Վրաստան-ՆԱՏՕ: Տեղում դոփելու տասը տարի

փետրվար 19, 2018 - 00:06        Viewed: 369       

Փետրվարի սկզբին Heritage հիմնադրամի հետազոտող և միջազգային քաղաքականության տեսաբան Լյուկ Քոֆին հոդված է հրապարակել, որում գրում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության նոր մոդելի մասին: Նա կարծում է, որ Վրաստանի ապագա անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին հնարավփոր է մի պայմանով. եթե ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերորդ հոդվածը, որը կոլեկտիվ պաշտպանություն է նախատեսում, ժամանակավորապես չտարածվի Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա: Նախաձեռնության քննադատները համարում են, որ այդ պայմաններին համաձայնելը Վրաստանի համար նշանակում է հրաժարվել Աբխազիայից և Հարավային Օսիայից: Իսկ Լյուկ Քոֆիի գաղափարի կողմնակիցներն այլ խնդիրներ են տեսնում:

Հասարակական գործերի վրացական ինստիտուտի միջազգային հարաբերությունների ծրագրերի ղեկավար Թոռնիկե Շարաշենիձեն մեկնաբանում է, թե ինչ է նշանակում այդ հայտարարությունը և արդյոք այն լուրջ քննարկման առարկա կդառնա:

Այն բանից հետո, երբ Լյուկ Քոֆին գրեց իր աղմկահարույց հոդվածը ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման մասին քննարկումները նոր թափով վերսկսվեցին: Քոֆին առաջարկել է ինտեգրման խնդիրը լուծել հեևյալ կերպ. Վրաստանն անդամագրվում է ՆԱՏՕ-ին, սակայն 5-րդ հոդվածի գործողությունը չի տարածվում օկուպացված տարածքների վրա, քանի դեռ դրանք չեն վերադարձել Վրաստանի վերահսկողության տակ: (Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածն ասում է, որ դաշինքի անդամները պաշտպանում են միմյանց ագրեսիայից, և նրա անդամներից մեկի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլորի վրա):

Հարկ է նշել, որ այդ սցենարը նոր չէ և քննարկվում է բավականին վաղուց: Սակայն եթե դատենք առաջացած իրարանցումով, Վրաստանում հասարակության մեծ մասն առաջին անգամ այդպիսի հնարավոր սցենարի մասին իմացավ Քոֆիի հոդվածից:

Շահարկումներ հայտնվեցին այն մասին, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու պատճառով Վրաստանը տարածքներ կկորցնի: Եվ դա նույնպես նորություն չէ, այս մասին մենք վաղուց ենք լսում, թերևս այն պահից, երբ Վրաստանն առաջին անգամ ցանկություն է հայտնել անդամակցել ՆԱՏՕ-ին: Այդ շահարկումներն աշխատել են. հասարակական գիտակցության մեջ ռեֆլեքսի մակարդակում արմատավորվել է վախը, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում մենք տարածքներ կկորցնենք:

Հավանաբար, այդ պատճառով Վրաստանի ոչ մի իշխանություն այդպես էլ չցանկացավ Քոֆիի սցենարի քննարկման գնալ: Այդ քայլը խուսափում էր անել նախորդ՝ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած կառավարությունը (այդպիսի սցենարի գաղափարն առաջացել է 2008թ-ի պատերազմից հետո), խուսափում է նաև ներկայիս իշխանությունը:

Տարածքների կորուստը ծանր և էմոցիոնալ թեմա է, և շատերը չեն կարողանում դրա համար ռացիոնալ փաստարկներ գտնել: Հենց դրանից են օգտվում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հակառակորդները՝ փորձելով միտումնավոր ուռճացնել այդ որոշման բացասական հետևանքները:

Եկեք դիտարկենք, թե իրականում ինչ կփոխվի, եթե իրականացվի «Քոֆիի սցենարը»: Աբխազիան և Հարավային Օսիան այսօր օկուպացված տարածքներ են, դրանք վերահսկում է Ռուսաստանն ու մոտ ապագայում չի պատրաստվում հրաժարվել դրանցից: Համապատասխանաբար, եթե Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամագրվի այն պայմանով, որ 5-րդ հոդվածի գործողությունը ժամանակավորապես չտարածվի այդ տարածքների վրա, դրանք կորցված կլինեն ոչ ավել, քան հիմա: Դա ոչինչ չի փոխի օկուպացված տարածքներում, ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա. միջազգային հանրությունը ճնշող մեծամասնությամբ դրանք Վրաստանի անքակտելի մաս է համարում:

Իսկ Վրաստանի մնացած մասը ՆԱՏՕ-ի պաշտպանության տակ կլինի դրա բոլոր հետևանքներով՝ կայունությամբ և զարգացմամբ: Իսկ այդ զարգացումը մնացած բոլոր գործոնների հետ միասին կբարձրացնի օկուպացված տարածքները վերադարձնելու շանսը: Իսկ երբ դրանց հանդեպ վերականգնվի Վրաստանի վերահսկողությունն, այդ տարածքները նույնպես կհայտնվեն 5-րդ հոդվածի պաշտպանության ներքո:

Պարզ է, որ այդպիսի պարզ ու լակոնիկ փաստարկներով հնարավոր չի լինի չեզոքացնել թշնամական պրոպագանդան, և վեճի մեջ մտնել այսօր հազիվ թե միտք ունի այն պարզ պատճառով, որ «Քոֆիի սցենարին» պատրաստ չեն ՆԱՏՕ-ում ևս: Թերահավատ երկրները, որոնք 2008թ-ի Բուխարեստի գագաթնաժողովին դեմ էին Վրաստանին Անդամակցության գործողությունների պլան տրամադրելուն, չեն փոխել իրենց դիրքորոշումն այսօր ևս. նրանք նախկինի պես հրաժարվում են քննարկել Վրաստանը դաշինքի մեջ ներառելու հարցը, և նշանակություն չունի, թե ինչ տարբերակ կմտածեն Վրաստանի կողմնակիցներն այդ գործընթացը թեթևացնելու համար: Այդ երկրներն իրենց փաստարկներն ունեն:

Գլխավոր փաստարկն անփոփոխ է. ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը կզայրացնի Ռուսաստանին: Իսկ Եվրոպան ձգտում է խուսափել Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի վատթարացումից: Եվրոպայի մեծ երկրների համար Ռուսաստանը հարևան է, որից նրանք ավելի շատ են վտանգ զգում, քան ԱՄՆ-ն՝ ՆԱՏՕ-ում Վրաստանի գլխավոր լոբիստը:

Երկրորդ փաստարկն այն է, որ այն պայմաններում, երբ Ռուսաստանը պատերազմ է վարում Եվրոպայի ամենամեծ երկրում՝ Ուկրաինայում, և սպառնում է ՆԱՏՕ-ի ամենաչպաշտպանված ֆլանգին՝ Բալթյան երկրներին, Դաշինքը պատրաստ չէ նոր գլխացավանքի: Այդ փուլում ՆԱՏՕ-ն չի կարող իր վրա վերցնել Վրաստանի պաշտպանությունը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին Վրաստանն անվիճելիորեն օգտվում է Վաշինգտոնի աջակցությունից: Լյուկ Քոֆիի քննարկվող հոդվածը հրապարակել է HERITAGE հիմնադրամը, որը մեծ ազդեցություն ունի ամերիկյան քաղաքականության վրա: Հոդվածը Վրաստանի համար շատ դրական է, սակայն ի՞նչ կարող է այն փոխել: 2008թ-ին ԱՄՆ-ն արեց ամեն ինչ, որպեսզի Վրաստանը ստանա Անդամակցության գործողությունների պլանը, սակայն դա բավական չէր, նրանք չկարողացան համոզել Գերմանիայի իշխանություններին: Ի՞նչ պետք է ԱՄՆ-ն անի հիմա, որպեսզի փոխի Բեռլինի դիրքորոշումը:

Բուխարեստի գագաթնաժողովից արդեն 10 տարի է անցել, սակայն Գերմանիայում կարծիքը չի փոխվել: Իսկ կարո՞ղ է արդյոք այն փոխվել: Հազիվ թե: Հատկապես, որ Վրաստանն այդ ուղղությամբ շատ քիչ բան է անում: 12 տարվա ընթացքում Վրաստանը չի կարողացել Բեռլինում որպես դեսպան ուժեղ, պրոֆեսիոնալ դիվանագետի նշանակել: Դա այն դեպքում, երբ Ռուսաստանը Գերմանիայում շատ ուժեղ դիվանագետներով է ներկայացված:

Վերջին 10 տարին ցույց են տվել, որ Գերմանիայի վրա ազդեցություն գործել միայն Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում, աշխատելով, չի ստացվում (որոշ վրացի նախարարներ այնքան հեռուն են գնացել, որ պահանջել են Անդամակցության գործողությունների պլան տրամադրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, որն ընդամենը բարձրաձայում է դաշինքի անդամների համաձայնեցված դիրքորոշումը և չի կարող նրանց վրա մեծ ազդեցություն ունենալ):

Գերմանիայի վրա ազդելու բանալին ոչ Վաշինգտոնում է, ոչ էլ Բրյուսելում: Բանալին Բեռլինում է և ուրիշ ոչ մի տեղ: Վրաստանը բավականաչափ աշխատանք չի տանում Բեռլինում (այնպես, ինչպես և մի քանի այլ եվրոպական մայրաքաղաքներում, սակայն գլխավոր խնդիրն այնուամենայնիվ Գերմանիան է): Վրաստանը պետք է փոխի Բեռլինի ուղղությամբ իր քաղաքականությունը: Առաջին հերթին (դա անհրաժեշտ նվազագույնն է), պետք է ուժեղացնել դեսպանատունը Գերմանիայում ինչպես քանակապես, այնպես էլ որակապես:

Բացի այդ, Գերմանիայում ակտիվորեն պետք է աշխատեն Վրաստանի քաղաքացիական հասարակության լրագրողներ ու քաղաքագետներ: Նրանք ակտիվորեն պետք է աշխատեն իրենց գործընկերների հետ, որպեսզի Վրաստանի հարցը գերմանական լրատվամիջոցներում, ոչ կառավարական և փորձագիտական շրջանակներում շարժվի մեռյալ կետից: Այսօր Գերմանիայում Վրաստանի հարցն օրակարգում չէ, և այդպես էլ կշարունակվի, եթե Վրաստանն իներցիայով շարժվի և ոչինչ չփոխի: Ո՞վ պետք է այդ ամենի մասին հոգա: Վրաստանի կառավարությունից բացի ոչ ոք: Վրացական լրատվամիջոցների և Գերմանիայում ոչ կառավարական հատվածի ակտիվացումն այնքան էլ թանկ չի արժենա, որ մեր բյուջեն չհերիքի: Սակայն խնդիրն այն է, որ այդ անհրաժեշտությունը չի գիտակցվում, ինչը տխուր արդյուքների է բերում:

Լյուկ Քոֆիի և Վրաստանին այլ համակրողների հոդվածները կարդալը միգուցե հաճելի է, սակայն այդպիսի հոդվածներով գործն առաջ չի գնա: Եվս մեկ անգամ հիշեցնեմ. 2008թ-ից 10 տարի է անցել:

Թորնոկե Շարաշենիձե

Օրացույց