Վրաստանի կառավարությունը սկսում է խստացնել օրենսդրությունը

փետրվար 28, 2018 - 00:25        Viewed: 281       

Վրաստանի կառավարությանը մտահոգում են ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի խախտման բազմաթիվ դեպքերը, և այդ գործընթացի կանխարգելման նպատակով այն սկսել է աշխատել օրենսդրական փոփոխությունների վրա:

Արդարադատության փոխնախագահ Ալեքսանդր Բարամիան ասել է լրագրողներին, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Գերմանիան և ԵՄ մի շարք այլ երկրներն անհանգստություն են հայտնում: Նման իրավիճակը հարցականի տակ է դնում ներկայիս վիզայի ռեժիմի նպատակահարմարությունը: «Շատ ցավալի կլինի, եթե Վրաստանը դառնա երկրի մի շարք քաղաքացիների անբարեխղճության զոհը», -ասել է Բարամիան:

Կառավորությունն առաջարկել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ:

Առաջարկերից մեկն է՝ բարդացնել ազգանվան փոփոխության կանոնները: Ազգանունը չեն կարողանա փոխել հետախուզման մեջ գտնվող անձինք: Ազգանուն փոխել այժմ հնարավոր կլինի միայն համապատասխան հաստատություններ անձամբ ներկայանալու դեպքում, այլ ոչ թե ներկայացուցչի օգնությամբ: Արտերկրում գտնվող անձինք նախկինի պես իրավունք կունենան ազգանվան փոփոխության համար դիմել բնակության երկրում Վրաստանի հյուպատոսություն, սակայն որոշում կայացնելու փուլում նրանք անպայման պետք է Վրաստան վերադառնան տեղում ընթացակարգն անցնելու համար:

Օրենսդրական փոփոխությունների փաթեթը պլանավորվում է քննարկել կառավարության մոտակա նիստին:

*  *  *  *  *  *  *  *

Վրաստանի 19 քաղաքացու, որոնք Քութայիսի- Մյունխեն չվերթով Գերմանիա են մեկնել, թույլ չեն տվել մուտք գործել երկիր: Այս մասին հաղորդում է Վրաստանի ԱԳՆ-ն: «Վրաստանի 10 քաղաքացի Մեմինգեն-Քութայիսի նույն չվերթով հետ է ուղարկվել: Վրաստանի 9 քաղաքացի տեղափոխվել է Մյունխեն քաղաքի օդանավակայանի տարանցիկ գոտի», -ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում:

Թե որն է Գերմանիայի իշխանությունների նման վերաբերմունքի պատճառը, հայտնի չէ: Այդ մասին չեն խոսում նաև Քութայիսի վերադարձած ուղևորները: Նրանցից մեկը լրագրողներին հայտարարել է, որ իրեն, հնարավոր է, Գերմանիա չեն թողել այն պատճառով, որ նա հյուրանոցի ամրագրում չի ունեցել:

Վրացական լրատվամիջոցներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ մի քանի օր առաջ՝ փետրվարի 8-ին, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի նախարարների կաբինետի անդամ Յոահիմ Շտամպը պահանջել է կասեցնել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը: Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս կտրուկ աճել է Վրաստանի այն քաղաքացիների թիվը, որոնք Գերմանիայում են մնում որպես փախստականներ, ինչպես նաև վրացիների կողմից կատարված հանցագործությունների քանակը:

Վրաստանն արդեն ստացել է նմանատիպ զգուշացում Եվրամիությունից: Եվրահանձնաժողովը բաց տեքստով հայտարարում է, որ վրացական քրեական խմբավորումները մեծ խնդիր են դարձել Եվրոպայի համար:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նախարարների կաբինետի արտահերթ խորհրդակցություն է հրավիրել այդ կապակցությամբ: «Վրաստանի կառավարությունը պլանավորում է մի շարք խստացնող միջոցներ ձեռնարկել Վրաստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի ազատականացումից հետո երկրի առջև կանգնած մարտահրավերները չեզոքացնելու համար», -ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում:

ԵՄ և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմը գործարկվել է 2017թ-ի մարտի 28-ին: Այդ օրվանից մինչև նախորդ տարվա դեկտեմբեր առանց վիզայի ռեժիմից օգտվել է Վրաստանի 170 հազար քաղաքացի: Եվրամիությունն իրեն իրավունք է վերապահում կիրառել այսպես կոչված «կասեցման մեխանիզմը»՝ լիբերալ վիզային ռեժիմի վերանայմամբ, եթե Վրաստանը չկատարի իր վրա վերցրած պարտավորությունները:

*  *  *  *  *  *  *  *

Եվրահանձնաժողովը հրապարակել է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ առաջին եզրակացությունները: Փաստաթուղթը հրապարակվել է դեկտեմբերի 20-ին, իսկ հունվարի 23-ին այն դիտարկել է ԵՄ կից ստեղծված հատուկ վիզային խումբը: Հրապարակված եզրակացություններում մի քանի կարևոր խնդիր է արծարծվում, սակայն իրավիճակն ընդհանուր առմամբ այնքան էլ տագնապալի չէ, որպեսզի գործարկվի «կասեցման մեխանիզմը», դա նշանակում է, որ տվյալ պահին ԵՄ և Վրաստանի միջև առանց վիզային ռեժիմին ոչինչ չի սպառնում:

Եվ այնուամենայնիվ խորհուրդների հետ միասին պաշտոնական Թբիլիսին ստացել է նաև Եվրահանձնաժողովի նախազգուշացումը: Վերջինիս եզրակացությունում խոսքը գնում է երկու գլխավոր խնդիրների մասին. Վիզայի ազատականացումից հետո կտրուկ աճել է Վրաստանի այն քաղաքացիների թիվը, որոնք ապաստան են խնդրում: Լուրջ մարտահրավեր է վրաստանցիների ներգրավվածությունը Եվրոպայի կազմակերպված հանցավոր խմբավորումներում: Եվրոպացի փորձագետների տվյալներով՝ հատկապես հաճախ են հանդիպում Վրաստանի քաղաքացիների մասնակցությամբ կողոպուտի և գողության փաստեր Ֆրանսիայում, Հունաստանում, Գերմանիայում, Իտալիայում և Իսպանիայում:

Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունը կարծում է, որ իրավիճակն այնքան էլ ծանր չէ, որպեսզի վերանայվի Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմը: «Վրաստանի ձեռքբերումներն ու Վրաստանի իշխանությունների գործողությունները գնահատվել են ամենադրական ձևով, և մենք ոչ մի հիմք չունենք մտածելու, որ Վրաստանի դեմ կկիրառվի այսպես կոչված կասեցման մեխանիզմի որևէ կետ», -հայտարարել է եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Թամար Գուլորդավան:

Սակայն ընդդիմության ներկայացուցիչներն ու մի շարք փորձագետներ իրավիճակը տագնապալի են անվանում և կոչ անում «Վրացական երազանքին» ժամանակին պարտադիր բարեփոխումներ անցկացնել: «Եվրահանձնաժողովի ուղարկված եզրակացություններն այն բանի անհրաժեշտության ցուցանիշ են, որ իշխանությունները պետք է աշխատեն աշխատանքի տեղավորման հնարավորությունների ավելացման, քրեածին անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Այսինքն՝ պետք է ստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի մարդկանց մոտ հայրենի երկիրը լքելու ցանկություն չառաջանա», -ասում է «Ազգային շարժման» անդամ Նինո Քալանդաձեն:

Ռազմավարական վերլուծության կենտրոնի հիմնադիր Թոռնիկե Շարաշենիձեն կարծում է, որ իշխանություններն իրավիճակը փոխելու մեկ ուղի ունեն՝ տնտեսական իրավիճակի բարելավում: «Իսկ այդ խնդիրն արդեն 25 տարի է՝ Վրաստանի ոչ մի կառավարություն չի կարողացել լուծել», -ասում է Շարաշենիձեն:

Օրացույց