Human Rights Watch. Հարավային Կովկասի երկրներ

հունվար 23, 2018 - 03:33        Viewed: 129       

Հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ Human Rights Watch-ը, հրապարակել է 2018թ-ի իր ամենամյա զեկույցը: Այն կոչվում է «Դիմադրություն պոպուլիզմի սպառնալիքին»: Զեկույցի ներածականում այդ կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը պնդում է. պոպուլիստ քաղաքական գործիչների գրոհն աշխարհով մեկ այնքան հաջող չի թվում, որքան մեկ տարի առաջ: Աճում է այն անձանց թիվը, որոնք իշխանության համար պայքարում հանդես են գալիս «ժողովրդի» անունից, հարձակվում փոքրամասնությունների վրա և վարկաբեկում ժողովրդավարական ինստիտուտները: Սակայն միաժամանակ աճում են նրանց դիմակայելու փորձերն աշխարհի տարբեր երկրներում:

Ի՞նչ տվյալներ կան Human Rights Watch-ի այդ զեկույցում Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ:

Հայաստան՝ Անցած խորհդրարանական ընտրությունները և ընդունված սահմանադրական փոփոխությունները, որոնք Հայաստանը նախագահականից խորհրդարանական երկրի վերածեցին, չամրացրին վստահությունն ընտրական համակարգի հանդեպ: Իշխող Հանրապետական կուսակցությունը նախկինի պես գերակշռող դերում էր ընտրությունների ժամանակ խախտումների մասին բազմաթիվ հաղորդումների ֆոնին: Երևանում 2016թ-ի հուլիսին խաղաղ ցույցերի մասնակիցների դեմ ոչ համաչափ ուժի կիրառման համար պատասխանատու պաշտոնատար անձինք պատիժ չեն կրել: Իրավապաշտպանները Հայաստանում նախկինի պես բախվում են իրենց հասցեին հնչեցված սպառնալիքներին: Ընտանեկան բռնությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ: Կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունները դեմ են հանդես եկել ընտանեկան բռնությանը հակազդելու մասին կառավարության առաջարկած օրենքին՝ վախենալով, որ այն, առաջին հերթին, ուղղված է ապահարզան թույլ չտալուն, այլ ոչ թե զոհերին աջակցելուն: Հաշմանդամ երեխաները նախկինի պես զրկված են որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից և ստիպված են ապրել հատուկ հաստատություններում՝ ընտանիքից հեռու:

Վրաստան՝ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարողացել է հասնել երկիրը խորհրդարանական հանրապետության վերածող սահմանադրական փոփոխությունների՝ չապահովելով հասարակական կոնսենսուս: Վրաստանում նախկինի պես բացակայում է իրավապահ մարմինների աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու արդյունավետ մեխանիզմ: 2016թ-ի նոյեմբերից Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա առաջատար իրավապաշտպան կազմակերպությունը նվազագունը 20 բողոք է ստացել իրավապահների կողմից խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ: 2017թ-ի մայիսին Ադրբեջանից Վրաստան եկած քաղաքական փախստական Աֆղան Մուխտարլին, նրա խոսքով, Թբիլիսիում կանգնեցվել է ոստիկանական համազգեստով մարդկանց կողմից, ծեծի ենթարկվել իսկ ավելի ուշ տեղափոխվել Ադրբեջան: Հետաքննություն է ընթանում: Նախկինի պես սահմանափակ է այլընտրանքային թերապիայի հասանելիությունը թմրամոլությամբ տառապող անձանց համար: 2017թ-ի մարտին խորհրդարանն օրենք է ընդունել, որը հատուկ ծառայությունների համար հասանելի է դարձնում քաղաքացիների անձնական տվյալներն ու նամակագրությունները: Դա արվել է ի հեճուկս Սահմանադրական դատարանի դիրքորոշման: Նոր Սահմանադրությունն ընտանիքը սահմանում է որպես «տղամարդու և կնոջ միություն»: Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգ են, որ իշխանությունների այդպիսի դիրքորոշումը կարող է հանգեցնել հասարակությունում հոմոֆոբիայի ուժեղացման: Վերջին 5 տարվա ընթացքում Վրաստանում 270 մարդ է զոհվել ձեռնարկություններում աշխատանքի պահպանման մասին օրենքներին չհետևելու պատճառով:

Ադրբեջան՝ 2017թ-ին Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են ճնշումն իրենց քննադատների հանդեպ: Նվազագույնը 25 լրագրող, երիտասարդական և իրավապաշտպան կազմակերպությունների ակտիվիստներ դատապարտվել են երկարատև ազատազրկման քաղաքականորեն մոտիվացված անարդար դատական գործընթացների հետևանքով: Տասնյակ ընդդիմադիրներ ենթարկվել են սպառնալիքների և ճնշման, նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել, և նրանց ստիպել են լքել երկիրը: Դրակոնյան օրենքներ են ընդունվել, որոնք դժվարացնում են իրավապաշտպան կազմակերպությունների աշխատանքն ու նրանց կողմից իրենց գործունեության ֆինանսավորման որոնումը: Շարունակվում են կտտանքներն ու բանտարկյալներին անմարդկային պայմաններում պահպանումը: Դաժան արշավի ընթացքում ոստիկանությունը կալանավորել և անմարդկային պայմաններում պահպանման է ենթարկել ԼԳԲՏ համայնքի տասնյակ ներկայացուցիչների: Մի քանի տարվա դիտորդությունից և բազմաթիվ նախազգուշացումներից հետո Պետական ինստիտուտների զարգացման միջազգային կոալիցիան կասեցրել է Ադրբեջանի անդամակցությունը քաղաքացիական հասարակության զարգացման ոլորտում կիրառած սահմանափակումների պատճառով:

Օրացույց