ՈՒղերձ

հունվար 26, 2018 - 00:23        Viewed: 401       

Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի

վերակազմավորման 26-ամյակի առթիվ

 

Այս տարի Հայաստանի Հանրապետությունը և համայն հայությունը նշում են մեր Զինված Ուժերի վերակազմավորման 26-րդ տարեդարձը, ինչը բարի ավանդույթ է դարձել 20-րդ դ. վերջին հայոց պետականության վերջնական վերականգնումից հետո:

Լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը և իր բնօրրան Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում ու պատմական ժամանակահատվածներում ձևավորելով պետական կազմավորումներ՝ հայությունը կարողացել է դիմակայել ժամանակների փորձություններին և դրամատիկ բազմաթիվ իրավիճակներին, այդ կերպ տոկացել, շարունակել իր բազմադարյան պատմությունը և պահպանել ինքզինքն պատմության թատերաբեմում: Հազարամյակների ընթացքում փոխվել է մեր աշխարհագրական դիրքը, փոփոխվել են մեր հարևանները, դրացի ազգերից շատերն ուղղակի հեռացել են պատմական ասպարեզից կամ դեռևս գոյատևում են՝ այլևս պետականազուրկ լինելով:

Հայությունն իրեն բնորոշ կենսական ուժով կարողացել է ճեղքել իրեն պարտադրված անբարենպաստ պատմական իրադարձությունների շղթան և մոտ 600 տարվա պետականության կորստից հետո այն վերականգնել Մեծ Հայքից ու մյուս պատմական հողերից մնացած Արևելյան Հայաստանի ներկա տարածքում: Այս, հիրավի, երկար պատմական դեգերումն անհնար էր առանց հայոց զինական ուժի լավագույնս դրսևորման: 1045թ. Բագրատունյաց թագավորության և այնուհետև 1375թ. Կիլիկյան Հայաստանի անկումից հետո ուր որ հնարավորություն էր առաջանում պետականություն հիշեցնող որևէ կիսանկախ միավորի ստեղծման, հայոց զինուժը դրա առաջին պատվարն էր: Վկան՝ Զաքարյանները, Սասունի և Զեյթունի իշխանությունները, Արցախի և Սյունիքի մելիքությունները:

19-րդ դ. և 20-րդ դ. սկզբին Հայաստանի անկախությունը հասկացվում էր առավելապես Արևմտահայաստանի ազատագրությամբ, ՙՀայաստան՚ անվամբ քաղաքական-պետական միավորման կազմավորումը ենթադրվում էր հենց տվյալ տարածքում: Մարդկության դեմ գործված առաջին զանգվածային սպանդը՝ հայոց ցեղասպանությունն էապես խառնեց բոլոր հաշիվները և բնական զարգացումները: Սեփական պատմական հայրենիքում հայությունը կորցրեց իր կեսից ավելին, հայաթափվեցին մեր կենսական տարածքները, մեր աշխարհագրական դիրքը դարձավ ավելի խոցելի ծայր առած նոր էթնոքաղաքական գործընթացների արդյունքում, որոնք ուղղակի ամրագրեցին ցեղասպանության հետևանքները:

Թրքությունը մի վերջին հարված էր պատրաստում արդեն Արևելյան Հայաստանի համար, ուր Սարդարապատի և Ապարանի հերոսական ճակատամարտերի շնորհիվ հայությունը կարողացավ հետ շպրտել ամբողջ Կովկասը նվաճել փորձող բազմաքանակ և գերակշիռ հակառակորդին: Այս հաղթանակների արդյունքում մեր պատմական հայրենիքի Արարատյան հատվածում հռչակվեց Հայաստանի անկախությունը, փյունիկի նման հայությունն առժամանակ վեր հառնեց անհամաչափ հարվածներից հետո՝ հայտարարելով, որ դեռևս չի ասել իր վերջին խոսքը պատմության թատերաբեմում:

Ընդամենը 2,5 տարվա կարճատև գոյությունից հետո նորանկախ Հայաստանը զոհ գնաց բոլշևիկյան-քեմալական դավադրությանը և մեծ տերությունների քաղաքական խաղերին: Սակայն դա էլ բավական էր, որպեսզի անգամ համայնավար ուժերը հասկանային, որ հայությունն արդեն ճաշակել էր ազատության համը, և գաղութացված Հայաստանի մեծագույն մասին շնորհվեց ՙսովետական սոցիալիստական հանրապետության՚, իսկ Արցախին՝ ՙինքնավար շրջանի՚ կարգավիճակ: Նմանապես արդեն մեծամասամբ հայազրկված Նախիջևանին ձևականորեն շնորհվեց ՙինքնավար հանրապետության՚ կարգավիճակ, ինչը, սակայն, որևէ նշանակություն չուներ հայաթափման ծրագրված քաղաքականության պայմաններում: Բազմաթիվ այլ տարածքներ դուրս մնացին տվյալ սահմաններից՝ դատապարտվելով ժամանակավոր հայաթափման և օտարման Մայր Հայրենիքից:

Պետականության մոտ 600-ամյա բացակայությունը, դրա արդյունքում իրագործված ցեղասպանությունը և կարճատև գոյություն ունեցած պետականության անկումն այն ազդակներն էին, որոնք որպես պատմական խստագույն դասեր ծառայեցին Հայաստանի մի անկյունում ծվարած և աշխարհով մեկ սփռված հայության համար:

1988թ. փետրվարն այն պատմական ժամանակահատվածն էր, երբ 1923թ. Լոզանի համաժողովից հետո հայությունը կրկին կարողացավ հայտարարել իր իրավունքների վերատիրացման նոր պայքարի մեկնարկի մասին, ինչը պսակվեց հաջողությամբ: Հակառակորդն իրեն բնորոշ ցեղասպանական ակտերով կրկին արթնացրեց հայոց ինքնապաշտպանական բնազդը, քաղված դասերը տվեցին իրենց արդյունքը: Արդեն մեկ տարի անց հզորագույն ԽՍՀՄ պայմաններում անգամ ձևավորեցին հայոց զինուժի առաջին սաղմերը՝ տարբեր շրջաններում ստեղծված ինքնապաշտպանական երկրապահ-կամավորական խմբերը, որոնք հայության միակ իրական ուժն էին այդ ժամանակահատվածում: ԽՍՀՄ փլուզմամբ հռչակվեց ՀՀ անկախությունը, իսկ ավելի ուշ՝ 1992թ. հունվարի 28-ին ՀՀ ղեկավարությունը որոշում ընդունեց կանոնավոր Զինված Ուժերի կազմավորման մասին:

Դժվար է գնահատել այդ բախտորոշ ժամանակահատվածում հայոց Զինված Ուժերի կազմավորման բուն իրողությունը, ինչը կայացավ մեզ պարտադրված անհավասար պատերազմի պայմաններում: Հայոց բանակն իր կայացման առաջին իսկ օրերից ներգրավվեց չհայտարարված և տևական պատերազմում, թրծվեց, ունեցավ իր առաջին հաղթանակներն ու ժամանակավոր նահանջները, վայելեց ռազմի և՜ բերկրանքը, և՜ դառնությունը, ի վերջո, կռելով իր փառավոր հաղթանակն առավել վաղ զենքի դիմած ու կանոնավոր կառույցներ ձևավորած, ուժերով ու քանակով գերակշիռ հակառակորդի նկատմամբ:

Հիրավի, ապագայի պատմաբանները դեռ կգնահատեն այս աստվածաշնորհ սխրանքը, քանզի Հայոց բանակը կազմավորվեց ուղղակի մարտական գործողությունների ընթացքում, ինչը որ չի տեղավորվում որևէ ռազմական տեսության շրջանակներում:

Սևրին հաջորդած Լոզանով քաղաքական իրավունքներից առժամապես զրկված հայությունը կարողացավ թոթափել անլիարժեքության ու պարտվողականության բարդույթը, վերականգնել անկախությունը հայրենիքի պահպանված հատվածներում, վերահայացնել ու փաստացի վերամիավորել դրանք:

Հայոց բանակի սխրանքի շնորհիվ հայությունը կրկին դարձավ քաղաքական ազգ, բացճակատ ու գլուխը բարձր ներկայացավ աշխարհին:

Ինչ որ արեց Հայ Զինվորի սվինը՝ գծելով մեր Հայրենիքի նորօրյա սահմանները, անհնար եղավ նորանկախ երկրի մյուս ոլորտներում: 1994թ. մայիսին հակառակորդին պարտադրված հրադադարի ռեժիմի պահպանման տարիներին շփման գծից այն կողմ փորձ արվեց աճեցնել ու ձևավորել մի նոր սերունդ՝ լի ռևանշիզմի տրամադրություններով և ՙվիրավորված ազգի՚ սին բարդույթներով: Արցախյան բռնցքահարվածից դասեր չքաղած հակառակորդի նոր սերնդին ներարկվել և ներշնչվել է սեփական նորովի կեղծված պատմությունը, իսկ պատմության հետ խաղ չեն անում, քանի որ այն պետականաստեղծ գիտություն է և կարող է քաղաքական կրախի առաջ կանգնեցնել նման հիմարություն թույլ տվող ազգերին: Բունիաթովների անփառունակ փորձաշրջանից հետո այլևս հրապարակ է նետվել նոր վտանգավոր քարոզչական մոդել, ինչի բավարարման համար Արցախն այլևս նշանակություն չունի, հավակնությունների շարքում արդեն մեր հազարամյա մայրաքաղաքը և մյուս պապենական տիրույթներն են հայտարարվում:

Բայց եկավ 2016թ. ապրիլը, և կրկին անփառունակ մրցության մտած հակառակորդը հերթական անգամ ճաշակեց սեփական դիակների վրայով ճողոպրելու զգացումը, քանի որ մեր կողմում էլ է նոր սերունդ մեծացել՝ հավատարիմ հայ զինվորականության լավագույն ավանդույթներին: Եվ անկախ Հայրենիքում ծնված այս սերունդը վստահաբար ոչ միայն պահպանելու և ամրագրելու է մեր նվիրական նվաճումները, այլև դիմելու է նոր հաղթանակների:

26 տարին մի անտեսանելի երկվայրկյան է դարերի պատմություն ունեցող հայության համար, ընդամենը մի հյուլե ՙՀայոց պատմություն՚ կոչվող հավերժության մեջ:

Այսօր մենք ոգեկոչում ենք հիշատակը մեր ազգաստեղծ Հայկյան զորագնդի, որի ազատամարտով է սկզբնավորվել Հայքը և հայությունը:

Ոգեկոչում ենք հիշատակն անհամար նվաճողների կանգնեցրած Հայոց զորքի զինվորների, Վարդանանց նահատակների, ովքեր որպես հավերժական պատգամ են փոխանցել հետագա սերունդներին իրենց հերոսական նշանաբանը՝ ՙՄահ չիմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն՚:

Ոգեկոչում ենք հիշատակը մեր պատմության ամենադրամատիկ պահերին թշնամու դեմ մինչև վերջ մարտնչած մահապարտ զինվորների ու զորավարների, հայդուկների և կամավորականների:

Հիշատակը նաև պետականության և ազգային-քաղաքական մտքի բացակայության պայմաններում օտար դրոշների ներքո սեփական ժողովրդի համար մարտնչած զորավարների, այդ թվում՝ նաև թիֆլիսահայության երբեմնի պարծանքը հանդիսացող հայազգի տաղանդավոր զորապետների՝ Տեր-Ղուկասյանցի, Բեհբությանցի, Լոռիս-Մելիքյանցի, Լազարյանցի, Շելկովնիկյանցի, Ալխազյանցի, Քիշմիշյանցի և մյուսների:

Այն հերոսական սերնդի, որը պետականության վերականգնումից առաջ կարողացավ միս ու արյուն տալ Հայոց բանակին:

Ոգեկոչում ենք անմահ հիշատակը Սարդարապատի ու Ապարանի բախտորոշ ճակատամարտերի մահապարտների, մեր նորօրյա ազատամարտիկների ու երկրապահների, վերակազմավորված Հայոց բանակի առաջին զինվորների ու սպաների:

Եվ նաև ապրիլյան պատերազմի նորօրյա հերոսների: Այն վկաների, ովքեր ապացուցեցին մեր ազգի հերոսականության կենսունակությունը սեփական արյան գնով և հակառակ ամեն տեսակ իրողությունների ու աշխարհաքաղաքական դավադրությունների:

Սա է, որ պետք է հասկանան երեկ չէ առաջին օրը պետականության նմանվող սուլթանություններ ցնկնած դրացիները, որոնք սեփական զառանցական ծրագրերը որոճալու պարագային սոսկումով ու խուճապահար անխուսափելի ականատեսը պետք է լինեն Հայոց բանակի նորանոր շքեղաշուք հաղթանակների:

Եվս մեկ անգամ ամենաօրհասական պահերին հայությունը կարողացել է իր մեջ ուժ գտնել համախմբման ու փրկաբեր միասնության: Վստահաբար որևէ դառն իրողություն հայությանն այլևս չի կարող հետ կանգնեցնել սեփական պատմական երթն աշխարհում շարունակելու համար:

Օգտվելով առիթից` շնորհավորում ենք նվիրական տարեդարձի առթիվ և ջերմ շնորհակալություն հայտնում բոլոր ազգակից ու դրացի բարեկամներին, ովքեր հնարավորինս աջակցել են մեր Զինված Ուժերին, աղոթել Հայ Զինվորի հաղթանակի համար: Վստահ ենք, որ նորօրյա ազգային ու քաղաքական համախմբվածության պայմաններում միահամուռ ուժերով կչեզոքացվեն բոլոր առկա և ուրվագծվող մարտահրավերները, և Հայոց բանակը կշարունակի իր անկասելի հաղթարշավն՝ ի փառս Ազգի և Հայրենիքի:

Փա՜ռք Հայոց բանակին:

Խոնարհում հանուն Հավատքի, Ազգի և Հայրենիքի նահատակված զինվորներին:

Աստված և մեր Զինված Ուժերը պահապան Հայ ազգին ու Հայաստանի Հանրապետությանը:

Գնդապետ Սամվել Ռամազյան

Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ

Օրացույց