Թափորը աղոթք բարձրացրեց Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու փլատակների մոտ

փետրվար 01, 2018 - 00:05        Viewed: 549       

Վիրահայոց Թեմում միշտ էլ մեծ ոգևորությամբ և սիրով է նշվում Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների հիշատակության օրը: Տոնը շարժական է, այս տարի այն նշվեց հունվարի 27-ին, իսկ ոգևորությունը նկատելի էր արդեն նախատոնակի ժամանակ: Սբ Սարգսի տոնը բացառիկ եկեղեցական տոներից է, որը տասնյակ հազարավոր ոչ միայն հայ, այլև այլազգի երիտասարդների համախմբում է հայոց եկեղեցու շուրջը: Այդպես էր նաև այս տարի:

2018 թվականի հունվարի 26-ին, ուրբաթ օրը, հավատարիմ մնալով ավանդույթի ուժ ստացած քայլերթին, թբիլիսահայ երիտասարդությունը հավաքվեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում: Հավարտ երեկոյան ժամերգության, ուխտավորների թափորը եկեղեցու հոգևոր հայրեր Տեր Վիրապ քահանա Ղազարյանի և Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի առաջնրդությամբ, սարկավագաց դասի մասնակցությամբ, Սուրբ Սարգսի սրբապատկերով և ճանաչված նկարիչ Սուսաննա Մկրտչյանի կողմից եկեղեցուն նվիրած տոնի հրաշալի խաչվառով, ուղղվեց դեպի մայրաքաղաքի Խարփուխ թաղամասում գտնվող 1883 թվականի կառույց հինավուրց Սուրբ Սարգիս մատուռը:

Քայլերթի ճանապարհին թափորը կանգ առավ և պահպանության աղերսով աղոթք բարձրացրեց Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու փլատակների մոտ և այնուհետև շարունակեց երթը:Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու մոտ թափորին միացան այստեղ հավաքված տարբեր տարիքի հավատացյալները՝ Տեր Սամվել քահանա Թորոսյանի գլխավորությամբ:

Սուրբ Սարգիս զորավարի նկատմամբ սերը և հավատքը թբիլիսահայ հավատացյալների մոտ առանձնահատուկ է: Դրա վկայությունը հավատացյալների, որոնց շրջանում գերակշռող էր երիտասարդների թիվը, չնայած անձրևախառը և ցրտաշունչ եղանակին, անպայման մատուռ մտնելու, մոմ վառելու և աղոթք անելու կամքն ու ցանկությունն էր: Բազմամարդ թափորի մասնակիցները հերթով փոքրիկ, բայց զորավոր մատուռում իրենց ուխտը կատարելուց հետո, շարականների երգեցողությամբ քայլերթով վերադարձան Սուրբ Գևորգ եկեղեցի ու միացան հարյուրավոր հավատացյալներին:

Բազմամարդ էր առաջնորդանիստ եկեղեցին:Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ այստեղ կայացավ նախատոնակ երեկոյան ժամերգություն, որին ներկա էին ոչ միայն հայ, այլև տարբեր ազգերի հավատացյալներ:

Թեմակալ առաջնորդը ներկաներին ուղղված քարոզի խոսքում խոսեց օրվա խորհրդի, Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդու և զինակիցների քրիստոնեության համար նահատակության մասին և հիշեցրեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի բարձր տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Վազգեն Սրբազանը Սուրբ Սարգիս բարեխոսի օրհնությամբ երիտասարդությանը մաղթեց երջանկություն, հավատացյալներին առողջություն, Վրաստան, Հայաստան և Արցախ աշխարհներին խաղաղություն և բարգավաճում:

Սուրբ Սարգիսը նաև Սիրո բարեխոսն է: Հավատարիմ մնալով ժողովրդական ավանդույթին, նախատոնակի արարողության վերջում երիտասարդները ստացան աղի բլիթներ, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:

Հունվարի 27-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ Սարգսի տոնին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը:

Օրացույց