Ավարտվեց հարիսայի փառատոնը

փետրվար 16, 2018 - 00:32        Viewed: 592       

ՎիրաՀայոց Թեմ՝ Փետրվարի 11-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով նշվեց Բուն Բարեկենդանը: Մեծ Պահքին նախորդող տոնական օրը Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Բուն Բարեկեդանին էր նվիրված նաև Հարիսայի շաբաթ-փառատոնը, որը Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ կազմակերպել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը: Թբիլիսահայ համայնքում գեղեցիկ ավանդույթ դարձած այս փառատոնը կազմակերպվում է արդեն վեցերորդ անգամ: Տարեցտարի ընդարձակվելով այն վեր է ածվել ժողովրդական տոնահանդեսի, այս անգամ արդեն դարձել թեմական միջոցառում, երբ տեղի է ունենում խմբովի հյուրասիրություն ազգային այս ճաշատեսակով:

Բուն բարեկենդանին նախարդող շաբաթվա ընթացքում հարիսայի փառատոններ անցկացվեցին Վրաստանի հայաբնական բազում շրջաններում և գյուղերում: Ջավախքում հյուրասիրությունը ամենուրեք ուղեկցվում էր Նասլեթ Քեհյանի ղեկավարած «Վաչիան» ազգագրական համույթի ու պարուսույց Լուսինե Մզիկյանի «Նաիրի» պարային համույթի երգերով ու պարերով:

Փետրվարի 11-ին տեղի ունեցավ փառատոնի եզրափակիչ փուլը և այն իսկական տոնահանդեսի վերածվեց Թեմի եկեղեցիների բակերում և նրա հովանու ներքո գործող կենտրոններում:

Թբիլիսիում, առավոտից Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն էին շտապում տիկնայք՝ բերելով հարիսայով լի կաթսաներ: Փառատոնին մասնակից էին դարձել, Սուրբ Գևորգ եկեղեցու եկեղեցասեր կանանց միությունը, «Վրաստան» թերթի խմբագրությունը, Թեմի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանը, «Հայարտուն» կենտրոնի «Սբ. Ներսես Շնորհալի» երգչախումբը, «Տարոն» և «Վանք» պարային համույթները,դհոլի և դուդուկի խմբերը, «Շուշանիկ» միության անդամները, բազում կամավորներ:

Լեփ-լեցուն էր դահլիճը: Սրահի երկայնքով շարված յուղալի և համեղ հարիսայով շուրջ հիսուն կաթսաներն ու կավե կճուճները գեղեցկացնում էին հայ տիկնայք՝ օրվան համարժեք իրենց տեսքով:

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռուբեն Սադոյանը ներկայացել էր տիկնոջ, դեսպանության աշխատակազմի հետ, բերելով իրենց պատրաստած հարիսան, Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Միջոցառումը բացեց Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը: Նա կարևորեց ավանդական միջոցառման նպատակը՝ ներդաշնակվելով Մեծ Պահքի նախօրեին նշվող Բուն Բարեկենդանի տոնի հետ, պահպանել և սերունդներին փոխանցել ազգային այս կերակրատեսակը, ժողովրդական ավանդույթները և սովորությունները, նաև նշեց հարիսայի խորհրդի մասին, այն կապելով Մուսա լեռան հերոսական պաշտպանության հետ:

Ելույթ ունեցողները շնորհավորեցին ներկաներին գեղեցիկ տոնի առիթով, մաղթեցին հոգով և մարմնով ամրապնդված անցնել Մեծ Պահքի ճանապարհը: Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանի կողմից օրհնվեցին հարիսայով լի կաթսաները ու սկսվեց հյուրասիրությունը:

Դահլիճում տարածվեց ուրախ երգն ու երաժշտությունը: Մեկը մյուսին հետևեցին մենակատարների, դհոլի ու դուդուկի խմբերի գեղեցիկ կատարումները: Շուրջ հազար մարդ օգտվեց այս կերակրատեսակից, օրհնված հարիսա փոխանցվեց նաև հիվանդներին և տարեցներին:

Բուն Բարեկենդանի տոնը հարիսայի փառատոնով և ժողովրդական մեծ տանահանդեսով նշվեց նաև Վիրահայոց թեմի Ախալքալաքի Սուրբ խաչ և Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնական եկեղեցիներում, Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանց, Ռուսթավիի Սուրբ Գրիգոր Նարեկացի, Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ հոգևոր, կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոններում: Մինչև ուշ ամենուրեք թևածում էր Բուն բարեկենդանի և անուշաբույր հարիսայի պարգևած ուրախ տրամադրությունը:

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին՝ Վիրահայոց թեմի առաջնորդին և հոգևոր դասին, Վրաստանում ՀՀ դեսպանությանը, «Բեբոս լավաշի» ընկերությանը, «Սուրբ Էջմիածին» եկեղեցու խաչի քավոր Կարեն Սարգսյանին, անհատ բարերար Լևոն Մխիթարյանին և մյուս բարերարներին, հարիսայի փառատոնի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար: 

Օրացույց