Լեռնային Ղարաբաղի պայքարի էությունը շատ պարզ է, դա պայքար է ազատության համար

հունվար 29, 2018 - 00:05        Viewed: 297       

Ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ 17 տարի առաջ հունվարի 25-ին Հայաստանն անդամակցեց Եվրոպայի խորհրդին: «Երբ անդամակցում էինք համաեվրոպական այս կառույցին, լիովին գիտակցում էինք, թե ինչ ճանապարհ ենք անցնելու… Այսօր Վեհաժողովի այս դահլիճում, հպարտությամբ կարող եմ հայտարարել. մենք կատարել ենք Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած՝ Հայաստանի ժողովրդավարացման հիմնական հանձնառությունները: Սա միայն մեր պնդումը չէ: Ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ մեր արձանագրած հաջողությունները ճանաչվել են Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային մարմինների զեկույցներով»,- հայտարարել է Հայաստանւ նախագահը։

Սակայն իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսել է ոչ միայն նվաճումների մասին, այլ և մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման անհրաժեշտության մասին, այդ համատեքստում՝ կոռուպցիայի դեմ պայքարի դեռևս ոչ արդյունավետ լինելու մասին:

Գովեստի խոսքերի կողքին, նա քննադատություն է հնչեցրել նաև եվրոպական այս կառույցի հասցեին. «Վերջին տարիներին, ցավոք, մենք այս կառույցում ականատես եղանք աննախադեպ արժեքային ճգնաժամի, երբ որոշ, մեղմ ասած, անպատասխանատու պատգամավորների՝ Եվրոպայի խորհրդի բուն առաքելությանը հակասող գործելակերպը ծանր վնաս հասցրեց կազմակերպության հեղինակությանը: Եվրոպայի խորհրդի մեծ ընտանիքին նետվեց թերևս ամենամեծ մարտահրավերը՝ իր ստեղծումից ի վեր, երբ բացահայտվեցին Վեհաժողովում պատգամավորների կաշառման, դրանց արդյունքում անարդար քվեարկությունների դեպքեր: Միևնույն ժամանակ, այդ բացահայտումները հույս են ներշնչում, որ նման արատավոր երևույթների կյանքը կարճ է։ Վաղ թե ուշ դրանք ջրի երես են դուրս գալիս՝ զրոյացնելով այդ եղանակով ընդունված բանաձևերը»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, Սարգսյանը մատնանշել է, որ 30 տարի առաջ սկսած պայքարը պատահական չէր. «Արտաքուստ կարող էր թվալ, թե ամեն ինչ հանդարտ ու խաղաղ է Արցախում: Սակայն այդ մակերեսային պատկերը խաբուսիկ էր: Մենք երբեք չէինք հաշտվել Արցախն Ադրբեջանին բռնակցելու Ստալինի որոշման հետ: Այդ տարիների ընթացքում խիստ մտահոգ էր Արցախի ժողովուրդը, քանի որ Բաքվի իշխանություններն ամեն ինչ անում էին հայերին իրենց պատմական բնօրրանից դուրս մղելու համար: Եթե 1926 թվականի մարդահամարով հայերը կազմում էին Արցախի բնակչության գրեթե 90 տոկոսը, ապա Բաքվի այդ քաղաքականության հետևանքով 1988 թվականին՝ ընդամենը 77 տոկոսը»:

Ելույթի այս մասը զայրույթ էր առաջացրել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակ Սամեդ Սեիդովի մոտ: Նա հարցով դիմեց, թե ինչու Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները միջազգային կառույցներում, հիշատակելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը:

Սերժ Սարգսյանը հավաստիացրեց, որ չկա մի որոշում, որը Հայատանը կժխտեր. «Աշխարհին է հայտնի, որ 1993 թվականին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է 4 բանաձև ԼՂ-ի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, և ամեն բանաձևից հետո Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ չի դադարեցնում ռազմական գործողությունները, փորձել է ձեռնարկել նոր հարձակումներ, բայց ինչպես հաճախ է լինում, ունեցել է կորուստներ: Այդ 4 բանաձևերում Հայաստանի միակ հանձնառությունը եղել է, օգտագործելով իր ազդեցությունն ու հեղինակությունը՝ դադարեցնել ռազմական գործողությունները: Մենք, ի պատիվ մեր այն ժամանակվա իշխանությունների, կատարել ենք այդ պարտավորությունը, իսկ ամենաառաջին պատասխանատուն՝ Ադրբեջանը, որ պետք է դադարեցներ ռազմական գործողությունները, չի դադարեցրել, և ինչպես գիտեք 1994-ին ստորագրվել է հրադադարի պայմանագիր, բայց արդեն այլ գործողությունների ազդեցության տակ, ոչ թե ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի»:

«Ադրբեջանն ուզում է առավելագույնը, բացահայտ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղն իրեն պետք է առանց հայերի: Անհնար է, դա երբեք չի լինելու: Լեռնային Ղարաբաղի պայքարի էությունը շատ պարզ է, դա պայքար է ազատության համար, պայքար է ինքնորոշման համար, և այդպիսի պայքարը չի կարող դրական ելք չունենալ, ես համոզված եմ»:

Օրացույց