունքում որպես առավել կարևոր խնդիր նշվել են նույն խնդիրներն, ինչ այսօր, թեև դասավորությունն է մի փոքր փոխվել: Օրինակ, տարածքային ամբողջականության վերականգնման հարցն այսօր վեցերորդ տեղում էր այն դեպքում, երբ 2009թ-ին երկրորդն էր աշխատանքի տեղավորման խնդրից անմիջապես հետո: 2009թ-ին պակաս սուր էր գների աճի խնդիրը՝ վեցերորդ տեղ, իսկ 2018թ-ի տվյալներով՝ այդ հարցը երկրորդ տեղն է զբաղեցրել: Իսկ աշխատանքի տեղավորման հիմնահարցը տարիներ շարունակ Վրաստանի բնակչության համար ամենակարևորն է մնում:

Վրաստանում տեղեկատվության ստացման աղբյուրները: Ավելացել է համացանցի միջոցով տեղեկատվություն ստացողների թիվը: NDI հետազոտության տվյալների համաձայն՝ բնակչության 72%-ը որպես տեղեկատվության ստացման գլխավոր աղբյուր նշում է հեռուստատեսությունը: Երկրորդ տեղում է համացանցը և Ֆեյսբուքը՝ 21%:

2014թ-ի օգոստոսին անցկացված հարցման տվյալներով՝ համացանցից տեղեկատվություն էր ստանում հարցվածների միայն 8%-ը, իսկ 2017թ-ի հունիսին՝ 19%-ը:

Արդյո՞ք գոյություն ունի ռուսական պրոպագանդա: Հարցվածների մեծ մասը համարում է, որ Վրաստանում ռուսական պրոպագանդա չկա:

NDI հետազոտության համաձայն՝ հարցվածների 30%-ը կարծում է, որ Վրաստանում ռուսական պրոպագանդա կա: Հարցվածների 53%-ը դրա հետ համաձայն չէ:

Ռուսական պրոպագանդայի առկայության մեջ համոզված 30%-ից 53%-ը պնդում է, թե այն տարածվում է վրացալեզու հեռուստաալիքների միջոցով, իսկ 32%-ը կարծում է, որ դրանով զբաղվում են քաղաքական կուսակցությունները: 28%-ը նշում է համացանցն ու սոցցանցերը, 12%-ը՝ քաղաքացիական հասարակությունը, իսկ 11%-ը՝ ոչ վրացական հեռուստաալիքները:

Հետազոտության տվյալներով՝ 29%-ը համարում է, որ Վրաստանում առկա է ԵՄ պրոպագանդա, 45%-ը համաձայն չէ դրա հետ, իսկ 26%-ը չի կարողացել պատասխանել այդ հարցին:

Հարցվածների 28%-ի կարծիքով՝ Վրաստանում գործում է ամերիկյան պրոպագանդա: Դրա հետ համաձայն չէ 44%-ը, իսկ 28%-ը չի կարողացել պատասխանել ԱՄՆ պրոպագանդայի մասին հարցին:

Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի հետազոտությունն անցկացվել է 2017թ-ի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 19-ը Վրաստանի ողջ տարածքում (բացառությամբ օկուպացված տարածքների), հարցումների ընթացքում անցկացվել է 2 298 դեմ առ դեմ հարցազրույց, որոնց հիման վրա ստացվել են հրապարակված արդյունքները: NDI հետազոտություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի կառավարության UK aid ֆինանսական աջակցությամբ: Հարցումներն անցկացնում է CRRC-Վրաստանը: Հարցումներում սխալի հնարավորությունը տատանվում է +/- 1.9%-ի սահմաններում:

Օրացույց