Արհմիությունները ստորագրահավաք են սկսել աշխատանքային օրենսդրության փոփոխության համար

փետրվար 14, 2018 - 01:02        Viewed: 243       

«Աշխատանքն անվտանգ դարձրու». Վրաստանի արհմիությունների միավորումն այսպիսի անվանումով ստորագրահավաք է սկսել: Հանրագրի հեղինակներն աշխատանքային օրենսգրքի փոփոխություն և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովում են պահանջում: Գլխավոր պատճառն օրենքներ ստեղծելն է, որոնք կկարգավորեն անվտանգ աշխատանքն, ինչպես նաև աշխատանքի վերաբերյալ արդյունավետ տեսչական հսկողությունը: Ստորագրահավաք անցկացնելու որոշումը հասունացել է այն բանից հետո, երբ փետրվարի 9-ին Թբիլիսիի Ժվանիայի փողոցում կորպուսի շինարարության ժամանակ բանվոր է մահացել:

Սա բնավ առաջին դեպքը չէ, երբ աշխատանքի վայրում անվտանգության նորմերի խախտումը մարդու մահվան պատճառ է դառնում: Լրատվամիջոցներում պարբերաբար հաղորդագրություններ են հրապարակվում շինհրապարակներում կամ հանքերում տեղի ունեցող դժբախտ պատահարների մասին: Արհմիությունների վիճակագրական տվյալներով՝ 2017թ-ին աշխատավայրում անվտանգության նորմերի խախտումների պատճառով 41 մարդ է մահացել, 63-ը՝ վնասվածք է ստացել:

Երբ հանրագրի տակ 10 հազար մարդ ստորագրի, այն կներկայացվի խորհրդարանին, կառավարությանն, առողջապահության և սոցպաշտպանության նախարարությանը: Աշխատանքային օրենսգրքի փոփոխման հարցը վաղուց է Վրաստանի օրակարգում հայտնվել, սակայն դրա լուծումը ձգձգվում է: Վրաստանի կառավարությունը դեռևս 2017թ-ի հունիսի 1-ին խորհրդարանին է ներկայացրել աշխատանքի անվտանգության օրինագիծ: Այն պետք է հաստատվեր նախորդ տարվա դեկտեմբերին, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել:

Սակայն փորձագետները պնդում են, որ այդ օրինագիծը չի ապահովում անվտանգության նույնիսկ նվազագույն նորմերը, սակայն խորհրդարանը չի շտապում ընդունել նույնիսկ այդ ոչ լիարժեք փաստաթուղթը:

Օրենսդրությունում առկա խնդիրների մասին տեղյակ է նաև օմբուդսմեն Նինո Լոմջարիան: Նրա տարածած հայտարարությունում թվարկված են հստակ բացթողումներ, օրինակ, օրենքը տարածվում է ոչ բոլոր աշխատողների, այլ միայն նրանց վրա, ովքեր զբաղվում են ծանր, առողջության համար վնասակար կամ վտանգավոր աշխատանքով: Բացի այդ, օրինագիծը նախկինի պես աշխատանքի տեսուչներին իրավունք չի վերապահում այցելել այս կամ այն օբյեկտ նույնիսկ այն դեպքում, երբ նման խնդրանք ստացվի աշխատանքային կոլեկտիվից: Անթույլատրելի մեղմ են թվում նաև պատժամիջոցները, օրինակ, աշխատանքային անվտանգության նորմերի առաջին խախտման համար զգուշացում է նախատեսված, իսկ կրկնակի խախտման համար՝ 50 լարի տուգանք:

Օրացույց