Վրաստան-Ռուսաստան. բեռների հնարավոր տարանցման շուրջ վեճեր

փետրվար 05, 2018 - 00:10        Viewed: 393       

Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բեռների տարանցման համար այլընտրանքային ճանապարհների ստեղծումը կրկին օրակարգային թեմա է դարձել երկու երկրների քաղաքական դիսկուրսում, ինչն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ այդ երկրների միջև արդեն 10 տարի է՝ խզված են դիվանագիտական հարաբերությունները:

Հունվարի 31-ին ՌԴ հետ փոխհարաբերությունների հարցով Վրաստանի վարչապետի ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հանդիպել են Պրահայում, որպեսզի հերթական անգամ քննարկեն այդ նախագծի մանրամասները: Որևէ որոշման գալ կրկին չի հաջողվել: Ինչպես ասել է Աբաշիձեն վրացական Հանրային հեռուստատեսությանը, «Պրահայում դիքորոշումների լուրջ տարբերություն ի հայտ եկավ: Հաստատվեց, որ ռուսական կողը բացարձակապես անընդունելի կերպով է մեկնաբանում մաքսային մոնիթորինգի մասին համաձայանգիրը»:

Հունվարի 31-ին ՌԴ հետ փոխհարաբերությունների հարցով Վրաստանի վարչապետի ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հանդիպել են Պրահայում և հերթական անգամ քննարկել այդ նախագծի մանրամասները: Նախագծի էությունը բացատրելու համար անհրաժեշտ է 7 տարի հետ գնալ:

2011թ-ին դիտարկվում էր Ռուսաստանի անդամակցման հարցը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (հետագայում այն ԱՀԿ ենք անվանելու): Այդ կազմակերպությանն անդամակցելու պայման է դրա առանց բացառության բոլոր մասնակիցների համաձայնությունը: Այսպիսով, Ռուսաստանը պետք է ստանար Վրաստանի համաձայնությունը, որը ԱՀԿ անդամ էր դարձել դրանից մի քանի տարի առաջ: Վրաստանն օգտագործեց իրավիճակը իրեն վաղուց անհրաժեշտ նպատակին հասնելու համար, որը կայանում էր Ռուսաստանից Աբխազիա և Հարավային Օսիա (տարածաշրջաններ, որոնք Թբիլիսին համարում է Ռուսաստանի կողմից օկուպացված) գնացող բեռների վերահսկողության մեջ: Եվ որպես Ռուսաստանին ԱՀԿ կազմում ներառելու իր համաձայնության պայման Թբիլիսին պահանջեց, որ Մոսկվան համաձայնի, որպեսզի երրորդ երկիր ներգրավվի այդ բեռների մոնիթորինգի գործում:

Երկար բանակցություններից հետո, որոնք անցկացվում էին Շվեյցարիայի միջնորդությամբ, Վրաստանի և ՌԴ կառավարությունները 2011թ-ի նոյեմբերի 9-ին ստորագրեցին «Մաքսային վարչարարության և առևտրաշրջանառության մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին երկկողմանի համաձայնագիր»: Փաստաթղթում խոսքը գնում էր միայն Ռուսաստանի և Վրաստանի մասին, Աբխազիան և Հարավային Օսիան չէին հիշատակվում, ինչպես ասում են փորձագետներից շատերը, ռուսական կողմի պահանջով:

Սակայն համաձայնգրի թեման հենց այն բեռների հանդեպ միջազգային վերահսկողությունն էր, որոնք Ռուսաստանից տեղափոխվում են այդ հանրապետություններ: Այդ նույն ժամանակ կողմերը համաձայնեցին որ համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ չեզոք երկիր կդառնա Շվեյցարիան: Ընտրվել էր անգամ մասնավոր շվեյցարական ընկերությունը, որը պետք է անմիջականորեն բեռների մոնիթորինգ իրականացներ: Դա SGS ընկերությունն էր: Հետագա մի քանի տարիներին Թբիլիսին և Մոսկվան շարունակում էին քննարկել համաձայնագրի մանրամասները, սակայն հաջորդ վճռորոշ քայլն արվեց միայն 2017թ-ին:

Դեկտեմբերի 19-ին Վրաստանի հարկային ծառայությունը պաշտոնապես պայմանագիր կնքեց SGS շվեյցարական ընկերության հետ: Այն բանից հետո, երբ SGS հետ նմանատիպ պայմանագիր կնքի նաև Մոսկվան, կսկսվի դրա պրակտիկ իրականացումը: Հենց դա էր քննարկվում (առանց որևէ հստակ արդյունքների) հունվարի 31-ին Կարասին-Աբաշիձե հանդիպմանը:

SGS-ի հետ 2017թ-ի դեկտեմբերի 19-ին Վրաստանի ստորագրած պայմանագիրը հնարավոր չէ մեջբերել. այն մինչև հիմա ոչ մի տեղ հրապարակված չէ և անհասանելի է: Որոշ փորձագետներ այն «գաղտնի» են անվանում: Այդ պատճառով էլ բացատրում ենք այն, ինչ հնարավոր է բացատրել շնորհիվ փորձագետների մեկնաբանությունների՝ սակայն ձեռքի տակ չունենալով փաստաթղթի օրիգինալը: Շվեյցարական SGS ընկերության հետ պայմանագիրը մի փոքր մոդիֆիկացնում է սկզբնական նպատակը, որը գրանցված է 2011թ-ի համաձայնագրի մեջ:

Այնտեղ խոսքը գնում էր բացառապես բեռների մոնիթորինգի մասին, որոնք Ռուսաստանից անցնում ենՎրաստանի տարածքով և հակառակ ուղղությամբ: Ներկայիս պայմանագիրը խոսում է ոչ միայն այդ բեռների վերահսկողության, այլ նաև Ռուսաստանից Վրաստանի տարածքով բեռներ տեղափոխելու համար ընդհանուր առմամբ 3 տարանցիկ միջանցք ստեղծելու մասին:

Պայմանագրի համաձայն՝ այդ ճանապարհներից միայն մեկն է մշտապես բաց լինելու մարդկանց և բեռների տեղաշարժի համար, դա հենց այժմ գործող ավտոմայրուղին է, որը Հյուսիսային Օսիայից տանում է դեպի վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» հսկիչ անցակետ՝ վրաց-ռուսական սահմանով մարդկանց և բեռների միակ պաշտոնական ցամաքային կետը:

Այդ միջանցքը երկու հիմնական խնդիր ունի: Մեկը նեղ մայրուղու ցածր թողունակությունն է. մեքենաները ստիպված են հերթ կանգնել երբեմն մեկ, նույնիսկ երկու օրով, հատկապես՝ զբոսաշրջային սեզոնին (ձմռանն ու ամռանը): Երկրորդ խնդիրը ձյան հաճախակի ուժեղ տեղումներն են ձմռանը, ձնհալը տարվա մյուս եղանակներին, երբ մայրուղին ամբողջությամբ փակվում է օրերով կամ շաբաթներով:

Պայմանագրում նշված երկու մյուս ճանապարհները հետևյալն են. Վլադիկավկազից Հարավային Օսիա, այնուհետև՝ Վրաստանի Գորիի շրջան տանող ավտոճանապարհը, (և) Սոչիից Աբխազիա, այնուհետև՝ Վրաստանի Զուգդիդիի շրջան տանող ավտոճանապարհը: Երկու ճանապարհներն էլ անցնում են հակամարտության գոտիներով, այդ պատճառով էլ 1990-ականների սկզբից մասնակիորեն կամ ամբողջությամբ փակված են:

Ներկայիս պայմանագրի համաձայն՝ դրանք կարող են օգտագործվել միայն որպես այլընտրանքային ճանապարհներ արտակարգ իրավիճակների ժամանակ (թե որոնք են այդ իրավիճակները, համաձայնագրում չի հստակեցվում):

Ինչպես ասաց Գրիգոլ Ռոբակիձեի անվան համալսարանի պրոֆեսոր Պաատա Զաքարեիշվիլին, «SGS-ի հետ պայմանագիրը տարբերվում է 2011թ-ի համաձայնագրից նրանով, որ Վրաստանը համաձայնում է պոտենցիալ առումով բացել տարանցիկ երթևեկությունն Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանապարհներով: Եվ դա բնավ Վրաստանի սկզբնական նպատակը չէր, այլ նույնիսկ հակասում է դրան: Նախագիծն ավելի լայն համատեքստ է ստացել, սակայն եթե անգամ այն իրականացվի, հարցականի տակ է, թե արդյոք արտակարգ իրավիճակներում կբացվի տարանցիկ երթևեկությունը, թե պայմանագրի այդ հատվածը թղթի վրա կմնա»:

Այժմ այն մասին, թե ինչպես է նման դեպքերում տեղի ունենալու բեռների տարանցումն այդերկու մայրուղիներով:

Շվեյցարական SGS ընկերություն. այն կստանա համապատասխան իրավունքներ և պատասխանատու կլինի ցանկացած բեռի պարտադիր ստուգման համար, որը կանցկացվի վերոնշյալ երեք տարանցիկ միջանցքներից յուրաքանչյուրով: SGS-ը հաշվետու է լինելու միայն շվեյցարական կառավարությանը: Ռուսական և վրացական կողմերը. դրանք պարտավոր կլինեն SGS-ին սպառիչ տեղեկատվություն տրամադրել բեռների մասին: SGS-ը պետք է վերահսկողության իր կետերը (մաքսակետերը) ստեղծի նախապես համաձայնեցված վայրերում:

Ըստ 2011թ-ի համաձայնագրի այդ կետերը պետք է գտնվեն բոլոր երեք առևտրային միջանցքների երկու կողմերում, սակայն ոչ Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքներում: Մաքսային զննության մի կետ ստեղծվելու է Ադլերի շրջանում (Կրասնոդարի երկրամաս, ՌԴ), երկրորդը՝ Վրաստանի Զուգդիդի քաղաքի մերձակայքում: Մաքսային զննության մի կետ ստեղծվելու է Հյուսիսային Օսիայի Նարտ գյուղի (ՌԴ) մերձակայքում, երկրորդը՝ Վրաստանի Գորի քաղաքի մոտ: Վլադիկավկազից (ՌԴ) «Վերին Լարս» հսկիչ անցակետով դեպի Կազբեգի (Վրաստան) տանող ճանապարհը համաձայնագրի մեջ ներառվել է վրացական կողմի խնդրանքով, որը կցանկանար, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև այս բոլոր երեք տարանցիկ ճանապարհները միանման կարգավորվեին:

Այստեղ նույնպես շվեյցարական երկու անցակետ կստեղծվի՝ մեկը Վլադիկավկազ քաղաքի մոտ (ՌԴ), մյուսը՝ Կազբեգի (Վրաստան) քաղաքի մերձակայքում:

Վրացական խորհրդարանի «Եվրոպական Վրաստան» խմբակցության ներկայիս պատգամավոր Սերգի Կապանաձեն, որը գլխավորել է վրացական պատվիրակությունը 2011թ-ի համաձայնգրի շուրջ բանակցություններին, հայտնեց, որ դա «իրոք լավ և անհրաժեշտ համաձայնագիր է»: «Վրաստանն առաջին անգամ է հասել նրան, որ օկուպացված շրջանների սահմաններին միջազգային դիտորդներ հայտնվեն: Վրաստանը նաև միջազգային մակարդակում ստացել է մի մեխանիզմ, որը թույլ կտա օկուպացված տարածների միջոցով առևտրային գործարքներ իրականացնել: Սակայն այստեղ կարևորն այն է, որ խոսքը գնում է հենց հնարավորությունների մասին. զուտ մեխանիզմն առևտրի իրականացում չի ենթադրում և նման բան չի պարտադրում կողմերից ոչ մեկին»:

«Մենք մեծ հույսեր ենք կապում այդ համաձայնագրի հետ. սպասում ենք, որ այն հզոր խթան կհանդիսանա տարածաշրջանում առևտուր իրականացնելու համար», -սրանք ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի խոսքերն են:

Կարասինը, սակայն, շվեյցարական մաքսային զննման կետերի մասին ոչ լրիվ տեղեկատվություն է հաղորդել: Նրա խոսքերից այնպես է ստացվում, որ դրանք միայն Վրաստանի տարածքում են լինելու, սակայն դա չի համապատասխանում համաձայնագրի տեքստին: Թեև այլընտրանքային տարանցիկ ճանապարհները, որոնք ամրագրված են համաձայանգրում, անցնում են Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով, Գրիգորի Կարասինը «Կոմերսանտ» ռուսական թերթին տված նույն հարցազրույցում ընդգծել է, որ փաստաթուղթը «պարտավորություններ չի ենթադրում երրորդ երկրների համար՝ բնականաբար ներառյալ Աբխազիայի Հանրապետությունն ու Հարավային Օսիայի Հանրապետությունը»: Սակայն չի մանրամասնել, թե ինչ է դա նշանակում այդ հանրապետությունների համար:

Օրացույց