Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվեց Արմեն Սարգսյանը

մարտ 05, 2018 - 00:05        Viewed: 322       

Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում ընտրվեց Արմեն Սարգսյանը: Վերջինս նախագահի միակ թեկնածուն էր, ում առաջադրել էր Հայաստանի իշխող կոալիցիան: Արմեն Սարգսյանի թեկնածությունը հաստատեց Ազգային ժողովի ձայների մեծամասնությամբ. 101 պատգամավորներից 90-ը կողմ քվեարկեցին նրա թեկնածությանը, 10-ը՝ դեմ։

«Ընտրվելու դեպքում իսկապես ամեն ինչ կանեմ, որ լինեմ ձեր բոլորի պատկերացրած նախագահը, ազնվորեն ծառայեմ և իմ համեստ իմաստով փորձառությունը, եռանդը և նվիրվածությունը բերեմ մեր այս մեծ պետությանը, որովհետև իմ համար այս փոքրիկ հայրենիքը մեծ պետություն է, նրա բարգավաճմանը և մեր ժողովրդի հաջողություններին», -խոստացել էր Արմեն Սարգսյանը:

Մինչև նախագահի պաշտոնում առաջադրվելը Սարգսյանը զբաբեղցնում էր Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: 1984-1985 թթ. և1989-1991 թթ. Արմեն Սարգսյանը եղել է օտարերկրյա հետազոտող և դասախոս Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում: 1996թ.-ին նա նշանակվել է Հայաստանի հինգերորդ վարչապետի պաշտոնում, բայց պաշտոնավարել ընդամենը չորս ամիս:

Ավելի վաղ ներկայացվել էին չափանիշներ, որոնց հիման վրա իշխող կուսակցությունը ընտրել է հենց Արմեն Սարգսյանին։ Դրանք էին օտար լեզուների իմացությունը, թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում լայն կապերի առկայությունը, անկողմնակալությունը, հեղինակությունը, անկուսակցականությունը և այլն։

Բացի այս չափանիշներից, սակայն, գոյություն ունեն Սահմանադրությամբ հաստատված չափանիշներ։ Օրինակ՝ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը։

Հայաստանյան մամուլի հրապարակումների համաձայն, Արմեն Սարգսյանը ունեցել է երկքաղաքացիություն. նա հանդիսացել է և ՛ Հայաստանի, և ՛ Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Արմեն Սարգսյանի անունը առկա է Մեծ Բրիտանիայի սպիտակ էջերում, որի տեղեկությունները վերցված են ընտրողների պետական ռեգիստրի՝ 2003-2012 թվականների արձանագրություններից։

Որպեսզի Արմեն Սարգսյանն իրավունք ունենար ընտրվել ՀՀ նախագահ, նա պետք է առնվազն մինչ 2012 թ.-ի մարտի 2-ը հրաժարված լիներ բրիտանական անձնագրից։

Չբացառելով, որ Արմեն Սարգսյանը երկքաղաքացիություն է ունեցել, իշխանությունները ամեն դեպքում պնդեցին, որ նա վերջին 6 տարում եղել է ՀՀ քաղաքացի և նրա բնակությունը չի խանգարում նախագահի թեկնածու առաջադրվելուն:

Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունները տարբերվել էն նախորդ ընտրություններից մի քանի կարևոր կետերով. Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում Հայաստանը փոխեց կառավարման համակարգը՝ դառնալով խորհրդարանական երկիր: Սա նշանակում է, որ պետության ղեկավարը լինելու է ոչ թե նախագահը, այլ՝ վարչապետը, նախագահի պաշտոնն այսուհետ լինելու է խորհրդանշական, ներկայացուցչական, նախագահ են ընտրելու ոչ թե քաղաքացիներն, այլ Ազգային ժողովի պատգամավորները, նախագահն ընտրվում է 7 տարով և կարող է զբաղեցնել այդ պաշտոնը միայն մեկ անգամ, նախագահի ընտրությունները կարող են ընթանալ երկու փուլով, նախագահը պետք է լինի անկուսակցական:

Օրացույց