Անկյուն քշված խելագար առնետը վտանգավոր կարող է լինել

փետրվար 12, 2018 - 00:23        Viewed: 740       

Ադրբեջանի տիրակալ Ալիև կրտսերը դարձյալ հայտարարել է Երեւանի և Զանգեզուրի «նվաճման» մասին: Առաջին անգամը չէ, սակայն հետաքրքիր անգամ է: Մի քանի առումներով: Ալիեւը Երեւանի եւ Զանգեզուրի մասին հայտարարում է Մինսկի խմբի երեք համանախագահների հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպումից ժամեր անց: Համանախագահների հետ նա անկասկած քննարկել է Արցախի, ոչ թե Երեւանի ու Զանգեզուրի հարցը: Եթե համանախագահների հետ հանդիպումից հետո Ալիեւը հայտարարում է Երեւանի եւ Զանգեզուրի մասին, ապա դա նշանակում է, որ համանախագահների հետ հանդիպմանը Արցախի մասին նա չի լսել իր համար որեւէ հուսադրող բան:

«Դուք դեռ կտեսնեք», համանախագահների հետեւից գործնականում ասում է Ալիեւը, երբ խոսում է Երեւանի ու Զանգեզուրի մասին այն ժամանակ, երբ համանախագահները Բաքվից ուղեւորվում են Երեւան եւ Ստեփանակերտ:

Բանն այն է, որ Ալիեւն իր հայտարարությամբ պարզապես ավելորդ է դարձնում նրանց այդ ուղեւորությունն ու փակում թեման: Երեւանին ու Ստեփանակերտին մնում է համանախագահներին հարցնել՝ դուք լսե՞լ եք նրան: Այդ դեպքում ի՞նչ եք անում այստեղ եւ ինչ եք ուզում լսել մեզանից: Համանախագահներին կմնա միայն վայելել հայկական հյուրընկալությունը, որովհետեւ նրանք անկասկած սթափ եւ ողջախոհ մարդիկ են, այդ ամենից հետո որեւէ այլ հարց ունենալու համար:

Ալիեւի հայտարարությունը գործնականում փաստարկ է, գրեթե իրեղեն ապացույց, որ հայկական զինուժը Արցախի եւ Հայաստանի սահմանային դիրքերում, խրամատներում պահում է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ միջազգային անվտանգությունը, քաղաքակրթական անվտանգությունը, որովհետեւ միայն բարբարոս մտածողության դեպքում է հնարավոր ԵԽ անդամ պետության նախագահի մակարդակով հայտարարել մյուս պետության մայրաքաղաքը նվաճելու մասին:

Ալիեւի հայտարարությունը հետաքրքիր է դառնում նաեւ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթի ֆոնին: Ադրբեջանի նախագահը Երեւանի եւ Զանգեզուրի մասին խոսելով փաստացի հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր: Իսկ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում ելույթ ունենալով եւ պատասխանելով ադրբեջանցի պատվիրակի ագրեսիվ տոնով հնչեցրած հարցին, հայտարարեց, թե Ադրբեջանի նպատակը Արցախն առանց հայերի վերցնելն է, ինչը երբեք չի լինի:

Ադրբեջանի տիրակալը փաստորեն հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը լիովին իրավացի էր եւ ավելին՝ նույնիսկ որոշակիորեն մեղմ եւ ավելի լավ կարծիքի էր Ադրբեջանի մասին, քան կա Ադրբեջանն իրականում:

Այդ իմաստով, որքան Ալիեւը հաճախ հայտարարի Երեւանի եւ Զանգեզուրի մասին, այնքան թերեւս արժե շնորհակալ լինել նրան հայկական դիվանագիտությանը մեծ ծառայություն մատուցելու համար: Մնում է, որպեսզի հայկական դիվանագիտությունն ունենա այդ ծառայությունից օգտվելու, այն հավուր պատշաճի օգտագործելու կամք եւ կարողություն:

Միեւնույն ժամանակ, իրավիճակն ամենեւին գլխակորույս ոգեւորության առիթ չէ, որովհետեւ, նախ, միջազգային քաղաքականությունը պահանջում է ամենօրյա համակողմանի աշխատանք, եւ մեկ օր վրիպելու կամ դադար տալու դեպքում իրավիճակը, այն էլ ներկայիս աշխարհում, կարող է փոխվել կտրուկ: Եվ դրանից բացի, այն, որ Ալիեւը համանախագահների հետեւից անում է հուսահատ բացականչություններ, պետք է առավել բարձրացնի հայկական կողմի զգոնությունը, քանի որ անկյուն քշված վիճակում առնետը դառնում է առավել անկանխատեսելի:

Ինչպես նախկինում մեր խելագար հարևանին զսպելու միակ երաշխիքը Հայաստանի զինված ուժերի ուժն ու հզորությունն է, ինչպես նաև հայոց աշխարհի միասնականությունը։

Փետրվարի 9-ին Ղարաբաղ էին մեկնել Հայաստանի նախագահի պաշտոնի թեկնածու Արմեն Սարգսյանը, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։

Նրանք բոլորը հանդիպել են նախագահ Բաքո Սահակյանի հետ, որը համանախագահների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին։

Նույն օրը ևեթ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է կազմակերպել սահմանամերձ տարածքներում տեղակայված ազերական զորամասերի հրամանատարների հետ և պատմել է նրանց այն առաջադրանքների մասին, որոնք հանձնարարվել են Ալիև կրտսերի կողմից։ Հասանովը հրամանատարների հետ քննարկել է առաջադրված հանձնարարություններն ի կատար ածելու նախապատրաստումը։

Հակոբ Բադալյան

Օրացույց