Ճշմարտությունը Խոջալուի մասին

փետրվար 27, 2018 - 00:07        Viewed: 257       

Փետրվարի վերջին այս օրերին, մինչ պահանջատեր հայությունը աշխարհով մեկ ոգեկոչում էր 1988թ.ի փետրվարի 27-ին Սումգայիթում ադրբեջանական սպանդից զոհված անզեն ու անմեղ հայերի հիշատակը, այնտեղ թուրք և ազերի աշխարհը հակադարձում է՝ միջազգային աղմուկ բարձրացնելով իբր թե հայերի կողմից 1992թ.-ի փետրվարի 26-ին է գործված այսպես կոչված Խոջալուի ջարդը։ Հակահայ մղումներով և «ազգային մաքրազտման» հողի վրա կատարված Սումգայիթի ջարդերին է անդրադառնում հուշատետրը՝ վաղվա իր օրագրությամբ։ Այստեղ և այսօր՝ փետրվարի 26-ի առիթով արժե կենտրոնանալ Խոջալուի ողբերգության վրա։ Առաջին հերթին՝ անդրադառնանք պատմական տվյալներին.

1992թ.ի փետրվար 25 լույս 26-ին, Ստեփանակերտից չորս մղոն դեպի հյուսիս գտնվող Խոջալուի մեջ, արձանագրվեց ռազմաքաղաքական մեծ նշանակությամբ Արցախի ազգային-ազատագրական պայքարի տարեգրության արյունալի էջերի մի դարձակետ։

Հայկական ջոկատները ընդհանուր մի հարձակողական ձեռնարկեցին ադրբեջանական հրետանիի մահ սփռող հենակետը դարձած Խոջալուի վրա և թշնամուն անփառունակ պարտության մատնելով ու դուրս մղելով, վտանգազերծեցին Արցախի ոստանները Կրատի ու այլ տիպի ռումբերի և հրթիռների ամենօրյա տարափից։

Հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտն ու Բերդաձորն էին ամենօրյա ռմբակոծման թիրախ դարձել Խոջալուի կողմից։ Շուշիի իրենց անառիկ դիրքերից ազերի զինյալների ծավալած ռմբակոծման կիսատ թողած քանդումն ու արյունահեղությունը ամբողջացնելու էր գալիս Խոջալուն։

Ասկերանի շրջանում ռազմագիտական կարևոր դիրք գրավող Խոջալուն նաև իրարից կտրած էր Մարդակերտն ու Ստեփանակերտը՝ անշարժության մատնելով Մարդակերտի պաշարված հայության մարդկային և զինական օգնություն հասցնել փորձող հայկական ջոկատները։

Թեև 1991թ.ի դեկտեմբերին Արցախն արդեն հռչակել էր իր անկախությունը և ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարման համակարգի ստեղծումը, այսուհանդերձ՝ Շուշին, Խոջալուն և Աղդամը ադրբեջանական հակահայ ուժերի ձեռքը տակավին մնացած լինելով, շարունակում էին հանդիսանալ հայկական արծվաբույնը պատուհասող և մահ ու ավեր սփռելով` ծունկի բերելու ուղին ընտրած ադրբեջանական բռնակալ իշխանությունների վտանգավոր հենակետերը։

Խոջալուի վտանգազերծման գործողությունը մեծաթիվ զոհեր խլեց ոչ միայն ազերի զինյալների, այլև առավելաբար մեսխեթցի թուրքերով բնակեցված Խոջալուի խաղաղ բնակչության շարքերից։ Պատահեց նաև ահավոր մի ողբերգություն, երբ հայկական ջոկատների հսկողության տակ առճակատման գիծը կտրած և ադրբեջանական կողմի առաջավոր դիրքերը հասած մեսխեթցի թուրք բնակչությունը սպանդի ենթարկվեց նույնինքն ադրբեջանական զորքի կողմից։

Խոջալուի այդ ողբերգության ծալքերը բարդ են և տակավին բացահայտվում են վերջին տարիներին։ Մինչև վերջերս միջազգային հանրային կարծիքը հալած յուղի պես կուլ էր տալիս ադրբեջանական կողմի և նրա թափ տվող թուրքական շրջանակների հակահայ քարոզարշավի տարածած անհիմն վերագրումներն ու մեղադրանքները։ Նույնիսկ այսօր բավական է համացանցի որոնման աղբյուրներին տալ Լեռնային Ղարաբաղի անունը, որպեսզի Արցախի վերաբերյալ պատմական և այժմեական, քաղաքական և ընդհանուր տեղեկությունների վերաբերյալ հղումների շարքին, գլուխ ցցեն ադրբեջանական և թուրքական կայք-էջների տարածած և այսպես կոչված՝ «Խոջալուի Ցեղասպանությունը» հրամցնող... խեղաթյուրումների համառ պնդումները։

Թերևս 1992թ.-ին և հաջորդ տարիներին կարելի էր մի բացատրություն գտնել Արևմուտքի կողմից դրսևորված թուրքանպաստ կողմնակալության համար։ Ի վերջո Ռուս մեծապետական դերակատարության դեմ պայքարող և քարոզարշավ մղող Արևմուտքը, այդ տարիներին, տակավին ի վիճակի չէր ըստ արժանվույն հասկանալու և գնահատելու Արցախի ազգային-ազատագրական շարժման էությունը, հայ ժողովրդին հանուն Իրավունքի ու Արդարության վերականգնումի մղած կենաց-մահու կռիվը։ Բայց նույնը չի կարելի ասել վերջին տարիներին ևս համեցող արևմտյան կողնակալության մասին։

Ճիշտ է, իրենց խիղճը վարձու հանած թղթակիցներ ու պատմաբաններ միշտ էլ գտնվել են և, այս պարագայում էլ, բացառություն չեն կազմում այնպիսիները, որոնք պետական միջոցներով միջազգային հանրությանը հրամցվող «Խոջալուի Ցեղասպանության» հերյուրանքի սուտ վկաներն են ուզում դառնալ՝ ձայնակցելով ու ծառայելով ադրբեջանական ու թուրքական աղբյուրների հակահայ քարոզչության` լիաբուռն վարձատրության արժանանալով...

Դժբախտաբար միևնույն դատապարտելի ընթացքի մեջ են հայտնվում նաև միջազգային ատյանների կողմից և նրանց անունով հանդես եկող որոշ հեղինակություններ, որոնք այսօր ևս շարունակում են արցախահայությանը վերագրել Խոջալուի մեջ «ազերիների ցեղասպանության ենթարկված լինելու հանցագործություն»ը։

22 տարի է անցել Խոջալուի վտանգազերծումից այս կողմ։ Վավերագրական մի ամբողջ գրականություն արդեն գոյություն ունի, որպեսզի պատասխանատու դիրքերի վրա գտնվող և հեղինակություն վայելող օտար՝ քաղաքական և դիվանագիտական անձնավորություններն ու շրջանակները մի քիչ ժամանակ տրամադրեն և ստուգեն փաստերը, փոխանակ կուլ տալու ադրբեջանական շաքարապատված... հայամերժ թույները։

Իսկ վավերական փաստերը բազում են՝ նույնինքն Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Մութալիպովի խոստովանություններից սկսելով և հակահայ վերագրումները հետազոտած օտար լրագրողների և պատվիրակությունների զեկույցներից անցնելով, հասնելու համար Խոջալուի արյունալի ողբերգությունից վերապրողների վկայություններին։

Բավական է իբրև խոսուն օրինակ աչքի առջև ունենալ հուշատետրի այս սյունակին կցված զույգ լուսանկարները։ Կոսովոյի ազգամիջյան սպանդը ներկայացնող մի լուսանկար է վերցված Ադրբեջանի կողմից և որոշակի անորոշության դրոշմով, հրամցված է իբրև Խոջալուի մեջ «հարձակապաշտ հայերի կողմից գործված ջարդ»։

Նման հերյուրածո լուսանկարներով է վխտում համացանցը։ Թուրք և ազերի ապատեղեկատվության արշավը դարձել է այնքան լկտի, որ Մ. Նահանգների և Եվրոպայի տարածքը ձեռնարկել է հայկական կողմի գործած իբր թե «Խոջալուի ցեղասպանությունը» ճանաչելու և դատապարտելու ծավալուն արշավ։

Այսպիսի՛ կեղծիքով և հերյուրանքով Ադրբեջանը և Թուրքիան հառաջ են մղում հակահայ ապատեղեկատվության իրենց արշավը՝ այսպես կոչված «Խոջալուի մեջ հայերի գործած ցեղասպանության» մի թղթածրար հնարելով։

Պահանջատեր հայությունն անպատասխան չի թողնում այդ մեծ Կեղծիքի արշավը։ Պետականորեն և Հայ Դատի հանձնախմբերի ճամփով, Հայաստանն ու Սփյուռքը ձեռք-ձեռքի տված՝ վերջին տարիներին փաստագրում են բուն ճշմարտությունը Խոջալուի ողբերգության մասին։

Այսօր արդեն արար-աշխարհին ներկայացված են փաստացի բավարար տվյալներ, որպեսզի մեկընդմիշտ պարզ ու հստակ դառնա ամբողջական ճշմարտությունը՝ Խոջալուի մեջ մեսխեթցի թուրք անզեն բնակչության դեմ նույնինքն ազերի բանակայինների և զինյալների գործադրած սպանդի մասին։

Ալիև հոր՝ Հեյդար Ալիևի մատնահետքերով մի սադրանք էր եղածը սեփական ժողովրդի զավակների դեմ... Եվ ի՞նչ նպատակով. մի կողմից օրվա նախագահ Մութալիպովի դեմ ժողովրդին գրգռելու և իշխանափոխության հեղաշրջում իրականացնելու նպատակով, ապա՝ Բաքվի և Սումգայիթի մեջ հայերի բնաջնջումի դեմ բարձրացած միջազգային դատապարտանքի ալիքին պատասխանելու... «Խոջալուի մեջ հայերի գործած ցեղասպանության» հերյուրանքով և համապատասխան հակահայ ապատեղեկատվությամբ։

Հայաստանն ու հայությունը այսօր ևս շարունակում են, նաև առավել աշխուժությամբ, քաղաքակիրթ աշխարհին ներկայացնել ադրբեջանական-թուրքական հակահայ քարոզչությունը մերկացնող փաստական նյութեր՝ տեսանյութեր, լուսանկարներ և արխիվային փաստաթղթեր։ Մնում է, որ քաղաքակիրթ աշխարհը ղեկավարող ուժերը արդարությունից և ճշմարտությունից վեր չդասեն իրենց նավթային ու ռազմաքաղաքական ինչ-ինչ հաշիվներն ու ախորժակները։ Ժամանակն է, որ որ վերջ տրվի քաղաքական աշխարհը երկու չափով և երկու կշռով ղեկավարելու պատեհապաշտությանը։

Օրացույց